Լրահոս
Օրվա լրահոսը

56 ՀԱԶԱՐ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ԵՎ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՋԵՌՈՒՑՎՈՂ ՈՒ ՀԱՐՄԱՐԱՎԵՏ ԴԱՍԱՍԵՆՅԱԿՆԵՐ

Դեկտեմբեր 26,2006 00:00

\"\"Համաշխարհային բանկի եւ ՀՀ կառավարության կողմից տրամադրված միջոցներով Հայաստանի վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամը իրականացնում է Քաղաքային ջեռուցման ծրագիր:

Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ կնքված համաձայնագրի շրջանակներում իրականացվում է Քաղաքային ջեռուցման ծրագիրը: Քաղաքային ջեռուցման ծրագրի նպատակն է՝ ընդլայնել մաքուր, արդյունավետ, ապահով եւ մատչելի ջեռուցման տեխնոլոգիաների օգտագործումը հանրապետության քաղաքային դպրոցներում եւ բազմաբնակարան շենքերում:

Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ 2005թ.-ին կնքվել է 10.0 մլն SDR գումարով վարկային համաձայնագիր, որը վավերացվել է 2005թ.-ի նոյեմբերի 11-ին՝ ՀՀ Ազգային ժողովի կողմից: 2006թ. փետրվարին Ծրագիրը Համաշխարհային բանկի կողմից արդյունավետ է ճանաչվել եւ նախատեսվում է ավարտել 2009թ.-ի դեկտեմբերի 31-ին: Ծրագրի արժեքը կազմում է 16.8 մլն ԱՄՆ դոլար, որից վարկային միջոցները՝ 15.0 մլն ԱՄՆ դոլար, իսկ ՀՀ կառավարության համաֆինանսավորումը՝ 1.8 մլն ԱՄՆ դոլար:

Հիմնադրամը դրամաշնորհ է ստացել նաեւ «Արդյունքահեն օգնության գլոբալ գործընկերություն» հիմնադրամից, որը եւս ուղղվելու է նույն խնդիրների լուծմանը:

Ծրագրի բաղադրիչները

Ծրագիրը բաղկացած է մի քանի բաղադրիչներից՝ Համայնքային եւ մասնավոր հատվածի համախմբում, ջեռուցման եւ դրան առնչվող ենթակառուցվածքների ֆինանսավորում, դպրոցների ջեռուցում: Սրանց շրջանակներում նախատեսված են օրենսդրական դաշտի բարելավում եւ գազի ու ջեռուցման ծառայությունների կանոնակարգերի, անվտանգության ստանդարտների, մատակարարների եւ սարքավորումների համար վկայագրերի մշակում, համատիրությունների, ջերմամատակարար ընկերությունների եւ տեղական կազմակերպությունների կարողությունների զարգացում՝ համայնական ջեռուցման համակարգերի անցկացման համար, հանրային օժանդակության եւ իրազեկման քարոզարշավների իրականացում եւ տեխնիկական աջակցություն՝ ենթավարկերի նախապատրաստման համար: Ծրագիրը ենթավարկեր է տրամադրում՝ բնակարանատերերի համար ջեռուցման ծառայությունների մատչելիությունն ընդլայնելու համար, բազմաբնակարան շենքերում ապրող սոցիալապես անապահով ընտանիքներին բարելավված ջեռուցման ծառայություններից օգտվելու համար ապրանքներ, ծառայություններ եւ դրամաշնորհներ է տրամադրում: Որոշակի ընթացակարգով ընտրված դպրոցներին ապրանքներ, աշխատանքներ եւ խորհրդատվական ծառայություններ է տրամադրում՝ գազով աշխատող տեղական ջեռուցման համակարգերի տեղադրման եւ վերականգնման համար:

Բնակարանատերերի համար ջեռուցման ծառայությունները մատչելի դարձնելու նպատակով, Ծրագրի շրջանակներում փոխառություն է տրամադրվում մասնակից ֆինանսական հաստատություններին՝ շահառուներին վարկավորելու նպատակով: Ծրագրի շահառու կարող է լինել ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, այդ թվում՝ համատիրություն: Սույն Ծրագրով նախատեսվել է ընդգրկել բազմաբնակարան շենքերում բնակվող շուրջ 7000 ընտանիք:

Տրամադրվող ենթավարկերը դասակարգվում են երկու խմբի՝ մինչեւ 5000 ԱՄՆ դոլար գումարով ենթավարկեր՝ անհատական ներբնակարանային ջեռուցման համակարգերի վերականգնման աշխատանքները եւ/կամ անհատական ջեռուցող սարքավորումների ձեռքբերումը, ներբնակարանային գազիֆիկացման աշխատանքները ֆինանսավորելու նպատակով եւ 5000 ԱՄՆ դոլարից ավելի գումարով ենթավարկեր, որոնք կօգտագործվեն ջեռուցման համակարգերի տեղադրման կամ վերականգնման լայնածավալ ծրագրեր իրականացնելու համար:

Դպրոցների ջեռուցման բաղադրիչ

Սույն բաղադրիչի շրջանակներում նախատեսվել է վերականգնել շուրջ 100 քաղաքային դպրոցների ջերմամատակարարման համակարգեր: Այս բաղադրիչի ներքո առաջարկվող ֆինանսավորումից օգտվելու իրավասություն ունեն Երեւանից դուրս գտնվող բոլոր այն քաղաքային դպրոցները, որոնցում առկա են բավարար տեխնիկական եւ նախագծային պայմաններ, ինչպես նաեւ՝ տվյալ տարածքում գազի, ջրի եւ էլեկտրաէներգիայի մատակարարման հնարավորություն: Դպրոցները ընտրվում են՝ հիմք ընդունելով մեկ աշակերտի հաշվով ներդրումների ծախսային արդյունավետության չափանիշը, ինչպես նաեւ աղքատության, բնակլիմայական եւ աշխարհագրական պայմաններից բխող առաջնահերթությունը: Առաջադրված չափանիշներին համապատասխանող քաղաքային բոլոր դպրոցներում ներդրումներ կատարելուց հետո, բաղադրիչի մնացորդային միջոցների առկայության դեպքում, դրանք կհատկացվեն Երեւան քաղաքի դպրոցներին: Դպրոցների ցանկը ձեւավորելու նպատակով Հիմնադրամի կողմից իրականացվել է դպրոցների նախնական գնահատում՝ ըստ հետեւյալ դասակարգման չափանիշների.

Դպրոցների շենքի գտնվելու վայրը.

Ըստ այս չափանիշի, առաջնահերթությունը տրվում է աղքատ եւ/կամ բնակլիմայական խիստ պայմաններ ունեցող աշխարհագրական տարածքներում գտնվող քաղաքներին:

Դպրոցների շենքերի տեխնիկական վիճակը.

Ըստ այս չափանիշի, ընտրվում են վթարայնության 2-րդ աստիճանից ոչ բարձր դպրոցները:

Գազամատակարարման համակարգերի առկայություն.

Մինչեւ 150 մ հեռավորության վրա գտնվող գործող գազատարի առկայություն:

Դասակարգման չափանիշները բավարարող դպրոցների ընտրության ժամանակ նախապատվությունը տրվում է մեկ աշակերտի հաշվով փոքր ներդրում պահանջող դպրոցին:

2005-08թթ.-ին իրականացվող քաղաքային դպրոցների ջերմամատակարարման վերականգնումը

Համաշխարհային բանկի կողմից տրամադրվող Քաղաքային ջեռուցման վարկային ծրագրի բաղադրիչ է հանդիսանում քաղաքային դպրոցների ջերմամատակարարման վերականգնումը, որի համար նախատեսված է 5 մլն ԱՄՆ դոլար: Ըստ համաձայնագրի, ծրագիրը սկսվել է 2005 թվականին եւ կավարտվի չորս տարի հետո, որի ընթացքում կվերականգնվեն հանրապետության 47 քաղաքների /բացառությամբ՝ Երեւանի/ շուրջ 100 դպրոցների գազի վրա հիմնված ջերմամատակարարման համակարգերը:

2005 թ. տվյալներով, ջեռուցման կարիք ունեն հանրապետության քաղաքների /բացի Երեւան քաղաքից/ շուրջ 202 դպրոցներ, որոնցում սովորող աշակերտների փաստացի թիվը կազմում է շուրջ 87000 աշակերտ:

2006թ. մայիս ամսվա տվյալներով, այլ ծրագրերով իրականցվել եւ իրականացվում է 24 դպրոցների ջերմամատակարարման վերականգնումը: Գեղարքունիքի մարզի Սեւան եւ Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ, Ալավերդի քաղաքների դպրոցների մեծ մասը՝ 27 դպրոց, ջեռուցվում են գազի վառարաններով: Մի շարք քաղաքներ՝ Թումանյան, Շամլուղ, Ագարակ, Մեղրի՝ ընդհանրապես գազիֆիկացված չեն, սակայն ունեն թվով 5 դպրոցների ջերմամատակարարման վերականգնման կարիք:

2005 թվականին Քաղաքային ջեռուցման ծրագրով իրականացվել է 13 դպրոցների ջեռուցումը: Նշված դպրոցների ջերմամատակարարման վերականգնման ներդրումները կազմել են 127465 հազար դրամ, որից 101972 հազար դրամը վարկային միջոցներ են, իսկ 25493 հազար դրամը՝ ՀՀ պետական բյուջեի համաֆինանսավորում: Տեղակայվել են շուրջ 3000 կՎտ ընդհանուր հզորության 12 կաթսաներ, կառուցվել եւ վերականգնվել են կաթսայատներ, արտաքին ջերմային ցանցեր, գազատարներ, ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգեր, ներքին ջերմային ցանցեր եւ այլ ինժեներական կոմունիկացիաներ: Այս աջակցության շնորհիվ բարելավվել է ավելի քան 6000 աշակերտների եւ ուսուցչական անձնակազմի ուսուցման եւ աշխատանքային պայմանները: Դասասենյակներում միջին ջերմաստիճանը կազմել է 18-22 աստիճան՝ միջանցքներինը՝ 16-20: Ջեռուցվել է ընդհանուր առմամբ 41.2 հազար քմ մակերես:

Ներկայումս իրականացվում են 32 դպրոցների ջերմամատակարարման համակարգերի վերականգնման աշխատանքները:

Ծրագրի այս բաղադրիչի շրջանակներում կատարված ընդհանուր ներդրումները կազմում են 744,671.7 հազար դրամ, որից վարկային միջոցներ են 595,737.4 հազար դրամ, ՀՀ բյուջետային միջոցները՝ 148,934.3 հազար դրամ:

Տեղակայվել են շուրջ 11,000 կՎտ ընդհանուր հզորության 53 կաթսաներ: 2006թ. դեկտեմբերի առաջին տասնօրյակի դրությամբ նախատեսված 32 դպրոցներից 30-ի ջեռուցման համակարգերն արդեն շահագործվում են, առաջիկայում կշահագործվեն մնացած 2 դպրոցների ջեռուցման համակարգերը: Եվ այս դպրոցների ջեռուցումով կբարելավվեն մոտ 17,000 աշակերտների եւ ուսուցչական անձնակազմի ուսուցման եւ աշխատանքային պայմանները:

Քաղաքային ջեռուցման ծրագրի համաձայն, 2007-08թթ. կվերականգնվեն 55 դպրոցների ջերմամատակարարման համակարգերը: Խնայողությունների դեպքում այդ թիվը կարող է ավելանալ: Դպրոցների ջեռուցման համար անհրաժեշտ կլինի ներդնել մոտ 1,280,000 հազար դրամի ներդրումներ: Ջեռուցելով 55 դպրոցներ՝ կբարելավվեն մոտ 33 հազար աշակերտների եւ ուսուցչական անձնակազմի ուսուցման եւ աշխատանքային պայմանները:

Այսպիսով, ծրագրի ավարտին շուրջ 100 եւ ավելի դպրոցներ կջեռուցվեն, որի արդյունքում 56 հազար աշակերտներ ու ուսուցիչներ ամբողջ ձմեռվա ընթացքում կարող են դասերն անցկացնել տաք, ջեռուցվող, հարմարավետ դասասենյակներում:

Ծրագրի հիմնական առավելությունները

Նման ձեւով ջեռուցվող դպրոցներում ապահովվում է բարձր հարմարավետություն, բարձրանում է հակահրդեհային անվտանգության աստիճանը, լուծվում է նաեւ բնապահպանական անվտանգության խնդիր՝ կրճատվում է մթնոլորտ արտանետվող ածխաթթու եւ այլ թունավոր գազերի քանակը: Այլ վառելիքներով ջեռուցման համեմատ /փայտ, դիզելային վառելիք, էլեկտրաէներգիա/, ֆինանսական տեսակետից ավելի խնայողական է եւ, վերջապես, դպրոցի շենքը հավասարապես ջեռուցելով՝ կոնստրուկցիաները դանդաղ են մաշվում, հետեւաբար՝ երկարում է շենքի ծառայության ժամկետը: 2005-2006թթ. քաղաքային ջեռուցման ծրագրով ջեռուցվում են 45 դպրոցներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել