ԳԱԱ ընտրություններին հաջորդող մեր հրապարակումները բավական մեծ արձագանք են ունեցել:
Մենք տոներից հետո կշարունակենք ներկայացնել մեր գիտնականների կարծիքները ԳԱԱ-ում տիրող մթնոլորտի, ինտրիգների եւ այն ամենի մասին, ինչի շուրջ մինչ այժմ գրեթե չէր խոսվում կամ խոսվում էր փսփսոցով, պատերի տակ, իրար ականջի: Այս օրերին բազմաթիվ գիտնականներ մեզ զանգում ու հայտնում են իրենց զայրույթը, զարմանքը՝ ԳԱԱ-ում տեղի ունեցածի առնչությամբ: Օրինակ, դրանցից մեկը վերաբերում է ազգագրություն մասնագիտությամբ ընտրված Լեւոն Աբրահամյանի թեկնածությանը: Ամենեւին չենք ուզում նսեմացնել ազգագրագետի վաստակը, ընդունում ենք, որ նա ճանաչում ունի նաեւ արտերկրում: Սակայն շատերին է զարմացնում այն փաստը, թե ինչպես պատահեց, որ ասպարեզում ունենալով մի քանի դոկտորներ, ազգագրության ոլորտում դարձյալ մեծ համբավ ունեցող թեկնածուներ, հանկարծ ընտրվում է գիտությունների թեկնածուն: Մեր տեղեկություններով, այս տեղի համար նախապես ցանկություն են հայտնել եւ իրենց թեկնածությունը ներկայացրել հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի աշխատակիցներ, գիտությունների դոկտորներ Էմմա Պետրոսյանը եւ Լիլյա Վարդանյանը (վերջինս ինստիտուտում նաեւ բաժնի վարիչ է): Սակայն, իմանալով, որ կառավարությունը եւ մասնավորապես Ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի վարչության պետ Հրանուշ Խառատյանն աշխատում է Լ. Աբրահամյանին առաջ մղելու ուղղությամբ, հրաժարվել են ներկայացնել իրենց թեկնածությունը: Երեկ մեզ հետ զրույցում ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը գովեստի խոսքեր ասաց ընտրված թեկնածուի հասցեին, ապա ավելացրեց, որ, իսկապես, գիտխորհուրդը քննարկել է 3-ի թեկնածությունն էլ, սակայն մեր նշած երկու կանայք ինքնաբացարկ են հայտնել, ու իբրեւ միակ թեկնածու առաջադրվել է Լ. Աբրահամյանը: Ի դեպ, կառավարությունն առաջին անգամ է ազգագրություն մասնագիտությամբ թղթակից անդամի տեղ իջեցրել, եւ մեր տեղեկություններով՝ հենց Լ. Աբրահամյանի համար:
ԳԱԱ թղթակից անդամ ընտրված, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Գառնիկ Անանյանը, ով ակադեմիական շրջանակներում, ըստ մեր դիտարկումների, ընտրվածների մեջ անցանկալիների շարքում էր եւ ում եւս ընտրության հարցում օգնել են վերեւներից (մասնավորապես քույրը՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանի խորհրդական Ջեմմա Անանյանը՝ իր շեֆի միջամտությամբ), կարծում է, որ ԳԱԱ ընտրությունները մեր երկրում անցկացվող ընտրություններից ամենաարդարն են: «Իմ տպավորությամբ, այդ ընտրությունները նորմալ են անցել: Նույնը կարող եմ ասել նախորդ ընտրությունների մասին: Ակադեմիան այնպես, ինչպես որ կա, իր կառուցվածքով, այսօր մեր ժողովրդին պետք է: Այդ ակադեմիայում ընտրություններն անցնում են շատ ավելի լավ, քան որեւէ այլ ընտրություն: Պետք է ասեմ, որ ակադեմիկոսները բավականին ինքնուրույն մարդիկ են՝ որպեսզի քաղաքական ուժերի ենթարկվեն, որը բոլորովին չի նշանակում, որ նրանց վրա արտաքին ազդեցություններ չեն լինում: Բայց դա այնքան քիչ է պատահում, որ ընդհանուր արդյունքի վրա չի ազդում»: Պրն Անանյանին հիշեցրինք, որ համալսարանական շրջանում լուրեր էին տարածվել, թե իրեն ընտրություններում սատարում է նաեւ Սերժ Սարգսյանը, եւ որ այդ լուրերի հեղինակը հենց ինքը՝ Գ. Անանյանն է եղել: Իհարկե, ընտրություններից հետո այս լուրերն սկսեցին հերքվել, ինչին մենք արդեն անդրադարձել ենք. «Բացարձակ սուտ է: Գառնիկ Անանյանը չէր կարող նման հայտարարություն անել, եթե նույնիսկ հովանավորելիս էլ լիներ: Այդքան միամիտ ու պարզամիտ չի կարելի լինել: Ձեր հրապարակումներից մեկում էլ նշել էիք, թե Հրանուշ Հակոբյանն է ինձ հովանավորում: Ես սպասում եմ «Առավոտի» հաջորդ համարին, որտեղ հավանաբար իմ հովանավորը Ռոբերտ Քոչարյանը կլինի»: