Լրահոս
Օրվա լրահոսը

«ՁՄԵՌ ՊԱՊԸ» ԾԱՌՈՒԿՅԱՆՆ Է

Դեկտեմբեր 26,2006 00:00

«Ընտրական համակարգեր կենտրոնի» Vox Populi հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնը դեկտեմբերի 17-22-ը հեռախոսային հարցում է անցկացրել 593 երեւանցիների շրջանում:

Հարցմանը մասնակցած 18 եւ ավելի տարիքի մարդիկ պատասխանել են կենտրոնի առաջադրած մի քանի հարցերի, որոնցից մեկը վերաբերել է 2007թ. ԱԺ ընտրություններից նրանց սպասումներին: Ըստ հրապարակված արդյունքների, հարցվածների 65,8 տոկոսի կարծիքով, ԱԺ առաջիկա ընտրություններն ավելի ժողովրդավարական չեն լինի, քան նախորդը։ Հարցվածների միայն 25,4 տոկոսն է հույս հայտնել, որ դրանք նախորդ ընտրություններից ավելի ժողովրդավարական կլինեն, իսկ 8,8 տոկոսը դժվարացել է պատասխանել առաջադրված հարցին:

Հարցմանը մասնակցած երեւանցիների 15 տոկոսի կարծիքով, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը համարվել է Հայաստանում հայտնի այն անձը, ում իրենք կվստահեին 2007թ. «Ձմեռ պապի» դերը: ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանի անունը մատնանշել է հարցվածների 11,8, Ռոբերտ Քոչարյանինը՝ 11,3, Հրանտ Թոխատյանինը՝ 7,5, Անդրանիկ Մարգարյանինը՝ 5,9 տոկոսը:

Կենտրոնը միաժամանակ որոշել է պարզել հարցվածների վստահության աստիճանը հանրային ինստիտուտների նկատմամբ։ Ըստ այդմ, ՀՀ նախագահին չի վստահում 12,4 , ԱԺ-ին՝ 30,9, ՀՀ կառավարությանը՝ 7,1, ՀՀ վարչապետին՝ 2, ՀՀ բանակին՝ 1,8, Երեւանի քաղաքապետարանին ու թաղապետարաններին հարցվածներից չի վստահում համապատասխանաբար 12,9 եւ 14,9 տոկոսը:

Ըստ հարցման արդյունքների, 2006 թ. «Տարվա մարդը» Հայաստանում համարվել է Գագիկ Ծառուկյանը: Երեւանցիների 13,5 տոկոսը հենց նրա անունն է նշել ի պատասխան այն հարցի, թե՝ «Ըստ Ձեզ, 2006թ. ո՞ւմ կարելի է անվանել «Տարվա մարդ» Հայաստանում»։ Այս ցանկում Ռոբերտ Քոչարյանի անունը մատնանշել են հարցվածների 11,8, Անդրանիկ Մարգարյանինը՝ 10,9, իսկ Սերժ Սարգսյանինը՝ 3,7 տոկոսը:

Աշխարհում որպես 2006թ. «Տարվա մարդ» երեւանցիները նշել են Շառլ Ազնավուրի անունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել