Լրահոս
Օրվա լրահոսը

Մոմերը պատրաստեք

Դեկտեմբեր 25,2006 00:00

Մեկ էլեկտրիկներն են «քաշում», մեկ մալուխներն են համը հանում

Ամեն տարի դեկտեմբերին մայրաքաղաքում զանգվածային հոսանքազրկումներ են լինում: Օրինակ՝ Հարավ-արեւմտյան թաղամասում ամեն օր 1-2 ժամով էլեկտրամատակարարումը դադարում է: Իհարկե, բոլոր երկրներում էլ երբեմն վթարներ լինում են, հոսանքալարերը մաշվում են, եւ էլեկտրամատակարարման խափանումներն անխուսափելի են, բայց մեր երկրում հենց դեկտեմբերին են նման խնդիրներ առաջանում: Էլեկտրիկները հոսանքի անջատումները պայմանավորում են Ամանորի պատրաստություններով՝ ասելով, որ մարդիկ շատ են ջեռոց ու էլեկտրասարքեր միացնում, բայց այս օրերին, երբ Նոր տարվան դեռ մեկ շաբաթ էլ կա, ոչ ոք այդքան վաղ ճաշատեսակներ չի պատրաստի: Էլեկտրամատակարարման խափանումների պատճառն իրականում բոլորովին այլ է: Էլեկտրիկները հաշվետվություն են ներկայացնում էլցանցին ու քանի որ ողջ տարվա ընթացքում անհախ-անհաշիվ էլեկտրական հաշվիչներն իրենց նախաձեռնությամբ հետ-առաջ են տալիս, տարվա վերջում ստիպված են լինում շատ բարդ մաթեմատիկական խնդիրներ լուծել՝ պետության հետ պարտքուպահանջ չունենալու համար:

Էլեկտրամատակարարման ժամանակ էլեկտրիկների համար դժվար է հաշվել, թե տվյալ բնակիչը որքան հոսանք կծախսի ու ըստ այդմ կատարած մեքենայությունները նրա հաշվին ծածկել, իսկ հոսանքն անջատելով՝ հաշվարկը հնարավորինս թեթեւանում է, եւ այն բնակչի օգտագործած հոսանքը, ում հետ էլեկտրիկը համագործակցել է, մի գիշերվա մեջ գրանցվում է մեկ այլ բնակչի հաշվին: Հակառակ դեպքում էլեկտրաէներգիայի կորուստը կմնա էլեկտրիկի վրա, ու նա սեփական գրպանից ստիպված պետք է լինի փոխհատուցել:

Հարավ-արեւմտյան թաղամասում հոսանքազրկումների պատճառ է դառնում նաեւ հոսանքալարերի մաշվածությունը: Ամեն տարի Ամանորի օրը Մալաթիա-Սեբաստիայի բնակիչները մոմի լույսի տակ են անցկացնում: Անցյալ տարի դեկտեմբերին, երբ այս թաղամասում դարձյալ էլեկտրամատակարարման հետ կապված խնդիրներ էին առաջացել, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն այդ խափանումները կապեց անբարենպաստ եղանակի հետ. «Ի՞նչ կարող ենք անել, հնուց ժառանգած փտած մալուխներ են, անընդհատ պրոբլեմներ են ստեղծվում»: Այդ «փտած» մալուխներն ընկերությունը խոստացել էր փոխել ընթացիկ տարում: Երբ օրերս հրավիրած ասուլիսում մենք ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Գլադունչիկից հետաքրքրվեցինք, թե կատարե՞լ են ներդրումները, «փտած» մալուխները փոխե՞լ են՝ նա պատասխանեց. «Մալուխները փոխելու գործընթացը դեռ շարունակվում է, եւ այդ հարցը կլուծվի առաջիկայում»: Այնպես որ, շատ հնարավոր է, որ այս թաղամասի բնակիչներն Ամանորի մոմերն այս տարի էլ ժամանակից շուտ վառեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել