ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Գիրք չորրորդ
Գլուխ երկրորդ
ՍԱՍՈՒՆՑԻ ԼՅՈՆՅԱՆ
Մեր գրականագետների ու գրաքննադատների հիմնական ընդհանրությունն այն է, որ երկուսն էլ վերջնականապես են հոգնել ու զզվել ռեպետիտորությունից, եւ իրենք միասնաբար ու շարունակաբար փորձում են մեզ ու առաջին հերթին իրենք իրենց համոզել, որ եթե իրենք Սովետի կամքով ու Սովետի միջոցով էին ծագել ու առաջացել, այդուհանդերձ, Սովետի հետ չվերացան, մնացին եւ կան՝ ի հեճուկս բոլոր նրանց, ովքեր սրանց էս հարատեւությունն ու առաքելությունը չեն ըմբռնում ու չեն կամենում, ու չնայած ես է՛լ եմ սրանց հարատեւությունն ու առաքելությունը չըմբռնողներից, այդուհանդերձ, չուզողներից ու չկամեցողներից չեմ եւ ոչ էլ զզվողներից եմ, ու չնայած իրենց մեջ ինձանից զզվողները լուրջ քանակություն են, բայց ես իրենցից չեմ զզվում ո՛չ միայն էն պատճառով, որ ընդհանրապես զզվող չեմ, այլեւ է՛ն պարզ պատճառով, որ ուրիշներից զզվելն ինձ համար նույնքան տհաճ է, ինչքան որ՝ եթե ուրիշներն են ինձանից զզվում, ու չնայած էսպես հետեւողականորեն պակասեցնում եմ զզվանքս ու թշնամիներիս քանակությունը, այդուհանդերձ, մի տեսակ մարդիկ կան, որոնցից ոչ մի կերպ չեմ կարողանում չզզվել, եւ դրանք նրանք են, որոնք ինձանով առանձնապես են մտահոգ եւ մշտապես ինձ զանգահարում ու տեղեկացնում են, թե այսինչ թերթում այսինչ գրաքննադատն այնինչ գրքիս մասին քննադատական հոդված է տպագրել, եւ շատ դեպքերում ստիպված ճարում ու կարդում եմ էդ, ուրեմն, հոդվածն ու առժամանակ բուն գործիցս կտրվում եմ եւ, փաստորեն, էդպիսի դեպքերում միշտ էլ ե՛ս եմ տուժող դուրս գալիս, որովհետեւ հենց ե՛ս եմ բուն գործից կտրվողը, քանի որ, եթե գրաքննադատների բուն գործը մեր դեմ կամ մեր մասին հոդված գրելն է, եւ եթե էդ մշտական զանգողների բուն գործն էլ էդ մշտական զանգերն են, իմ բուն գործը ո՛չ էդ հոդվածները կարդալն է եւ ո՛չ էլ դրանց մասին տեղեկացվելը, այլ այն, ինչ հենց էս պահին անում եմ, եւ եթե էս արածս ու անելիքս ոմանց կարծիքով չափազանց անլուրջ զբաղմունք է, դա դեռ չի նշանակում, թե իրենց էդ հոդվածներով ու իրենց էդ հեռախոսային ավետիսներով պիտի ինձ շեղեն ու կտրեն իմ էս հիմնական ու մշտնջենական զբաղմունքից, եւ եթե ես առ էս պահն ամեն ինչ մի կողմ չեմ դրել եւ իրենց էդ հոդվածների ուղղագրական, կետադրական ու մտքի սխալները ջրի երես չեմ հանել, դրա պատճառն ընդամենն էն է, որ չեմ ցանկացել իրենցից թեկուզ մեկնումեկին դառնացնել ու հուսահատեցնել, եւ որ առ էսօր էդ հեռախոսային տեղեկատվիչներից որեւէ մեկին դեռեւս չեմ շշպռել, դրա պատճառն էլ ընդամենն էն է, որ լավագույնս եմ հասկանում էդ զանգահարողների չհասկանալը, եւ եթե էսքանից հետո էլ իրենց լավուվատ հոդվածներով ու անտեղի զանգերով փորձեն ինձ իմ բուն գործից կտրել, էլի՛ Աստված իրենց հետ, որովհետեւ ես արդեն կամաց-կամաց սկսում եմ նմանվել մի երեխայի, որը միանգամայն նոր մի խաղալիք է գտել ու անմնացորդ խրվել է խաղի մեջ, բայց, ի տարբերություն էդ երեխայի, ես արդեն գիտեմ, որ ինձանից խաղալիքս խլելն ու ինձ իմ խաղից մեկուսացնելն ահավոր դաժանություն ու սպանության պես բան է, եւ եթե իմանամ, որ իմ հանդեպ էդ բաներն այլեւս չեն անի, պատրաստ եմ ո՛չ միայն իրենց մասին էս բոլոր ասածներս հետ վերցնել, այլեւ մեկ առ մեկ ներողություն խնդրել էդ բոլոր հոդվածագիրներից եւ բջջային ու այլ հեռախոսների սիրահար էդ բոլոր գրագետներից:
Այսուհանդերձ, հեռախոսների սիրահարներից ու էդ անհամար հոդվածագիրներից զատ մարդկային, ավելի ճիշտ՝ գրողական մի տեսակ էլ կա, որից միանգամայն անմնացորդ ու միանգամայն սրտանց եմ զզվում, եւ սրանք էն գրողներն են, որոնք օր ծերության՝ մեր մեսրոպյան այբուբենի անխտիր բոլոր տառերը սովորելուց անմիջապես հետո միանգամայն մաքուր սրտով հարձակվում են մյուսներիս վրա եւ անխնա սկսում են գրելու անվճար դասեր տալ մյուսներիս, ընդ որում՝ էդ անվճար դասերի հիմնական ու գլխավոր թերությունն էն է, որ դրանք ո՛չ թե անհատական բնույթ ունեն, այլ` միասնական ու համընդհանուր, եւ սրանց էդ միանգամայն բաց դասերը եթեր են սփռվում հիմնականում հեռուստատեսային առավոտյան հաղորդումների տեսքով, ու չնայած էդ անվճար ու բաց դասերի մոտեցումը հիմնականում ընդհանրական ու միասնական է, այդուհանդերձ, դրանց էֆեկտիվությունը չափազանց զգալի է էդ առավոտյան հաղորդումների գիշերային կրկնությունների ժամանակ, եւ եթե էդ գիշերային կրկնության ժամանակ է՛լ ձեզ չի հաջողվում նորմալ քնել, կնշանակի՝ ձերն անքնության անբուժելի տեսակն է, ու, տվյալ դեպքում, ձեզ միանգամայն ձրի գրականություն ու գրողություն դասավանդողը որեւէ մեղք չունի, եւ եթե ձեզ ո՛չ միայն քնել չի հաջողվում, այլեւ՝ էդ դասերից զանազան օգուտներ քաղել, վերստին ողջ մեղավորությունը ձեր մեջ պիտի փնտրեք, որովհետեւ էդ անվճար դասատուներն իրենցից կախված ամեն ինչ անում են, որ դուք նույնիսկ ամենատեւական մոլորություններից հետո՛ ճիշտ ճանապարհի վրա հայտնվեք, եւ ո՛չ միայն իրենց դասավանդության անառարկելի տոնը որեւէ հակաճառություն չի հանդուրժում, այլեւ իրենք բոլորեքյան անխոցելի են է՛ն պարզ պատճառով, որ, չնայած իրենք Գրողների միության հարյուրամյա անդամներ են, բայց սրանց գրածը դեռեւս որեւէ մեկը չի կարդացել, եւ սրանք է՛ն գրողներն են, որոնք ո՛չ միայն չեն հիշում, թե վերջին անգամ երբ են գրել, այլեւ մշտապես թեւաթափ են անում դեռեւս գրողներին, եթե, իհարկե, վերջիններինն անքնության անբուժելի տեսակն է, ու էս անվճար դասատուներն սպառողների է՛ն տեսակն են, որոնցով նույնիսկ Սպառողների իրավունքների պաշտպանության միությունը չի զբաղվում, եւ սրանց ժամանակ առ ժամանակ Աստված է նույնիսկ աչքաթող անում, եւ սրանք իրենց էդ անաստված վիճակներից միանգամայն գոհ ու բավարարված են, որովհետեւ մշտապես իրենք իրենց գոհացնում ու բավարարում են, եւ իրենց չգոհացնողն ու չբավարարողը միայն ու միայն մյուսներն են, այսինքն՝ մնացած ողջ մարդկությունը՝ միլիարդուկես չինացիներով հանդերձ, եւ, փաստորեն, սրանց պատճառով բազմաթիվ արատավոր հատկություններիս գումարվեց նաեւ զզվելու հատկությունը, ու էս հատկությունս հատկապես է գործիս խփում, որովհետեւ իմ մուսաները սովորաբար ինձ այցելում են իմ խաղաղ ու մարդասիրական վիճակներում, եւ ահա մարդկանց էդ տեսակի վրա առժամանակ կենտրոնանալս է պատճառը, որ չնայած վաղուց էս հերթական գրքիս հիմքերը դրել եմ, բայց ոչ մի կերպ չեմ հաջողացնում հասնել ու անցնել բուն նյութիս ու բուն ասելիքիս, չնայած, ինչպես արդեն գլխի եք ընկնում, նույնիսկ սրանց չի հաջողվում ինձ խանգարել, եւ ես նույնիսկ սրանցից եմ ճարպկորեն օգտվում էն առումով, որ եթե նախորդ գրքիս ընթացքում անընդհատ նկատողությունների էի արժանանում դիալոգներիս ձգձգվածության ու Լիզայի տեւականության կապակցությամբ, ապա հիմա արդեն, ընդհակառակը, ընթերցողներիցս ոմանք խաչաձեւ հարցուփորձերով փորձում են Լիզայի հետագա վիճակն ու կարգավիճակը ճշտել, եւ հիմա, եթե նույնիսկ շատ խնդրեք, ես այլեւս Լիզային չեմ անդրադառնա էն պարզ պատճառով, որ հազար ինը հարյուր յոթանասունվեց թվականի օգոստոսի լույս ութի էդ մղձավանջային գիշերվանից էս կողմ Լիզային այլեւս չտեսա ու էսօրվա դրությամբ էլ իրենից որեւէ տեղեկություն չունեմ:
Իրեն չտեսնելու պատճառներն, իհարկե, մի քանիսն էին, ու դրանցից առաջինն, այնուամենայնիվ, այն էր, որ շարունակաբար աչքիս առաջ էր քրոջից ծեծվելու զավեշտական տեսարանը, եւ քանի որ համալսարանում դասերը դեռեւս չէին սկսվել, էդ օրերին միայն Այգեստանի իրենց էդ վարձով տանը կարող էի իրեն գտնել, բայց, ինչպես կռահում եք, էդ էլ տարբերակ չէր, որովհետեւ էդ տարբերակի դեպքում էլ էր քույրը միանգամայն խանգարիչ ու միանգամայն վտանգավոր հանգամանք, եւ, դրանից էլ բացի, ես ամենեւին չէի շտապում Լիզային տեսնել նաեւ էն պատճառով, որ էդ օրերին ձեռս փող չկար, չնայած էդ մղձավանջային գիշերվան անմիջապես հաջորդած օրերին հայրս բարձիս տակ բացառապես երեքանոցներ էր դնում, ու ես, ճիշտ է, ամեն առավոտ բարձս բարձրացնում ու էդ երեքանոցների քանակությունը ճշտում էի, բայց մի հատիկ անգամ չէի վերցնում ու չէի պակասեցնում, որովհետեւ հայրս իմ ծննդյան փուչ օրից սկսած՝ քսաներեք երկար ու ձիգ տարիներիս ընթացքում առաջին անգամ խաթրիս կպել ու ինձ «անբան» էր ասել, ու չնայած իր էդ «անբանն» ընդամենը քթի տակ ու քնկոտ էր արտաբերել, բայց էդ բառն ինձ շատ ուժեղ կպավ, ընդ որում՝ ուղիղ սրտիս կպավ, քանի որ մեկին մեկ համապատասխանում էր վիճակիս ու կարգավիճակիս, ու էդ օրերին աշխատում էի հորս չհանդիպել. առավոտ շուտ ինքն աշխատանքի էր գնում, ու ես իր գնալուց հետո էի միայն տեղերիցս վեր կենում ու շուշաբանդիցս դուրս գալիս եւ գիշերներն էլ տասներկուսի կողմերն էի տուն գալիս, որ մայրս շատ չանհանգստանար, ու հայրս էլ արդեն քնած լիներ, եւ եթե քնած էլ չէր լինում՝ քնած էր ձեւանում, որովհետեւ ինքն է՛լ ինձնից պակաս չէր նեղվում էն հանգամանքից, որ քսաներեք տարի շարունակ ամեն ինչիս դիմացել եւ ահա էդ գիշեր չէր կարողացել իրեն զսպել, ու չնայած շուրջ տասը օր հայրս ու ես իրար չտեսանք եւ դեմ առ դեմ չհանդիպեցինք, բայց հեռվանց զգում էի, որ իր էդ «անբանն» իր վրա ավելի էր ազդել, քան՝ ինձ վրա, ու չնայած սխալս գիտակցում ու հասկանում էի, բայցեւ հասկանում էի, որ առանձնապես սխալ տեղի չի ունեցել, ու եթե սխալ կար էլ, ընդամենը ճակատագրի սխալ էր, ու էդ սխալի հարցում հայրս ու ես որեւէ մեղք չունեինք, եւ ոչ էլ Լիզան մեղք ուներ, եւ ոչ էլ՝ նույնիսկ Թամրազյանը, եւ առավել անմեղը մայրս էր, թեպետ հենց մորս հեկեկոցի պատճառով էր հորս էդ «անբանն» առաջացել ու հնչել, չնայած, այնուամենայնիվ, էդ ամենի մեջ հորս մեղավորությունն էնքանով կար, որ ինքն իմ քսաներեք տարիների ընթացքում ինձ մի թթու խոսք անգամ չէր ասել եւ ահա՝ առաջին անգամ ասաց, եւ էդ առաջին անգամ ասելն իրեն ավելի էր անակնկալի բերել, քան՝ ինձ ու մորս, ու մինչ բարձիս տակի երեքանոցներն ավելանում ու ավելանում էին, մայրս ինձ ու հորս բարիշացնելու տարբերակներ էր մտմտում, ու չնայած էդ ամբողջ ընթացքում Լիզան մտքիցս դուրս չէր գալիս, բայց Լիզայի հետ հանդիպումս մտքիս մեջ հետաձգված էր առնվազն մինչեւ սեպտեմբերի մեկը, որովհետեւ մտապատկերիս մեջ Լիզան դեռեւս ձեռքերով գլուխը բռնած էր, ու մտապատկերիս մեջ քույրն անընդհատ Լիզայի գլխին էր բամփում, եւ էդ շարունակվող ու չվերջացող տեսարանից զգացմունքներս աղավաղվում ու անլրջանում էին, եւ, բացի այդ, ես դափդատարկ գրպանով չէի կարող Լիզայի հետ հանդիպում ծրագրել ու նախատեսել, չնայած բարձիս տակի երեքանոցներն ավելանում ու ավելանում էին, եւ դրանց թիվն անսխալ գիտեի, ու, էդ ամենից բացի, իմ ու Լիզայի հանդիպմանը խոչընդոտող երրորդ ու գլխավոր հանգամանքը կար, որ էդպես էլ մեջս չհաղթահարվեց ու խանգարեց երկրորդ անգամ Լիզայի երեսը տեսնելու բախտին արժանանալ, եւ էդ գլխավոր ու չափազանց լուրջ հանգամանքը բանաստեղծության հանգամանքն էր, ավելի ճիշտ՝ ի՛մ բանաստեղծության հանգամանքը, եւ Լիզայի մասին մտածելու ու իրեն չտեսնելու էդ ամբողջ ընթացքում մտովի վերականգնում էի իմ ու իր ողջ խոսակցությունը, ու էդ ողջ խոսակցությունն ինձ համար ահավոր կեղծիք էր, քանզի մեր էդ ողջ խոսակցության ընթացքում ինքն արդեն գիտեր, որ բանաստեղծություն եմ գրում, ու ես էդ նույն ընթացքում իր իմանալը չգիտեի, եւ երբ տեղատարափին արտասանեց «Գարունում» տպածս, ես, ճիշտ է, անակնկալի եկա ու զարմացա, բայց էդ օրվա ռեստորանային ու ոչ ռեստորանային տպավորությունները, էդ ահավոր տեղատարափն ու վերջապես Լիզայի քրոջ դեմքի սահմռկեցուցիչ արտահայտությունը թույլ չտվին, որ զարմանքս շարունակություն ունենա, ու էդ ամենից էլ հետո՝ մորս անակնկալ հանգստությունը, մորս ճնշման առթիվ շտապօգնությունը, մորս հեկեկոցի ֆոնին՝ հորս համարյա անլսելի ու շշուկով «անբանը». այսինքն, ես ժամանակ չէի ունեցել մարդավարի զարմանալ Լիզայի էդ օրվա ամենազարմանալի խոստովանությունից եւ միայն առավոտվա տասներկուսի կողմերն արթնանալով ու նախորդ օրվա ողջ պատկերները մեկ առ մեկ հիշելով ու համադրելով՝ լրջորեն մտածեցի ու վերջնականապես հասկացա, որ նախորդ ցերեկվա, իրիկվա ու գիշերվա ամբողջ ընթացքում Լիզան, փաստորեն, բանաստեղծ լինելս իմացել է, ու անհարմարը ոչ էնքան իր իմանալն էր, ինչքան՝ իր իմանալու մասին իմ չիմանալը, որովհետեւ, փաստորեն, էդ լուսավոր ցերեկվա, իրիկվա ու մղձավանջային գիշերվա ամբողջ ընթացքում ինքը ո՛չ թե ինձ էր ժպտացել, ո՛չ թե ինձ հետ էր խոսել ու համբուրվել, այլ՝ «Գարունում» ոտանավորներ տպած ինչ-որ մեկի, որը ո՛չ թե ես էի, այլ՝ իմ ներսերը սողոսկած օտար մեկը, ու էդ հաջորդ օրն էդ օտարին ահավոր էի խանդում եւ նույնիսկ «Գարունում» տպված էդ լուսանկարիս էի խանդում, որն ինձ առավել խորթ ու օտար էր, քան նույնիսկ՝ տպածս էդ բանաստեղծությունները, ու չնայած էդ տպագրածներս Ֆրունզիկն ու Խորիկն իսկապես էին հավանել, ու չնայած Խաչիկ Հրաչյանն ու ուրիշներն էլ էին հավանել, բայց երեւի բոլորն էլ է՛ն պատճառով էին հավանել, որ ինձանից ընդհանրապես բանաստեղծություն ու գրավոր հոդաբաշխ խոսք չէին սպասում ու չէին ակնկալում, ու ես է՛ն ուշահաս երեխայի վիճակում էի, որից ծնողներն ու հարազատները մի քանի հոդաբաշխ նախադասություն լսելով՝ ցնծում ու աշխարհով մեկ են լինում՝ ի լուր աշխարհի տարածելով, թե իրենց էդ ուշահաս դեբիլը բացառիկ տաղանդի տեր է, ու էս պահին ահա անկարող եմ հիշողությունիցս վանել յոթանասունիննի աշնանը Շառոյան Ռոլանդի ու ինձ հետ տեղի ունեցած մի պատմություն, որը հենց հիմա պիտի ձեզ պատմեմ, որովհետեւ ավելի հարմար առիթ, համոզված եմ, չի էլ լինելու, ու էդ դեպքը, ինչպես ասացի, տեղի է ունեցել յոթանասունիննի աշնանը, երբ ես ու Ռոլանդը «Ծիծեռնակ» ամսագրում էինք աշխատում, եւ Ռոլանդը կես դրույքով նաեւ «Երեւան» կինոստուդիայում էր, ու արդեն «Արագիլներ» ֆիլմի տիտրերում խոշոր տառերով գրված Ռոլանդ Շառոյան անունի ու ազգանունի դիմաց նույնքան խոշոր տառերով գրված էր՝ ֆիլմի տնօրեն, ու չնայած էդ տարիներին Ռոլանդը դեռեւս չգիտեր, որ հետագայում ինքը մշակույթի նախարար ու «Ոսկե ծիրանի» պատվավոր նախագահ է դառնալու, բայց էդ թվերին արդեն չափազանց լուրջ ու չափազանց ակնածանքով էր վերաբերվում իր կինոկենսագրությանը, ու չնայած էդ թվերին ինքը մտքով անգամ չէր անցկացրել մշակույթի նախարար դառնալ, բայց կինոյի ու թատրոնի աշխարհից լիքը ծանոթներ ու ընկերներ ուներ, ու չնայած արվեստի աշխարհում շատ մեծ շրջապատ ուներ, բայց դեռեւս Արեշում վարձով էր ապրում, ու իր էդ վարձով տան տերն էլ իրենց էդ «Երեւան» ստուդիայի բանվորներից Բախտիարն էր, որն էլ Սարի թաղում ապրող Գուգո անունով մի եղբայր ուներ, ու վերջինս էլ՝ Վարազդատ անունով մի ուշահաս տղա, էն իմաստով ուշահաս, որ երրորդ դասարանում հազիվ էր հաջողացրել այբուբենի տառերի կեսը յուրացնել, բայց ամառվա արձակուրդներին քրտնաջան պարապելով՝ չորրորդի սկզբներին ողջ այբուբենն արդեն բերանացի գիտեր, ու էդ առթիվ ծնողներն ու մանավանդ հայրն էնքան էին ոգեւորվել, որ հայրն իր Վարոյի անսպասելի հասունացման առթիվ Սարի թաղի իրենց բակում մի էնպիսի սեղան էր գցել, ինչպիսին էն թվերին միայն հարսանիքների ժամանակ էին գցվում, բայց այն, ինչ հիմա պատմելու եմ, էդ սեղանի հետ որեւէ կապ չունի, մանավանդ որ՝ էդ սեղանի սեղանակիցը լինելու պատիվը չէի էլ ունեցել, բայց պատիվ ունեցա դրանից ուղիղ չորս տարի անց էդ նույն սեղանի սեղանակիցը լինել, ու յոթանասունիննի էդ սեղանը եւս Գուգոն իր Վարազդատ ուշահաս որդու պատվին էր գցել, որն արդեն չորս տարի՝ տառերը լրիվ սովորած, ո՛չ միայն իր դպրոցն էր գնում, այլեւ՝ ակորդեոնի, ու արդեն չորս տարի իր գերմանական ակորդեոնն էր տժժացնում, ու չնայած հիմա էլ նոտանե՛րը ոչ մի կերպ չէր կարողանում սովորել, բայց նվագելու առումով որեւէ կոմպլեքս չուներ ու իր էդ ծանրումեծ ակորդեոնով ոչ միայն զանազան ու որոշակի ձայներ էր արտաբերում, այլեւ, կարելի է ասել, նվագում էր, ընդ որում՝ ոչ միայն նվագում էր, այլեւ զուգահեռաբար ու հընթացս երգում է՛լ էր, ընդ որում՝ ոչ թե ուրիշների պես սովորական բաներ էր երգում, այլ բացառապես՝ իր հորինածները, ու էդ երգերի ոչ միայն եղանակն էր իր հորինածը, այլեւ՝ բառերը, ու չնայած էդ թվերին դեռեւս «հեղինակային երգ» արտահայտությունը շատ տարածված չէր, Վարոյի երգածն իսկ եւ իսկ հեղինակային երգ էր, եւ երբ առաջին անգամ Սարի թաղի իրենց էդ բակում Վարոյին տեսա, անմիջապես Լենուղու Բենիամինին հիշեցի, որովհետեւ էս Վարոն էլ Բենիամինի պես չաղոտ ու ջոջգլուխ էր եւ Բենիամինի պես դպրոցի ու դասերի իմաստով հետ էր մնում եւ Բենիամինի պես ակնհայտ տաղանդի տեր էր, եւ էս Վարոյի ու էն Բենիամինի հիմնական տարբերությունն էն էր, որ, ի տարբերություն Բենիամինի հարբեցող հոր, Վարոյի հայրը խմելուց ազատ ժամերին պատշար էր, ընդ որում՝ Սարի թաղի ու նույնիսկ քաղաքի մասշտաբով ճանաչված պատշար ու սվաղչի էր, եւ Սարի թաղի դպրոցի տնօրենի ու դասատուների պատերը շարելով ու սվաղելով՝ փաստորեն թույլ չէր տվել, որ իր մինուճար Վարոյին որեւէ անգամ նույն դասարանում մնացնեն, ու Վարոն, ի տարբերություն Բենիամինի, դասարանից դասարան կանոնավոր փոխադրվելով՝ ո՛չ միայն տհասի ու երկտարեցու համբավ չուներ, այլեւ արդեն-արդեն սկսում էր բացառիկի ու տաղանդավորի համբավ ձեռք բերել, եւ երբ Վարոն արդեն բարեհաջող ութերորդ էր փոխադրվել, պատշար Գուգոն վերջնականապես որոշեց, որ Վարոն միայն ու միայն թատերական պիտի սովորի ու ավարտի, ու էդ նպատակի իրագործման գործընթացը որոշակիացնելով՝ Գուգոն շատ ինտենսիվ սկսեց արվեստի աշխարհի մարդկանց պատերը շարել եւ սվաղել ու նաեւ եղբոր՝ Բախտիարի կինոշրջապատին էր սերտորեն առնչվում, եւ էդ առնչյալներից հերթականները ես ու Ռոլանդն էինք, ավելի ճիշտ՝ ես, Ռոլանդն ու Լեոնիդը, որը Ստանիսլավսկու թատրոնի երիտասարդ դերասաններից էր ու Ռոլանդին էլ շատ էր հարգում, քանի որ՝ Ռոլանդի տնօրինած ֆիլմերում մի քանի փոքրմոքր դերեր էր արդեն ստացել ու խաղացել, եւ քանի որ Լեոնիդը Ստանիսլավսկու ռուսական թատրոնի ամենատեսքով ու ամենախոստումնալից դերասանն էր եւ արդեն գլխավոր դերեր էր խաղում, Ռոլանդը որոշեց, որ Լեոնիդը սասունցի է, եւ Ռոլանդը ոչ միայն որոշեց, այլեւ Լեոնիդին էլ համոզեց ու հավատացրեց, եւ քանի որ Լյոնյան մոր կողմից հաստատ հրեա էր, իր սասունցի լինելու վարկածին միանգամայն հեշտ եւ միանգամայն սրտանց համաձայնվեց ու Ռոլանդի հետ էլ ավելի շատ սկսեց շփվել, եւ «Պապլավոկում» ու ամենուր արդեն ինքն էլ էր իր սասունցի լինելը նշում ու շեշտում եւ շատ շուտով սկսեց իր ռուսական ակցենտով Սասնա երգեր երգել եւ առիթների դեպքում էլ փառահեղ ու խրոխտ «Յարխուշտա» էր պարում, եւ արդեն իրենց թատրոնում ու ամենուր իրեն Սասունցի Լյոնյա էին ասում, եւ իր էդ մականունն իրեն, ըստ երեւույթին, շատ էլ դուր էր գալիս, որովհետեւ դեռեւս յոթանասունականների վերջերն էին, եւ ութսունութը դեռեւս հեռու էր, ու Իսրայել ցվրվելը Լյոնյայի տեսլականում դեռեւս չկար, ու գրպաններն էլ դեռեւս լեփլեցուն էին Ռոլանդի տված Սասնա նորանոր երգերի տեքստերով, եւ ինքը ոչ միայն էդ երգերը երգում ու չափազանց խրոխտ «Յարխուշտա» էր պարում, այլեւ էստեղ ու էնտեղ պատեհ ու անպատեհ վիզը ծռում եւ Սասնա անխառն առոգանությամբ ասում էր՝ «ես ձո՛ւռ իմ», ու չնայած հինգ տարեկանից Երեւանում էր ապրում, բայց ընդգծված ռուսական ակցենտով էր հայերեն խոսում, մինչդեռ Սասնա բարբառն ու առոգանությունն ընդամենը մի տարվա մեջ էնպես յուրացրեց, որ երբ սասունցիների շրջապատում սասունցուն հավասար խոսում, երգում, պարում ու վիզը խեղճ-խեղճ ծռելով ասում էր՝ «ես ձուռ իմ», Ռոլանդն ինքնագոհ ու հպարտ մերթ Լյոնյային էր նայում, մերթ՝ ներկաներին, եւ քթի տակ ինքնագոհ ժպտալով՝ ներքուստ բացահայտ ցնծում էր, ու էդ պահերին Ռոլանդը նման էր կրկեսի կենդանիներ վարժեցնող է՛ն արտիստներին, որ հաջողված համարից հետո հպարտ-հպարտ ձգվում եւ հպարտորեն մերթ իրենց կենդանիներին են նայում ու ժպտում, մերթ էլ՝ ծափահարող ու ապշահար հանրությանը:
Վերադառնանք մեր բուն թեմային, ավելի ճիշտ՝ մեր բուն թեմայից մեր բուն շեղմանը, այն է՝ ինչպես յոթանասունիննի աշնանը Ռոլանդի կինոարտադրության բանվոր Բախտիարի խնդրանքով այցելեցինք Բախտիարի եղբոր՝ պատշար ու սվաղչի Գուգոյի Սարի թաղի տուն, որպեսզի արվեստագետի մեր սեփական աչքերով տեսնենք իրենց Վարազդատի տաղանդի ողջ փայլատակումը, ավելի ճիշտ՝ ոչ միայն ընդամենը պիտի տեսնեինք, այլեւ պիտի թատերական ինստիտուտի առումով ռեալ ու վերջնական խորհուրդ տայինք Գուգոյին, իսկ ավելի ճիշտ՝ ոչ թե ընդամենը խորհուրդ պիտի տայինք, այլ՝ ռեալ խոստում, ու չնայած էդ աշուն Վարոն նոր-նոր էր ութերորդ փոխադրվել, բայց Ռոլանդը պարտավորվել էր վերջնական պատասխան տալ Վարոյի թատերական ընդունվելու հետ կապված հարցերին, բայց Ռոլանդը Ռոլանդ չէր լինի, եթե առանց Վարոյին տեսնելու ու լսելու էլ Գուգոյին ու Բախտիարին արդեն խոստացած չլիներ լուծել տղայի թատերական ընդունվելու հարցը, եւ Գուգոն ու Բախտիարն էլ շատ անշնորհք կլինեին, եթե Ռոլանդի հարյուր տոկոսանոց խոստման դիմաց տղամարդավարի մի խորոված չկազմակերպեին, ու Ռոլանդն էլ չափազանց անշնորհք կգտնվեր, եթե էդ օրն ինձ ու Ստանիսլավսկու Լյոնյային հետը Սարի թաղ չտաներ, եւ որպեսզի շատ չզռար, որ էդ օրը, փաստորեն, Վարոյի թատերական ընդունվելու մաղարիչն է նախապես արվում, Գուգոն հրավիրել էր նաեւ իր երկու հարեւաններին՝ երկու ջահել տղերք, որ հիմնականում խորովածով էին զբաղված, ու մինչ Լյոնյան ու ես նարդիով ուժներս կչափեինք, Գուգոն նախ մինուճար տաղանդին ներկայացրեց, այնուհետեւ անմիջապես անցավ թատերականի բուն թեմային, եւ չնայած կլանված էի նարդիով ու Լյոնյային արդեն երկրորդ մարսն էի անում, այդուհանդերձ, ձախ ականջիս պոչով որսում էի Ռոլանդի ու Գուգոյի խոսակցությունը, որը հիմնականում դերասանի մասնագիտության արդիականության մասին էր, ինչպես նաեւ այն մասին, որ մինուճար տաղանդի գեղարվեստաթատերականի հարցը հիմնականում Լեոնիդից է կախված լինելու, քանի որ, ըստ Ռոլանդի ամենակոպիտ հաշվարկների, առնվազն երկու տարուց Լեոնիդն էդ թատերականում առնվազն ընդունող հանձնաժողովի անդամ պիտի լիներ, ու մինչ Լեոնիդը վրա-վրա մարս էր լինում, Բախտիարն ու մանավանդ Գուգոն աչքի պոչով ու ակնածանքով Լեոնիդին էին նայում, ու Լեոնիդի բացառիկ արտաքինը նրանց հաստատ հուշում էր, որ Լեոնիդն արդեն իսկ առնվազն հանձնաժողովի անդամ կլինի, ու չնայած իր մարսերով կլանված՝ Լյոնյան նրանց խոսակցությունը չէր լսում, բայց եթե նույնիսկ լսեր էլ՝ դժվար թե հակաճառեր, որովհետեւ խորովածի բուրմունքն արդեն լցվել էր մեր պնչերը: