Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԻՄ-ը «փողոցում ընկած ռեսո՞ւրս» էր

Դեկտեմբեր 26,2006 00:00

Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանն այսօր 14:30-ին պիտի որոշում կայացնի՝ անվավեր ճանաչե՞լ ՍԻՄ ղեկավար մարմինների ընտրությունը, թե՞ ոչ:

ՍԻՄ նախագահության անդամներ Կարեն Վարդանյանը, Հրայր Խաչատրյանը, Սեդրակ Վարդանյանը եւ ՍԻՄ-ի Երեւանի բաժանմունքի ղեկավար Գառնիկ Հովհաննիսյանն էին դիմել դատարան՝ ընդդեմ ՍԻՄ-ի եւ կուսակցության ղեկավար մարմինների սեպտեմբերի 16-ին կայացած ընտրությունների քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով: Գառնիկ Հովհաննիսյանը եւ Կարեն Վարդանյանը երեկ «Ուրբաթ» ակումբի հյուրերն էին, եւ վերջինս պնդեց, որ ինքն այժմ էլ է ՍԻՄ նախագահության անդամ: Թեեւ ՍԻՄ քարտուղար Ա. Սիրեկանյանն «Առավոտին» գրությամբ հայտնել է, որ վերոնշյալ անձինք «ՍԻՄ նախագահության անդամներ չեն, ավելին՝ այդ անձանց անդամությունը ՍԻՄ-ին շուրջ 3 ամիս է, ինչ կասեցվել է: Նրանցից ոմանք կամ նրանց մերձավոր հարազատները կատարել են քրեական հանցանքներ, ունեն խոշոր չափի պարտքեր: Բացի այդ, հայցվոր Ս. Վարդանյանը, լինելով ՀՀ հարկային տեսչության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ՀՀ օրենսդրությամբ չի կարող լինել կուսակցության անդամ եւ ակտիվ զբաղվել քաղաքականությամբ»: Գրության մեջ նաեւ նշված է, թե այս ամենն «իշխանություններին մոտ կանգնած մի շարք անձանց ծիծաղ եւ կարեկցանք առաջացնող» փորձեր են՝ «զրպարտելու ՍԻՄ-ին եւ կասեցնելու «Իրավունք» թերթի լույսընծայումը»:

Կարեն Վարդանյանը երեկ իր հերթին վկայեց «քրեական տարր» պարունակող գործողությունների մասին՝ «արձանագրություն են կեղծել, մարդիկ վախեցրել»: Նրա գնահատմամբ՝ ՍԻՄ համագումարում ներկաներից շուրջ 50-ը «Նոր ժամանակներ» կուսակցության անդամներ էին: Սակայն պատմեց, որ այս գործով նախագահող դատավոր Վ. Լալայանը դեկտեմբերի 21-ի նիստում մերժել է իրենց միջնորդությունը, որով պահանջում էին իբրեւ ապացույց ներգրավել «գործի համար էական նշանակություն ունեցող, ընտրությունների հետ կապված այն բոլոր փաստաթղթերը, որոնցով հնարավոր է ապացուցել ընտրությունների արդյունքների անօրինական կամ չկայացած լինելը»: Խոսքը մասնավորապես ՍԻՄ 17-րդ համաժողովի տեսագրության եւ ձայնագրության մասին է: Կարեն Վարդանյանը չարձագանքեց մեր դիտարկմանը, թե ՍԻՄ-ում իրենց մեղադրում են իշխանությունների հրահանգով գործելու մեջ՝ այդ ինչպե՞ս է ստացվում, որ դատական իշխանությունը չի բավարարում իրենց միջնորդությունները: Միայն նշեց, թե իր եւ կառավարության համագործակցությունը վերաբերում է բացառապես բարձր տեխնոլոգիաների ոլորտին: Հիշեցնենք, որ նա Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի անդամ է, որը ղեկավարում է վարչապետը:

Կարեն Վարդանյանը նաեւ չի կարծում, թե ՍԻՄ-ում զարգացումները կազմակերպված էին իշխանության կողմից: Թեեւ պնդեց, որ ՍԻՄ-ում տեղի ունեցած գործընթացներում առկա է արտաքին՝ «այլ քաղաքական ուժերի մարիոնետային ազդեցություն»: Այդ ուժերի անունները նա չտվեց՝ առաջարկելով լրագրողներին ինքնուրույն վերլուծություններ անել: «Առավոտի» հարցին, թե հաշվի առնելով այն, որ ՍԻՄ-ում ուժերի փոփոխությունից կարճ ժամանակ անց քաղաքական համագործակցության պայմանագիր ստորագրվեց ՕԵԿ-ի հետ, եւ խոսվում է ապագայում նաեւ «Դաշինք» կուսակցության՝ դրան միանալու մասին, արդյոք այդ ուժերի՞ն նկատի չունի՝ նշելով արտաքին ազդեցության մասին՝ Կարեն Վարդանյանը պատասխանեց. «Այստեղ 2 տիպի ուժեր կային: Այն ուժերը, որոնք կազմակերպիչ էին՝ բացահայտելը գոնե ինձ համար մի քիչ դժվար է: Ամբողջական պատկեր ստանալը, հասկանալն առ այսօր է բավական դժվար: Բայց միանշանակ է, որ եղան ուժեր, որոնք օգտվեցին այդ վիճակից: Այսինքն՝ փողոցում գցած ռեսուրս կար, եւ մարդիկ մինչեւ այդ էին փորձում այդ ռեսուրսը վերցնել: Եվ հիմա լավ պահ եղավ այդ ռեսուրսը վերցնելու»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել