Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՈ՞Ւ ՀԵՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ

Դեկտեմբեր 26,2006 00:00

\"\"Որովհետեւ ամերիկացիները հետաքրքրվա՞ծ են նրանով

Օրերս ամերիկյան հայտնի «The wall street journal» ամսագրում տպագրվել է պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հոդվածը՝ բավականին բազմանշանակ վերնագրով՝ «Չնայած ցեղասպանությանը…»: Ասում են՝ սա սովորական ամսագիր չէ, որ հենց այնպես ինչ-որ հոդվածներ տպագրի: Հայտնի է, որ այս ամսագրում որեւէ երկրի պետական կամ քաղաքական գործիչ հայտնվում է միայն այն դեպքում, եթե ԱՄՆ քաղաքական շրջանակները հետաքրքրված են լինում տվյալ անձով:

Հոդվածում ներկայացված էին Հայաստան-Թուրքիա, Թուրքիա-Եվրամիություն հարաբերությունների եւ հեռանկարի հարցերը. «Հայաստանը ունի պարզ եւ գործնական դիրքորոշում Թուրքիայի հետ հարաբերությունների ապագայի վերաբերյալ: Մենք կողջունենք Թուրքիայի հետ բնականոն դիվանագիտական եւ այլ հարաբերությունների հաստատումը՝ առանց նախապայմանների»:

Ընդդիմության ներկայացուցիչ, Հայաստանի ազատական առաջադիմական կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը ոչ միայն կարդացել էր, այլեւ իր տեսակետը ներկայացրեց, ասելով, որ Սերժ Սարգսյանի հոդվածում արտահայտած մտքերի հետ լիովին համամիտ է, միայն մեկ վերապահում ունի՝ ինչո՞ւ այդ հարցերի մասին խոսում է հենց պաշտպանության նախարարը: Ըստ պարոն Հովհաննիսյանի. «Հոդվածն իր տեսակի մեջ բավականին լրջություն էր պարունակում, նրանում ինչ-որ նոր քաղաքական ուղեծրի ուղերձ կար՝ ուղղված միջազգային հանրությանը, ԵՄ-ին, այսինքն՝ այն, որ Սերժ Սարգսյանը բացահայտ ասում է, որ եթե ինքը դառնա նախագահ, ապա իր տեսակետները հենց այդպիսին են լինելու ԵՄ եւ Թուրքիա-Հայաստան հարցերում. սա վատ բան չէ, եւ դրանում ավելի մեղմ արտաքին քաղաքականության հայտ կար՝ ուղղված միջազգային հանրությանը:

Պետք է ասեմ, որ մեր կուսակցության համար այդ հոդվածում արտահայտված մտքերը ընդունելի տեսակետներ են, դրանք համահունչ են մեր տեսակետներին, մենք դա վաղուց ենք ասել, բայց պետք է ընդունենք մի բան, որ այս ամենը շատ խորը կլինի, եթե այդ ճանապարհը միակողմանի լինի, այսինքն՝ մենք այնքան ենք կոշտացրել հայ-թուրքական հարաբերությունները, այնքան ենք խրվել ոչ նորմալ հարաբերությունների մեջ, որ միայն մեկ հոդվածով, նման մեկ հայտարարությամբ այդ հարաբերությունները շտկելն անհնար է, եւ սա, իսկապես, պետք է դառնա պետական քաղաքականություն: Կարծում եմ, այդ հոդվածով փորձ է արվել հենց այդպիսի հայտ ներկայացնել Սերժ Սարգսյանի կողմից՝ միտված ապագային, եւ կարելի է համարել, որ դա նաեւ փորձ է նոր որակի արտաքին քաղաքականության էլեմենտներ մտցնել: Իհարկե, նման բաներ ասելը հարիր է ավելի շատ երկրի նախագահին կամ՝ գոնե ԱԳ նախարարին, իսկ պաշտպանության նախարարը պետք է լինի կոշտ եւ պաշտպանի երկրի սահմանը, եւ պաշտպանության նախարարը չէ այն անձը, որը պետք է ժեստեր անի Եվրամիությանը կամ միջազգային հանրությանը: Թեպետ արտահայտված տեսակետները ճիշտ են, եւ դա այն ճանապարհն է, որը տանում է տաճար»:

Եթե պարոն Հովհաննիսյանի կարծիքը, որպես ընդդիմության ներկայացուցչի կարծիք, կարող է փոքր-ինչ զարմանալի թվալ, քանի որ նա շեշտեց, որ պաշտպանության նախարարի հոդվածում արտահայտած մտքերի հետ ինքը, որպես ընդդիմություն, այս դեպքում որեւէ տարաձայնություն չունի, ապա ամենեւին էլ զարմանալի չէ ՀՀԿ անդամ Արմեն Աշոտյանի տեսակետը նույնի մասին: Նա կարեւորեց, որ այդ հոդվածը ամերիկյան ամսագիրը տպագրել է հենց այն ժամանակ, երբ ընդունվեց ՀՀ Ազգային անվտանգության հայեցակարգը, եւ դրա ներկայացնողը Սերժ Սարգսյանն էր: Ա. Աշոտյանն ասաց, որ այդ հոդվածում շեշտադրումը ապագայի հարաբերություններին էր միտված. «Միանշանակ կարող եմ ասել, որ կիսում եմ Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հետ կապված Հայաստանի շահագրգռությունները, եւ եվրոպական Թուրքիան կարող է լինել հուսալի հարեւան, ուրիշ բան, թե Թուրքիան ԵՄ-ի հետ իր հարաբերություններում կարող է անցնել պատմական ռուբիկոնը, որը խոչընդոտում է իրեն, եւ ավելի խիզախ նայել իր անցյալին»:

Մեր հարցին՝ ինչո՞ւ հատկապես պաշտպանության նախարարը եւ հատկապես այս օրերին հանդես եկավ նման հոդվածով, պարոն Աշոտյանը ասաց. «Գաղտնիք չէ, որ այդ ամսագիրը շատ հեղինակավոր ամսագիր է, եւ որպես հեղինակավոր պարբերական, երբեք պատահական հոդվածներ չի տպում: Ես հասկանում եմ ենթատեքստեր որոնելու ձեր միտումը, բայց այստեղ բոլորովին այլ ենթատեքստեր կան, եւ իրականությունն այն է, որ այս ամսագիրը նաեւ պետական քաղաքականություն իրականացնող, որոշակի հարթակ հանդիսացող տպագիր օրգան է, եւ Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության շահագրգռությունը ոչ մեկի մոտ կասկած չի հարուցում, եւ ակնհայտ է, որ հիմնական աշխարհաքաղաքական խրամատը այս տարածաշրջանում անցնում է Հայաստան-Թուրքիա գծով»: Արմեն Աշոտյանը հիշեցրեց, որ մեկ այլ քաղաքական գործչի՝ դարձյալ արտասահմանյան պարբերականներից մեկին տրված հարցազրույցում (ակնհայտ է, որ նկատի ուներ Արթուր Բաղդասարյանին, սակայն չշեշտեց անունը- Մ. Ե.) դարձյալ շոշափվում էին նույն կարգի հարցեր, բայց նրանում սկզբունքային տարբերություն կար՝ Ղարաբաղի խնդիրը կապված էր հայ-թուրքական հարաբերությունների հետ. «Իսկ այս դեպքում նման խնդիր չկա, այստեղ շեշտված է, որ հայերը եւ թուրքերը իրենց հարաբերությունները պետք է կառուցեն՝ անկախ այլ երկրների հետ իրենց հարաբերություններից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել