Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՐԵԴԻՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀՍՏԱԿ ՄՈԴԵԼ ՉԿԱ

Դեկտեմբեր 25,2006 00:00

Այն յուրաքանչյուր բուհ կներդնի իր «ճաշակին» եւ հնարավորություններին համապատասխան

«Եթե Բոլոնիայի գործընթացը դասախոսության եւ ուսանողության շրջանում դիտվի որպես հերթական մի գիտափորձ, որ քանդելու է մեր ունեցածը եւ բերելու նորը, մեր ծրագրերն ի դերեւ կլինեն»,- ԵՊՀ-ում երեկ հրավիրված «Կրեդիտային համակարգին անցած բարձրագույն ուսումնական հաստատությունների փորձի վերլուծություն եւ արդյունքների ընդհանրացում» թեմայով կոնֆերանսի ժամանակ ասաց ՀՀ կրթության նախարար Լեւոն Մկրտչյանը: ՀՀ մի շարք բուհերի ռեկտորներ, պրոռեկտորներ, համապատասխան մասնագետներ զեկույցների միջոցով ներկայացրին իրավիճակը իրենց բուհերում: ԵՊՀ պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը տեղեկացրեց, որ մյուս ուսումնական տարվանից ԵՊՀ-ի մագիստրատուրայում կներդրվի կրեդիտային համակարգը, իսկ 8-9 տարի հետո միայն՝ բակալավրիատում: Այսինքն՝ կրեդիտային համակարգը վերաբերում է ԵՊՀ-ի միայն մյուս տարվա առաջին կուրսի մագիստրանտներին:

ԿԳ նախարարն իր վերջին ասուլիսում փաստեց, որ այսօր Բոլոնյան գործընթացի՝ բուհական համակարգի բարեփոխումների մասին նույնիսկ դասախոսներն աղոտ պատկերացում ունեն եւ դա վատ քարոզչության արդյունք է: Ա. Գրիգորյանը նույնպես ուսանողների թերահավատությունը՝ կրեդիտային համակարգի վերաբերյալ, պատճառաբանեց նրանով, որ ուսանողները պարզապես բավականաչափ տեղեկություն չունեն համակարգի մասին:

Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում Բոլոնյան գործընթացը եւ նրա բաղադրիչներից մեկը՝ կրեդիտային համակարգը: Այն մեծ հաշվով ենթադրում է համակարգում կոռուպցիայի վերացում: Իսկ դա կարվի տարբեր մեխանիզմներով, օրինակ՝ բուհերում քննությունները կարող են հանձնվել համակարգիչներով, որոշակի թեստերի միջոցով: Այդ գործընթացը կարող է ուսանողի ցանկությամբ երկարել. այսքան ժամանակահատվածում պետք է հավաքել այսքան կրեդիտ՝ այսինչ փուլն անցնելու համար եւ այլն:

Կոնֆերանսի ընթացքում Լ. Մկրտչյանը շեշտեց այն հանգամանքը, որ ոչ թե մեր հանրապետությունը մեխանիկորեն պիտի միանա այդ գործընթացին, այլ հանդես գա շինարարի դերում: Իսկ հայաստանյան կրթական դաշտում յուրաքանչյուր բուհ իր մեթոդներով է անցնելու այս համակարգին: Չնայած նրան, որ Բոլոնիայի գործընթացը ենթադրում է սկզբունքների ու չափանիշների միջազգային ստանդարտներ, այնուամենայնիվ, գործընթացն իրականացնելու համար յուրաքանչյուր գիտական հաստատություն ընտրում է նախապատրաստական իր քայլերը: Օրինակ՝ Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը վարվել է այսպես. «Քանի որ մեր համալսարանը լեզվաբանական ուղղություն եւ լեզվական առումով առավելություններ ունի, ուստի վաղուց հեշտությամբ համագործակցում ենք Եվրախորհրդի հետ: Թարգմանել ենք նաեւ համաեվրոպական հայեցակարգ, որը վերաբերում է լեզվի ուսուցման ու գնահատման սկզբունքներին: Մենք կիրառում ենք մոդուլային համակարգ, ըստ որի՝ ուսանողը քննության գնահատականը վաստակում է ողջ տարվա աշխատանքի շնորհիվ,- ասաց բուհի ռեկտոր Սուրեն Զոլյանը:- Ամենալուրջ խնդիրն այն է, որ կարողանանք համապատասխանեցնել մեր ուսումնական ծրագրերը կրեդիտային համակարգին: Պիտի հասկանանք, որ ոչ մի երկիր չունի հստակ մոդելներ, որ մենք բերենք եւ տեղայնացնենք: Պետք է հաշվի առնել նաեւ մեր ավանդականը, մանավանդ, եթե այժմ, նոր համակարգին անցնելու համար, չկան համապատասխան մասնագետներ ու ռեսուրսներ»:

Լեւոն Մկրտչյանը տեղեկացրեց, որ կոնֆերանսին ներկայացված զեկույցների հիման վրա կձեւավորվի փաստաթուղթ եւ կկատարվեն համապատասխան վերլուծություններ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել