Մի քանի օր առաջ «Անի պլազա» հյուրանոցի դահլիճում «Ուսանող 2020» ակումբի նախաձեռնությամբ կազմակերպվել էր «Մշակույթների խաչմերուկ» խորագրով ցուցահանդես: Մասնավորապես, աշխարհի ութ երկրների ներկայացուցիչներ պատմեցին իրենց երկրում Նոր տարին եւ Սուրբ ծնունդը նշելու ավանդույթները, ներկայացրին ազգային ճաշատեսակները: Չինաստանը ներկայացնող Նելլի Լին փարատեց հայերի բոլոր կասկածները Խոզի (կամ Վարազի) տարում ամանորյա սեղանին խոզի բուդ դնել-չդնելու հետ կապված. «Չնայած հայերի մեջ կարծիք կա, թե խոզի բուդը սեղանին դնելը անհաջողություն կբերի, չինական ավանդական սովորույթների համաձայն, խոզի բուդն անպայման պիտի դրվի սեղանին»: Այս հեղինակավոր պնդումից հետո, կարծում ենք, խոզը կհայտնվի մեր տներում ոչ միայն տիկնիկների (տես լուսանկարը), այլեւ մսի տեսքով: