Լրահոս
Օրվա լրահոսը

ԷԼԻ Ի՞ՆՉ «ՊԱԿՈՍՏ» ԵՔ ՄՈԳՈՆԵԼՈՒ

Դեկտեմբեր 27,2006 00:00

\"\"«Անպայման պիտի տրամադրությունս փչացնե՞ս»,- երեկ մի քանի անգամ ասաց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ տեսնելով «Առավոտի» թղթակցին:

Այս տարի եւս մեկով ավելացավ այն լրատվամիջոցների ցանկը, որոնց չեն հրավիրում Ամանորի եւ Սուրբ ծննդի կապակցությամբ ՀՀ նախագահի մամուլի քարտուղարի հրավիրած ընդունելությանը՝ թերեւս նրանց ներկայությամբ Ռոբերտ Քոչարյանի տոնական տրամադրությունը չփչացնելու ազնիվ նպատակով: Եթերազրկումից հետո նախագահի նստավայրում կազմակերպվող միջոցառումներին ոչ մի անգամ չի հրավիրվել իր գործունեությունն այնուամենայնիվ շարունակող «Ա1+»-ը: Իսկ այս տարի չէին հրավիրել նաեւ «Հայկական ժամանակի» թղթակիցներին: Ավելի՛ն: Երեկ լրագրողների հետ զրույցի ընթացքում Ռոբերտ Քոչարյանը մի քանի անգամ իր անթաքույց դժգոհությունն արտահայտեց «Ազատություն» ռադիոկայանից, նշելով, թե իրենց անցկացրած եռամսյա դիտարկման համաձայն՝ այն գերազանցապես հաղորդում է ոչ հավասարակշռված ու բացասական տեղեկատվություն: Միջանկյալ նկատենք, որ հենց երեկ էլ հրապարակվեցին Gallup հեղինակավոր կազմակերպության նոյեմբերին անցկացված հարցախույզի արդյունքները, ըստ որոնց՝ հայաստանցիների համար ամենանախընտրելին «Ազատության» հաղորդումներն են. ռադիոկայանների մեջ այն առաջին տեղում է իր 18% ցուցանիշով:

«Ոզնու» գլխավոր խմբագիր Արամայիս Սահակյանը մեզ պատմեց, որ Ռոբերտ Քոչարյանին երեկ ընդունելության ժամանակ հիշեցրել է նրա իսկ պատմած մի անեկդոտը. «Ասում էր՝ Պըլը Պուղին Մելիք Շահնազարի հետ տեղ է գնում: Մելիք Շահնազարն ասում է՝ քեզ փող տամ, իմ քիթը մի ծաղրի ժողովրդի մոտ: Պուղին փողը վերցնում է, բայց հետո չի համբերում: Ասում է՝ փողդ վերցրու, քթիդ հալը հալ չի: Հիմա ես էլ նախագահին ասացի՝ մեր լրագրողների հալը հալ չի: Ծիծաղեց»: Ռոբերտ Քոչարյանն «Իրավունքի» խմբագիր Հովհաննես Գալաջյանին էլ մի անեկդոտ պատմեց նրա՝ «բարի փոփոխությունների տարի լինի 2007-ը» մաղթանքին ի պատասխան: «Անեկդոտը զորամասի հրամանատարի եւ 3 ճարպիկ զինվորների մասին էր, որոնց դեմքին հրամանատարը հենց ժպիտ է տեսնում՝ ասում է. «Ապյա՞ծ դումայեծե կակույու պակոստ ուստրոիտ»,- պատմեց Հովհաննես Գալաջյանը:

Թող տպավորություն չստեղծվի, թե երեկ ընդունելության ժամանակ հնչում էին միայն նման փոխադարձ խայթոցներ: Ճիշտ հակառակը: Ասենք, Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը պատմեց, որ Ռոբերտ Քոչարյանին հարց է ուղղել նրա 10 ամսական թոռնիկի մասին. «Հարցնում էի՝ ինչպիսի՞ն է նախագահ պապիկը: Քանի որ շատ սարթ տղամարդկանց գիտեմ, որոնք թոռնիկի առջեւ մոռանում են իրենց բոլոր կոշտությունները, զբաղվածությունը: Հարցրի՝ զբաղվածությունից հետո երբ տուն եք մտնում՝ թոռնիկին տեսնում, թուլանո՞ւմ եք: Ասաց՝ դա բոլորովին ուրիշ զգացում է, անհասկանալի, անծանոթ, բայց շատ հետաքրքիր»:

Երբ Ռոբերտ Քոչարյանը մոտեցավ այն սեղանին, որի շուրջ խմբված էին մասնավորապես «Ազատության» եւ «Առավոտի» թղթակիցները՝ միասնական ջանքերով փորձեցինք ստանալ այն հարցի պատասխանը, թե որն է պետական օրհներգի իր նախընտրելի տարբերակը: Սակայն նա սկզբում հրաժարվում էր գաղտնազերծել եւ ասաց՝ «Պետական գաղտնիք է»: Ռոբերտ Քոչարյանն այսպես բացատրեց իր զգուշավորությունը. «Հենց որ ասեմ՝ ասելու են, լոբբինգ է անում, ճնշում գործադրում»: Մեր հարցին, թե արվեստագետների իրեն ուղղված նամակը, որով Արամ Խաչատրյանի երաժշտությունն էին առաջարկում օրհներգի համար՝ համահո՞ւնչ է իր տրամադրություններին՝ պատասխանեց. «Երաժշտության առումով՝ ես ուղղակի կասկած չունեմ, որ մի քանի գլուխ բարձր է, եւ իսկապես օրհներգ է»: Չհամաձայնեց նկատառմանը, թե այդ երաժշտությունը նույնանում է Սովետական Հայաստանի հետ. «Ձե՛զ համար: Ձեզանից մի քանի տարի երիտասարդների համար այլեւս չի նույնանալու: Բայց ինչո՞ւ եք դուք ձեր տվյալ պահի անձնական զգացումը… Ի վերջո, օրհներգն ընդունվում է ոչ թե 1-2-5 տարվա համար: Հիմա մի սերունդ կա, որի համար դա արդեն որեւէ ասոցիացիա սովետական կարգերի հետ չի կարող առաջացնել ընդհանրապե՛ս: Օրինակ՝ ինձ մոտ չի առաջացնում»: Եվ հիշեցումից հետո էլ, թե ինքն էլ է խորհրդային սերնդի մարդ՝ Ռոբերտ Քոչարյանն էլի պնդեց. «Չի՛ առաջացնում: Կարծում եմ՝ պետք է առաջին հերթին երաժշտության որակի, մակարդակի տեսանկյունից գնահատել: Իսկ գործող օրհներգի երաժշտությունն ուղղակի շատ թույլ է՝ եւ աղքատիկ»: Իր խոստովանությամբ՝ ափսոսանքով նշեց այն փաստը, որ մրցութային հանձնաժողովն այդպես էլ բառեր չընտրեց այդ մեղեդու համար. «Եթե լինեին նաեւ բառերը՝ ես այս գործի մեջ շատ ակտիվ դերակատարություն կունենայի»:

Երեկ էլ լրագրողների հետ զրույցի ընթացքում Ռոբերտ Քոչարյանը պնդեց, թե ինքը դերակատարություն չունի ընտրությունների կազմակերպման եւ անցկացման մեջ, ավելի ստույգ՝ այն սահմանափակվում է ընտրական հանձնաժողովներում նախագահի մեկ ներկայացուցչով: Ուստի իզուր էր ԱԼՄ ղեկավար Տիգրան Կարապետյանն ասում. «Համարում եմ, որ հաջորդ տարին՝ 2007-ը վճռական է: Եթե կեղծվեն ընտրությունները…»: Ընդհատեցինք՝ հետաքրքրվելու, թե ասե՞լ է այդ մասին նախագահին, սակայն Կարապետիչն ասաց. «Չեմ ասել՝ ձե՛զ եմ ասում: Իրան ի՞նչ ասեմ, ինքը կանի այնպես, ինչպես պետք է անի: Եթե կեղծվեն՝ կեցցե մայիսի 1-ը: Ուրեմն՝ էլ բան ու գործ չկա»: Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը զարմացավ «եթե կեղծվեն» արտահայտությունից. «Այդ եթե-ն չհասկացա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել