Մտորումներ Վիկտոր Դալլաքյանի՝ «Մեր ապագայի բանալիները» հոդվածի մասին («Առավոտ», 2006թ. նոյեմբերի 10):
Մեր օրերում մարդկության լուսավոր դեմքերը զանազան երկրներից եւ մայրցամաքներից ձգտում են համապատասխան պատասխաններ գտնել համաշխարհային զարգացման օբյեկտիվ եւ մեծամասամբ դրական այնպիսի միտումների վերաբերյալ, որոնք բնութագրվում են գլոբալիզացիա տարողունակ հասկացությամբ: Այդ իրողության գիտակցումը ստիպում է մտորել, թե ինչպես ներգրվել գլոբալիզացվող աշխարհ՝ Հայաստանի Հանրապետությանը: Ընդ որում, առանձնահատուկ կարեւորության խնդիր է դառնում այն պետական ռազմավարության մշակումը, որը կոչված է նվազեցնել գլոբալիզացիայի հնարավոր բացասական հետեւանքները եւ առավելագույնս ավելացնել դրանով պայմանավորված օգուտները:
Ուշագրավ է, որ աղետի կանխագուշակման կամ արդի աշխարհում տեղի ունեցող գործընթացների իմաստավորման փորձերով հարուստ են բեստսելլեր դարձած ժամանակակից արեւմտյան մասնագետների, նախեւառաջ՝ Ֆրենսիս Ֆուկոյամայի, Պատրիկ Բյուկկենենի, Էմանուէլ Տոդտի, Սեմյուել Խանդինգտոնի, Ֆարիդա Զաքարիայի, Դյագդիշ Բխագվատիի եւ այլ հեղինակների գրքերը:
Ասվածի համատեքստում միաժամանակ տարակուսանք եւ խոր տագնապ է առաջացնում մեր պետական այրերի մեկուսանալը ձեւավորվող նոր աշխարհակարգում Հայաստանի դերը որոշելու վերաբերյալ այդքան կենսական հարցերից: Հանրապետության իշխանությունը գլխավորող անձանց բացարձակ քաղաքական կարճատեսությունը եւ նրանց կողմից ինչպես գլոբալ, այնպես էլ տարածաշրջանային մասշտաբով արդի իրողությունների ըմբռնումը կարելի է որակել ոչ այլ կերպ, քան որպես անիրազեկություն: Անիրազեկություն, որը վտանգում է հայկական պետության ազգային անվտանգության հիմքերը:
Եվ իշխանական, եւ մերձիշխանական քաղաքական մտքի լճացման ճնշող այս ֆոնի վրա պատեհաժամ է ներկայացվում Վիկտոր Դալլաքյանի բարեխիղճ փորձը՝ նորովի իմաստավորել հայ ժողովրդի եւ հայկական պետականության կայացման պատմությունը: Եվ ոչ միայն իմաստավորել, այլեւ, որն ավելի արժեքավոր է՝ որոշել հայկական քաղաքակրթության համաշխարհայինին ինտեգրվելու ճանապարհը: Առանձնապես կարեւոր է, որ «Մեր ապագայի բանալիները» հետազոտության հեղինակն ընդգծում է այդ ինտեգրման միակ ճիշտ ճանապարհը, որը հիմնված է հատուկ գործոնների հաշվառմամբ՝ քաղաքացիական հասարակության ձեւավորման սկզբունքների, ինչպես նաեւ միջին ձեռներեցության գերիշխող դերի առկայությամբ գործող ազատական տնտեսության վրա:
Վիկտոր Դալլաքյանի «Մեր ապագայի բանալիները» հոդվածը, իմ կարծիքով, ունի անվիճելի արժեք մեր այն հայրենասերների համար, որոնք XXI-րդ դարի արմատական փոփոխությունների էպոխայում սուր անհրաժեշտություն են զգում հայ ժողովրդի ազգային նույնականության պահպանման հեռանկարների եւ ձեւերի մասին սեփական պատկերացումների ձեւավորման: Դրական գնահատականի եւ ամենայն հավանության է արժանի հետազոտության հեղինակի նվիրվածությունն այն գաղափարին, որ բուռն փոփոխվող աշխարհում Հայաստանի բարգավաճումը հնարավոր է եւ կապված է քրիստոնեական արժեքների հիման վրա հանրապետության քաղաքացիների հոգեւոր մաքրման հետ: