Կառավարությունը նվազագույն աշխատավարձը բարձրացնելով՝ թոզ է փչում ժողովրդի աչքին:
Կառավարությունը Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել միանգամից երկու օրինագիծ, առաջինը՝ «Նվազագույն ամսական աշխատավարձի», երկրորդը՝ «ՀՀ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի» մասին: Մեկով բարձրացնում են նվազագույն աշխատավարձի չափը ընդամենը 5000 դրամով, իսկ մյուսով՝ մի քանի անգամ բարձրացնում են բարձրաստիճան պաշտոնյաներինը, ընդ որում՝ օրինագիծը պաշտոնյաների այնպիսի ցանկ է ներկայացնում, որտեղ որեւէ հորիզոնականում պարկեշտ եւ իր աշխատավարձով ապրող պաշտոնյա գրեթե չես գտնի: Օրինակ՝ 3-րդ հոդվածի համաձայն, 20 անգամ ավելանալու են պատգամավորի, նախարարի, գլխավոր դատախազի, ոստիկանապետի, Ազգային անվտանգության ծառայության պետի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի, ՀՀ նախագահի, ԱԺ-ի եւ կառավարության աշխատակազմի ղեկավարի, վիճծառայության նախագահի, Երեւանի քաղաքապետի աշխատավարձերը: Սա, մեղմ ասած, վեր է տրամաբանության ընդունելի սկզբունքներից մի քանի պատճառներով. նախ, կառավարությունը պաշտոնյաների աշխատավարձը բարձրացնելը ներկայացնում է իբրեւ «կոռուպցիայի դեմ պայքարի» եղանակ: Որպեսզի կառավարության այդ քայլը գոնե արդարացված լիներ, անհրաժեշտ էր նախ եւ առաջ թույլ չտալ, որ Հայաստանը հայտնվեր «Transparency International»-ի կողմից բոլորովին վերջերս՝ 2006-ի նոյեմբերին հրապարակված 71 ամենակոռումպացված երկրների ցանկում: Հետո, նվազագույն աշխատավարձը 20.000 դրամի բարձրացնելն ակնհայտորեն ձեւական բնույթ է կրում, որովհետեւ պետք է հաշվի առնել սահմանած գումարի գնողունակությունը, այսինքն՝ այն ապրանքների քանակը, որ անհրաժեշտ է գոյատեւելու կամ գոնե սովամահ չլինելու համար: Իսկ այն, թե հատկապես վերջին շրջանում ինչքան է գնողունակությունն ընկել՝ բոլորիս է հայտնի, որովհետեւ, եթե մի քանի տարի առաջ 1000 դրամով կարելի էր գնել, ասենք, 10 կգ կարտոֆիլ, հիմա նույն գումարով առավելագույնը ձեռք կբերես 4-5 կգ, այսինքն՝ բարձրացված աշխատավարձը մարդուն մեծ հաշվով ոչինչ չի տալիս:
Հենց կառավարության մաս կազմող ՀՀ առողջապահության նախարարությունը նվազագույն սննդացանկ է կազմել, ըստ որի, մեկ ամսվա ընթացքում մեկ անձը պետք է սննդի համար ծախսի 33 հազար 154 դրամ: Այսինքն՝ մեկ օրվա հաշվարկով այն կազմում է մոտ 1100 դրամ: Սա մարդու մեկ օրվա սննդի նվազագույն զամբյուղն է: Համեմատեք այս պաշտոնական թիվը նվազագույն աշխատավարձի՝ 20.000 դրամի եւ ավելի ամոթալի՝ կենսաթոշակի նվազագույն չափի՝ 11.000 դրամի հետ եւ կտեսնեք, թե որքան մեծ լավություն է անում կառավարությունը՝ նվազագույն աշխատավարձի չափը կամ կենսաթոշակը մի քանի հազար դրամով բարձրացնելով. թոշակառուին բաժին է հասնում օրական 367 դրամ: Ընդ որում, իր թոշակից նա պետք է նաեւ վճարի լույսի, հեռախոսի, գազի, ջրի վարձերը:
Մարդն առողջ մնալու համար օրական պետք է ընդունի 2200 կիլոկալորիա սնունդ, մինչդեռ, եթե թեթեւ հաշվարկ կատարենք, կտեսնենք, որ նվազագույն կենսաթոշակը մարդուն հնարավորություն կտա 10-15 օրում ընդունել մեկ օրվա սնունդը:
Թեեւ կառավարությունը հավաստիացնում է, որ որեւէ կապ չկա նվազագույն աշխատավարձի եւ նվազագույն կենսաթոշակի չափի միջեւ՝ պատճառաբանելով, թե առաջինի աղբյուրը պետական բյուջեն է, իսկ մյուսինը՝ կենսաթոշակային հիմնադրամը, բայց դա միայն կառավարության տրամաբանությունն է, որն ավելի շատ մոտ է մանկամտությանը: Եթե խոսքը գնար երկու տարբեր, ասենք, միջազգային դոնոր կազմակերպությունների մասին, դա, ինչ-որ տեղ, խելքին մոտ կլիներ: Սակայն տվյալ դեպքում խոսքը նույն երկրի այն նույն գործարարների մասին է, որոնցից գանձվում են ե՛ւ հարկերը, ե՛ւ կենսաթոշակային վճարները: Նույն կառույցներն են, նույն կլանները, նույն մարդիկ, որոնք միասին վերցրած ավելացնում են ստվերային տնտեսությունը եւ գնալով ոչնչացնում դրա հարկվող հատվածը: Այդ իսկ պատճառով իրենք իրենց բիզնեսներից հարկեր եւ կենսաթոշակային վճարներ արդեն դժվարանում են գանձել՝ հօգուտ ինչ-որ թոշակառուների կամ հասարակ աշխատողների: Ինչպես տեսնում եք, նվազագույն աշխատավարձի եւ նվազագույն կենսաթոշակի չափի միջեւ իրական կապն ակնհայտ է, ուստի ոչ միայն կենսապահովման նվազագույն 2200 կիլոկալորիայի, այլեւ սպառողական զամբյուղի հաշվարկը պետք է դրվի բյուջեի հիմքում:
Պետբյուջեն պետք է հաշվարկել ոչ թե այն սկզբունքով, թե գողությունից հետո ինչքան է մնացել եւ դա ուղղվի ծախսային մաս, ինչպես դա արվում է այսօր, այլ պետք է ճշգրիտ հաշվարկել հասարակության կարիքները՝ սկսած կենսաթոշակներից, նվազագույն աշխատավարձից, վերջացրած առողջապահության, գիտության, կրթության եւ այլ ոլորտների առաջնահերթություններով:
Փաստն այն է, որ այսօր պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացումը տեղի է ունենում պետբյուջեի 180-200 մլն դոլարի հասնող դեֆիցիտի, 771 մլն առեւտրային դեֆիցիտի եւ արտաքին ներդրումների, արդյունաբերության կտրուկ անկման պայմաններում: