Լրահոս
Օրվա լրահոսը

«ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ»՝ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ

Դեկտեմբեր 26,2006 00:00

\"\"Մայրաքաղաքից դուրս լրագրողների աշխատանքը շատ ավելի բարդ է

«Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն» Բաց հասարակության ինստիտուտի հիմնադրամի եւ Նիդեռլանդների կառավարության աջակցությամբ երկու օր շարունակ ուսումնասիրում էր Վանաձորի լրատվամիջոցների գործունեությունը, մասնավորապես՝ բազմակարծության ապահովման տեսակետից: Վանաձորում գործում են «Միգ», «ՎաԲա», «Լոռի» հեռուստաընկերությունները, տպագրվում են «Լոռու մարզ», Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի «Քաղաքացիական նախաձեռնություն» եւ գրական «Երկունք» թերթերը:

Վանաձորի Տիգրան Մեծի 59/61 հասցեում գործող թերթի կրպակում առավոտյան ժամը 9.10-ի սահմաններում ապառվեցին մայրաքաղաքային թերթերը՝ «Առավոտը», «Հայկական ժամանակը», «Իմ իրավունքը»: Թերթավաճառը՝ Հրանուշ Սարգսյանը մեզ հետ զրուցելիս ասաց, որ «պարտքով» թերթ չեն վերցնում, տեղում կարդացողներ էլ չկան: Չնայած քիչ այն կողմ գտնվող Հելսինկյանների գրասենյակում ասեղ գցելու տեղ չկա. տասնյակ քաղաքացիներ գալիս են այստեղ՝ նաեւ թերթ կարդալու:

«Լոռու մարզի» գլխավոր խմբագիր Մանվել Միկոյանը տեղեկացնում է, որ թերթը տպագրվում է 1000 օրինակով, ամիսը 2 անգամ: Ըստ խմբագրի, «ԼՄ» լրագրողների նկատմամբ ճնշումներ չկան: Թերթն ապաստանել է մարզպետարանի շենքում՝ չնայած իր կարգավիճակով անկախ է: Թերթն ապահովված չէ ինտերնետ կապով: Ունի թղթակիցներ Տաշիրում, Ալավերդիում, Ստեփանավանում, բայց կապի հետ կապված խնդիրների պատճառով դեպքերից հաճախ հետ է ընկնում: Վանաձորում դեկտեմբերին մի քանի նշանակալի իրադարձություններ էին եղել, որոնց տեղական լրատվամիջոցները (այդ թվում՝ «Լոռու մարզը») չէին անդրադարձել:

Դեկտեմբերի 16-ին Հովհ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի դահլիճում չթույլատրվեց «Ժառանգություն» կուսակցության հավաքը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի մասնակցությամբ, ուստի հանդիպումը տեղափոխվել էր թատրոնի բակ: Երկրորդ ուշագրավ, բայց չլուսաբանված իրադարձությունը տեղի ունեցավ մարզխորհրդի արտահերթ նիստի ժամանակ (դեկտեմբերի 8-ին), երբ արգելել էին լրագրողներին լուսաբանել նիստը, իսկ դռնփակ նիստի ընթացքում էլ «Ալաբաշ» մականունով Օձունի գյուղապետը՝ Մելիք Այվազյանը վիրավորական արտահայտություններով էր դիմել «Լոռի» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Նարինե Ավետիսյանին: Հնչել էր անգամ սպառնալիք. «Լոռի» ստուդիան տրաքացնելու ենք»:

«Լոռու մարզի» խմբագիրն ասաց, որ Երեւանում է գտնվել, այդ պատճառով «Ժառանգության» հանրահավաքից տեղյակ չի եղել: «Առավոտի» այն հարցին, թե որեւէ խոչընդոտ չէ՞ր լինի «Ժառանգության» հավաքը լուսաբանելու համար, խմբագիրը պատասխանեց՝ ոչ: Սակայն «Ժառանգության» տեղական կառույցի նախագահ Գառնիկ Սահակյանն «Առավոտին» ասաց, որ չի վստահում «Լոռու մարզ» թերթին եւ որ այդ թերթը վախենում է ընդդիմության հավաքները լուսաբանել: Նա նաեւ տեղեկացրեց, որ կուսակցության հայտարարությունները փակցված են եղել պատերին (իսկապես՝ միայն Տիգրան Մեծի փողոցում 24 հատ էր, հաշվեցինք- Ռ.Մ.):

Հանրահավաքից եւ մարզպետարանի փակ նիստից անտեղյակ էր «Միգ» եւ «ՎաԲա» հեռուստաընկերությունների գործադիր տնօրեն Սամվել Հարությունյանը: Ըստ լուրերի, երկու հեռուստաընկերություններին էլ «տիրություն է անում» ԱԺ իշխանամետ պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը: «Ընկերությունը գործում է ազատ, շինած բաներ չեմ սարքում»,- «Առավոտին» ասաց Ս. Հարությունյանը: Ըստ նրա, TV-ի եւ լրագրողների նկատմամբ որեւէ ճնշում չկա, այս տարի չի եղել: Տնօրենի խոսքերով, TV-ն լուսաբանում է միայն այն միջոցառումները, որոնց լրագրողներին հրավիրում են: Այսօր TV-ն պատրաստ է եթերաժամ տրամադրել տարբեր կուսակցությունների տեղական մասնաճյուղերին, բայց «կես տարի հետո չգիտեմ՝ ինչ կլինի»,- խոստովանում է Ս.Հարությունյանը:

«Լոռի» TV-ի գործադիր տնօրեն Նարինե Ավետիսյանը «Առավոտին» ասաց, որ «Ժառանգություն» կուսակցության Վանաձորի նախագահը տեղեկացրել էր հանրահավաքի մասին, սակայն մերժման մասին իրենք չգիտեին: Դեկտեմբերի 20-ի «ուղիղ եթերով» գործադիր տնօրենը հաստատեց մարզխորհրդի արտահերթ նիստի միջադեպը, երբ մականունավոր գյուղապետը սպառնացել էր իրեն: Սա այս տարվա թվով երրորդ միջադեպն էր: Փետրվարին, երբ քաղաքապետը 70 դրամից 100 դրամ դարձրեց քաղաքային երթուղայինների վարձավճարները, գծատերերից մեկը հետեւել էր լրագրողին եւ փորձել խանութում գարեջրի շշով հարվածել նրան: Երկրորդ միջադեպին «Առավոտն» անդրադարձել էր մայիսի 17 եւ 19-ի համարներում: Այն կապված էր Ն. Ավետիսյանի՝ 03ՍԼ688 մեքենայի քարկոծման հետ: «Լոռի» TV-ի թղթակից Լուսինե Սարգսյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ հույս չունի, թե գործադիրի ճնշումները չեն շարունակվի՝ ՏԻՄ ընտրությունների դառը փորձից ելնելով:

Հ. Գ. Վանաձորի լրատվամիջոցները «Շանթից» էին տեղեկացել, որ իրենց մարզպետին՝ Հենրիկ Քոչինյանին ազատել են աշխատանքից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել