Լրահոս
Օրվա լրահոսը

Շուկաները փողոցները գրավել են

Դեկտեմբեր 26,2006 00:00

Տոնավաճառների տերերին մտահոգում է միայն իրենց բիզնեսը

Նախատոնական այս օրերին բոլոր տոնավաճառներին հարակից ճանապարհները ավտոմեքենաներով խցանված են: Շաբաթ եւ կիրակի օրերին «Տաշիրի», Մալաթիայի շուկայի, «Ռոսիայի» եւ «Հրազդանի» տոնավաճառների մոտով անցնելու համար ժամեր են պահանջվում: Բացի այն, որ փողոցներն այս օրերին ասիական փնթի շուկաներ են հիշեցնում, առեւտրականներն էլ իրենց հերթին ընդլայնելով կրպակների տարածքները, խանգարում են երթեւեկությանը:

Խայտառակ վիճակ է հատկապես «Հրազդանի» տոնավաճառի մերձակայքում: Ուրբաթ կեսգիշերից սկսած՝ այնտեղ մեծածախ առեւտրի շուկա է գործում եւ շուրջ երկու օր առեւտրականներն իրենց բեռնատար մեքենաներով «բիրիքնոցից» ապրանք են գնում: Իսկ այդ ընթացքում շուկայի մերձակայքով նույնիսկ քայլել հնարավոր չէ:

Այս առնչությամբ «Հրազդան» հոլդինգի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Թամարա Սարգսյանը «Առավոտին» պարզաբանեց, որ իրենց տնօրինության կողմից ստեղծված են բոլոր համապատասխան պայմանները՝ խցանումներ թույլ չտալու համար, քանի որ բավականին մեծ տարածքներով կայանատեղեր են ստեղծվել:

Նկատենք, որ շաբաթ-կիրակի օրերին տոնավաճառի տնօրինության կողմից ձեռնարկված այդ միջոցը չի գործում, որովհետեւ տոնավաճառի մեքենաների կայանելու համար նախատեսված այդ ավտոկանգառը նույնպես վերածվում է շուկայի եւ մեքենաները ստիպված կայանում են փողոցում՝ խոչընդոտելով երթեւեկությանը:

Ըստ Թ. Սարգսյանի, «Հրազդան» հոլդինգը «Արմմոբիլ» ընկերության հետ պայմանագիր ունի, ըստ որի՝ ընկերության աշխատակիցները պետք է հետեւեն, որ շուկայի տարածքում երթեւեկության կարգուկանոն լինի, բայց նրանք շուկայից դուրս երթեւեկության խառնաշփոթի համար պատասխանատու չեն: Դա պետավտոտեսչության գործն է: Տոնավաճառի պատասխանատուները չժխտեցին, որ իսկապես խցանումներ լինում են, բայց, նրանց խոսքերով՝ «Հո չե՞նք կարող առեւտուր անողներին ասել, թե այդտեղ չկանգնեն: Առանց այն էլ 200 դրամ են վճարում կայանելու համար: Մարդն ասում է՝ 5 րոպեից գնալու եմ, դրա համար արժե՞ կայանատեղում տեղ զբաղեցնել»:

Քանի որ մեր երկրում տոնավաճառները հաստատագրված հարկ են վճարում, տոնական օրերին իրենց սրտի ուզածի չափով տոնավաճառի սահմաններն ընդլայնում են եւ դրա դիմաց ավելի հարկ չեն մուծում: Արդյունքում՝ գործարարի բիզնեսը շահում է, իսկ պետբյուջե դրանից ոչ մի կոպեկ չի մտնում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել