ԱՄՆ պետքարտուղարի փոխօգնական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի բացառիկ հարցազրույցը «Մեդիամաքս» գործակալությանը:
– Ինչպե՞ս եք գնահատում 2006 թվականին անցկացված ղարաբաղյան կարգավորման բանակցությունների արդյունքները:
– Ինչպես գիտեք, 2006 թ. ընթացքում նախագահներ Քոչարյանը եւ Ալիեւը հանդիպեցին երեք անգամ. փետրվարին՝ Ռամբույեում, հունիսին՝ Բուխարեստում եւ մի քանի շաբաթ առաջ՝ Մինսկում: Անկասկած, դուք նաեւ գիտեք, որ շատերը հույս ունեին, որ բանակցությունների երկու փուլից հետո նախագահները համաձայնության կհասնեն ԼՂ հակամարտության կարգավորման սկզբունքների շուրջ: Ցավոք, նախագահները պատրաստ չէին այդպիսի համաձայնությանը:
Դուք լավ գիտեք, թե ինչպես արձագանքեցին համանախագահները. հուլիսի 3-ին մենք հանդես եկանք համատեղ հայտարարությամբ, որում բացահայտեցինք հիմնական սկզբունքների էությունը, որոնք համանախագահները քննարկում էին երկու կողմերի հետ՝ Բուխարեստից առաջ: Հիմնական սկզբունքների էության հրապարակումը կարեւոր քայլ էր, քանի որ մենք ցանկանում էինք խրախուսել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին՝ ներգրավել իրենց հասարակություններին հակամարտության կարգավորմանը վերաբերող բարդ, սակայն անհրաժեշտ հրապարակային երկխոսության մեջ: Հույս ունեմ, որ այդ հրապարակային երկխոսությունն արդյունավետորեն շարունակվում է երկու երկրներում:
Մինսկում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները «կանաչ լույս վառեցին» իրենց արտգործնախարարների առջեւ՝ 2007 թվականին բանակցությունները շարունակելու նպատակով: Սա կարեւոր է, քանի որ նշանակում է, որ «հնարավորությունների պատուհանը», որի մասին մենք խոսում էինք 2006 թվականին, դեռեւս չի փակվել: Համանախագահները կշարունակեն աշխատել երկու կողմերի հետ, չնայած նրան, որ Հայաստանում սկսվում են նախապատրաստվել 2007 թ. խորհրդարանական ընտրություններին: Մենք հանգիստ կաշխատենք միասին, սակայն ակնկալում ենք շարունակել առաջընթաց արձանագրել այն հիմնական սկզբունքների տարրերին վերաբերող հարցերում, որոնց շուրջ կողմերը դեռեւս պետք է պայմանավորվեն:
– Վերջերս Հայաստանի ղեկավարներն ավելի ակտիվ են խոսում բանակցությունների եզրափակիչ փուլին Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցության անհրաժեշտության մասին: Ի՞նչ եք մտածում այդ մասին:
– Մեր մանդատը ենթադրում է աջակցության ցուցաբերում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին: Քանի դեռ բանակցությունները շարունակվում են քաղաքական մակարդակով ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, կարեւոր է, որ երկու կողմերն ուղիներ որոնեն իրենց հասարակությունների միջեւ վստահության հաստատման համար:
Անկասկած, կարեւոր է, որպեսզի տարածաշրջանի բնակչությունները դեր խաղան խաղաղ համագոյակցության ուղիների որոնման մեջ: Կարծում եմ, կարելի է հանգիստ խոսել այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ներկայացուցիչները պետք է ներգրավված լինեն այդ գործընթացում, քանի որ մենք մոտենում ենք համապարփակ խաղաղ համաձայնագրի կնքմանը:
– Տպավորություն է ստեղծվում, որ ԱՄՆ-ն, հանդիսանալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, հստակ տարանջատում է ղարաբաղյան կարգավորման գործընթացը եւ Մերձդնեստրում, Աբխազիայում ու Հարավային Օսիայում հակամարտությունների լուծմանն ուղղված ջանքերը:
– Պարզապես ստացվել է այնպես, որ ձեւաչափը, որը կողմերի կարծիքով լավագույնն է ԼՂ դեպքում, հանդիսանում է միջնորդական գործընթաց, որը ղեկավարում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Ես ուրախ եմ նշել, որ ԱՄՆ-ն, Ռուսաստանը եւ Ֆրանսիան բավականին լավ են համագործակցում ինչպես միմյանց միջեւ, այնպես էլ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ:
Լավ է դա, թե վատ, սակայն Վրաստանում եւ Մոլդովայում չլուծված հակամարտությունների համար գոյություն չունի Մինսկի խումբ: Մենք ձգտում ենք կառուցողական դեր խաղալ այս հակամարտություններում կողմերի միջեւ ուղիղ երկխոսության եւ վստահության հաստատման համար հնարավորություններ որոնելու ճանապարհով: Ես անմիջականորեն զբաղվում եմ Վրաստանում առկա հակամարտություններով, իսկ իմ գործընկերներից մեկը ամերիկյան ներկայացուցիչն է Մերձդնեստրի հակամարտության շուրջ բանակցություններում: Ցավալի փաստն այն է, որ այս հակամարտությունների կարգավորման գործում մենք չենք տեսնում այնպիսի առաջընթաց, որն առկա է ղարաբաղյան գործընթացում:
– Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է առաջընթացի հասնել հայ-թուրքական հարաբերություններում՝ մինչեւ ԼՂ հակամարտության կարգավորումը:
– Մենք վճռականորեն կոչ ենք անում Թուրքիային եւ Հայաստանին՝ քայլեր ձեռնարկել առկա տարաձայնությունները լուծելու համար, ներառելով դրական արձագանքը երկխոսության հնարավորություններին: Մենք հասկանում ենք, որ կան մի շարք հարցեր, որոնք լուծման կարիք ունեն, եւ հավատում ենք, որ երկուստեք բարի կամքի առկայության դեպքում առաջընթացը հնարավոր է, նույնիսկ հաշվի առնելով, որ մենք աշխատում ենք ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ: Թուրքիան պետք է կարեւոր դեր խաղա հակամարտության խաղաղ եւ երկարաժամկետ կարգավորմանը տարածաշրջանային աջակցություն ցուցաբերելու տեսակետից: