Հին Երեւանից գրեթե բան չի մնացել
Այստեղ միանգամից մի քանի պատմամշակութային հուշարձան է քանդվել՝ նախկին Սպայի տունը, քաղաքային ակումբը, Ջանփոլադյանի թատրոնը:
Նահանգապետի գրասենյակից միայն այս պատն է պահպանվել:
Արամի 34 հասցեում գտնվող այս ավերակը նախկինում որմնանկարիչ Խաչատուր Թադեւոսյանի տունն է եղել: Այն ընդգրկվել է հուշարձանների ցանկում, քանի որ տան պատերը նախշազարդված են եղել:
Տարեցտարի Երեւան քաղաքի պատմության եւ մշակույթի հուշարձանների ցանկում տեղ գտած շենքերը պակասում են: Պատճառն այն է, որ կառավարությունը, այդ պատմամշակութային արժեքները պահպանելու փոխարեն, դրանք մեկը մյուսի հետեւից վաճառում է: Ըստ «Պատմամշակութային հուշարձանների պահպանության մասին» օրենքի, այդ շենքերից մեկ քար անգամ չի կարելի տեղաշարժել, մինչդեռ հուշարձան հանդիսացող շենքերի գնորդները ոչ միայն ձեւափոխում են շենքն ամբողջությամբ, այլեւ երբեմն հիմքից այն քանդում են:
2004-ին կառավարությունը հաստատել էր Երեւան քաղաքի պատմամշակութային հուշարձանների պետական ցանկը, ըստ որի՝ պատմական արժեք ներկայացնող 102 շենք ունեինք, սակայն այս երկու տարիների ընթացքում դրանցից 11-ն արդեն գոյություն չունի: Դրանց մեծ մասի տարածքում այժմ «էլիտար» շենքեր են վեր խոյացել:
Սա հարուցել է մի խումբ ճարտարապետների դժգոհությունը, որոնք վարչապետին ուղղված նամակում ահազանգել են, թե մայրաքաղաքն ինչպիսի արժեքներ է կորցրել: Վարչապետն էլ դիմումը մակագրել է Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանին: Նա թեեւ բողոքող ճարտարապետների հետ հանդիպել է ու քննարկել խնդիրը, բայց ոչ մի հուշարձան կառուցապատումից չի կարողացել փրկել, որովհետեւ գնորդներն արդեն ունեցել են շինարարության համար հաստատված հատակագիծ: Ճարտարապետ Մարիետա Գասպարյանի խոսքերով՝ «Իշխանավորները պատմամշակութային նշանակություն ունեցող հուշարձանների հաշվին են սկսել հարստանալ, փողեր աշխատել: Սամվել Դանիելյանն իր ամեն մի ելույթում ասում է՝ մենք Երեւանի կոլորիտը պահպանելու ենք, բայց ոչինչ էլ չի պահպանվում, այժմ 19-րդ դարի հուշարձաններին է հերթը հասել, քանդում են՝ տեղում էլիտար շենք են կառուցում, որտեղ ապրում է մի սփյուռքահայ, որը տարվա կեսը գալիս է, կեսը՝ գնում: Քաղաքի միջավայրն էլ է փոխվում, հին Երեւանը, կարելի է ասել, գրեթե չի մնացել»:
Վերջերս կառավարությունը սփյուռքահայ Հրայր Հովնանյանին է վաճառել Հանրապետության 37 հասցեում գտնվող պատմամշակութային արժեք հանդիսացող Սփյուռքահայության կոմիտեի շենքը: Այն 1905-1917թթ.-ին եղել է նահանգապետի գրասենյակ, այնուհետեւ դարձել է ՀՀ Մինիստրների խորհուրդ, 1920-40 ականներին՝ Հեղափոխական կոմիտե, Ժողկոմխորհ, ՀՍՍՀ Մինիստրների խորհուրդ, հետո նոր՝ Սփյուռքահայության կոմիտե: Այժմ այդ շենքից մնացել է միայն երկու պատը, մնացածը քանդվել է: Ըստ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող Հարություն Մարությանի, դա նույնն է, ինչ Նոր Ջուղայում ազերիներն արեցին խաչքարերի, թուրքերն էլ՝ մեր եկեղեցիների հետ. «Ի՞նչ տարբերություն, մեր կառավարությունն էլ ներսից է ոչնչացնում մեր երկիրը, ուրիշների արածից վայնասուն են բարձրացնում, իրենց արածը աչքներին չի՞ գալիս»: Քանդված պատմամշակութային հուշարձանների շարքում են նաեւ 1800-ականներին կառուցված Սպայի տունը, Ջանփոլադյանի թատրոնը, քաղաքային ակումբը, Գիլինյանի լիմոնադի գործարանը, որմնանկարիչներ Խաչատուր Թադեւոսյանի, Կարապետ Ազիզյանի եւ այլոց տները: