Այնքան շատ ծնողներ են հրաժարվում արատ ունեցող իրենց երեխաներից, որ Խարբերդի մանկատանն արդեն տեղ չկա:
Յուրաքանչյուր ննջասենյակ նախատեսված է 7-8 մահճակալի համար, բայց երեխաներն այնքան շատ են, որ սենյակներում դրված է 14-15 մահճակալ: Երեխաները քնում են նույնիսկ խաղասենյակներում:
Քրիստինեն արդեն 13 տարի է՝ մանկատանն է: Հայրը զոհվել է Ղարաբաղի պատերազմում: Մայրը նրան հաճախ է տուն տանում: Չնայած Քրիստինեն շատ է ուզում հայրական տանն ապրել, բայց մոր ասելով՝ մանկատանն ավելի լավ են պահում նրան, իսկ գյուղում հնարավորություն չկա:
Դավիթից ծնողները հրաժարվել են հենց ծննդատանը: Նա Խարբերդի մանկատան ամենաուրախ երեխաներից է: Երազում է ունենալ «մեծ շուն, որը կհաչա», եւ խաղալիք հրացան:
Մանկատան աշխատակիցների թիվը փոքր է, դրա համար էլ երեխաներն են միմյանց օգնում՝ տեղաշարժվելու համար:
Հերմինեն 13 տարեկան է: Չնայած մայրը նրանից հրաժարվել է, բայց նա մորը չի մոռանում: Նա արդարացնում է մորը՝ ասելով, որ «նրա աշխատանքը շատ ծանր է, ես գիտեմ, որ մամայիս համար դժվար է»:
Հաշմանդամ երեխաների հանգիստը հայ «աստղերի» նյարդերի վրա ազդել է:
«Իմ մաման ամենասիրունն է ու ամենալավը, հեսա որ գա՝ կտեսնեք»,- իր մորը բոլորին այսպես է ներկայացնում Խարբերդի մասնագիտացված մանկատան բնակիչ 11-ամյա Սոֆին: Բայց նրա մայրն այդպես էլ չի գալիս: Մանկատան աշխատակիցների պատմելով՝ Սոֆին թեեւ երբեւէ իր մորը չի տեսել, բայց նրան հաճախ է հիշում. «Երբ նրան հարցնում ենք, թե Ձմեռ պապից ի՞նչ ես ուզում, ոչ մի խաղալիքի անուն չի տալիս, միայն մորն է ուզում, նրա մասին այնպես է խոսում, կարծես տեսել է»:
Ներկայումս Խարբերդի մանկատանը Սոֆիի ճակատագիրը կիսող 251 երեխա կա: Նրանցից 90-ն արդեն չափահաս է: Մանկատան բնակիչների մեծ մասը ծննդատանը թողած երեխաներ են, որոնց ծննդատնից տեղափոխում են Գյումրիի հաշմանդամ երեխաների մանկատուն, իսկ այնտեղից էլ՝ Խարբերդ: Խարբերդի մանկատունը նախատեսված է 6-16 տարեկան երեխաների համար: «16 տարին լրանալուց հետո ֆիզիկական եւ մտավոր խնդիրներ ունեցող երեխաներին պիտի տեղափոխեն Վարդենիսի մանկատուն, բայց քանի որ Վարդենիսում տեղ չկա, մի կերպ այստեղ ենք տեղավորել, բա ի՞նչ պիտի անենք, հո դուրս չե՞նք գցելու: Մենք ծրագիր ենք կազմել, որով նախատեսվում է մեր մանկատան տարածքում նոր շենք կառուցել՝ չափահաս երեխաների համար, բայց այն դեռ քննարկման փուլում է»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց մանկատան տնօրեն Հարություն Բալասանյանը:
Թեեւ Խարբերդի մանկատան երեխաների թիվը մեծ է, բայց մանկատան աշխատողները քիչ են եւ չեն հասցնում բոլորին ինչպես հարկն է խնամել, երեխաներին անվասայլակով անընդհատ տեղափոխել այնտեղ, որտեղ նրանք ուզում են: Սա հաստատեց նաեւ տնօրենը: Հաճախ քայլասայլակով տեղափոխվող երեխաներն են իրենց անվասայլակով ընկերներին օգնում տեղաշարժվելու հարցում: Մեր ներկայության պահին, երբ հերթական անգամ մի քանի երեխաներ օգնում էին միմյանց, հանկարծ անվասայլակով ընկերոջը տանող երեխաներից մեկը հավասարակշռությունը կորցնելով՝ ձեռքից բաց թողեց սայլակը, եւ հաշմանդամը գլորվելով՝ վայր ընկավ սայլակից ու լուրջ վնասեց ճակատը:
Չնայած այս դեպքին, տնօրենի ներկայացմամբ՝ երեխաներն այս մանկատանն իրենց շատ լավ են զգում. «Ամեն օր 4 ժամ տաք ջուր է լինում ու առավոտները երեխաները լոգանք են ընդունում, բայց կան անկողնային հիվանդներ, որոնց խնամքն ավելի բարդ է ու նրանց լողացնելը շատ ժամանակ է խլում դայակներից»: Հակառակ տնօրենի այն հավաստիացումներին, որ երեխաներն ամեն առավոտ լողանում են, մանկատան ննջասենյակներում օդը շատ ծանր էր եւ մեզի հոտ էր գալիս:
Մանկատան տնօրենի աշխատասենյակը հագեցած էր ժամանակակից տեխնիկայով՝ DVD, հեռուստացույց, սառնարան եւ այլն: Բայցեւայնպես, մեր հարցին, թե մանկատունն ինչի՞ կարիք ունի, տնօրենն այսպիսի պատասխան տվեց՝ «Փուչիկի: Նոր տարի է, գոնե մի հարյուր հատ փուչիկ է պետք, որպեսզի դահլիճն ու միջանցքները զարդարենք»: Բացի փուչիկներից, մանկատունը նաեւ ավտոբուսի կարիք ունի, ինչը հաստատեց նաեւ տնօրենը. «Ուզում ենք երեխաներին թատրոն կամ մի ուրիշ տեղ տանել՝ ավտոբուս չունենք, մի հատ փոքր գազել է, որը քիչ է: Ուզում եմ քաղաքապետին խնդրել, որ Ֆրանսիայից բերած ավտոբուսներից մեկը մանկատանը նվիրի»:
Դեկտեմբերի 3-ը Հաշմանդամ երեխաների պաշտպանության օրն է: Նույնիսկ այդ օրը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը մանկատանը ոչ մի ուշադրության չի արժանացրել: Հասարակական կազմակերպություններն ավելի շատ են աջակցում Խարբերդի երեխաներին, քան պետական կառույցները: Խարբերդի մանկատան երեխաների հետ աշխատում է «Պատմոս-Արարատ» հ/կ-ն, որը երեխաներին երբեմն տանում է կրկես, տիկնիկային թատրոն կամ մայրաքաղաքի տարբեր զբոսայգիներ: «Առաջին անգամ, երբ գնացել էինք զբոսայգի, մի քանի ընտանիք հաշմանդամ երեխաներին տեսնելով՝ վեր կացան ու արհամարհական գնացին այգուց, իսկ կրկեսում ու տիկնիկային թատրոնում մի կին իր երեխային մեջքով դեպի մեզ էր թեքել ու ձեռքով փակել նրա դեմքը, որ մեր կողմ չնայեր»,- պատմեց հ/կ-ի նախագահ Ռուզաննա Շահինյանը:
Երեխաներին մինչեւ հոգու խորքը վիրավորել է հայ «աստղերից» ոմանց վերաբերմունքը: Այս ամռանը «Պատմոս-Արարատ» հ/կ-ի հետ մանկատան երեխաները Ֆրանս-հայկական հիմնադրամի օժանդակությամբ գնացել են Շորժա՝ հանգստանալու: Այդ ժամանակ Շորժա նկարահանման են եղել հայ երգչուհիներից Շուշան Պետրոսյանը եւ երգիչ Տիգրան Պետրոսյանը: Երեխաների ուրախ ժամանցը «խանգարել» է «աստղերին», որոնք, երեխաների պատմելով՝ նրանց շատ կոպիտ սաստել են՝ ասելով, թե «դուք մեր հանգիստը խանգարում եք»: Շուշան Պետրոսյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ իսկապես այդ ժամանակ այդտեղ եղել են, բայց բնականաբար հերքեց, որ հաշմանդամ երեխաների հետ կոպիտ է վարվել. «Դուք ինձանից նման բան սպասո՞ւմ եք: Հակառակը, ես շատ ազդված եմ, ո՞նց կարող են այդքան անարդար բան ասել»: Նկատենք, որ որքան էլ երգչուհին ժխտեց, երեխաներն այն աստիճան վիրավորված են եղել դեպքից, որ նույնիսկ նրա ու Տիգրան Պետրոսյանի ձայնասկավառակները կոտրել են:
16-ամյա Համլետը մանկատանն է՝ ծնված օրվանից: Նրա մոտ ծննդատանը հայտնաբերել են մանկական ուղեղային կաթված, ու քանի որ ծնողները հրաժարվել են վերցնել՝ նրան ծննդատնից տեղափոխել են մանկատուն: Պարոն Բալասանյանի պատմելով՝ շատ պատահական գտել են Համլետիկի մորը: Թեեւ մայրն ուզում է տեսակցել որդուն, բայց նրա սկեսուրը չի թողնում: Համլետիկը երազում է երկու բան՝ նախ տեսնել Հիսուսին, հետո՝ լավ քայլել: Մանկատան աշխատակիցների ներկայացմամբ՝ Համլետը շատ տաղանդավոր է ու ձեռքից շատ բան է գալիս. նա կոտրված իրերն ինքնուրույն վերանորոգում է: Վերջերս նաեւ ընկերոջ մաշված կոշիկն է վերանորոգել: Համլետն ուզում է աշխատանքային գործիքներ ձեռք բերել՝ փայտի վրա փորագրել սովորելու համար: Մեր հարցին՝ թե ի՞նչ նվեր ես ուզում Ձմեռ պապից՝ նա պատասխանեց՝ «փլեյեր»:
Մանկատան մեկ այլ բնակչին՝ Արտյոմիկին Խարբերդ է բերել պապը: Տնօրենի պատմելով, երբ նրան բերեցին մանկատուն, նա 9 տարեկան էր ու դեռ հատուկ բժշկական զննում պիտի անցներ, որպեսզի պարզվեր՝ նրան կընդունեի՞ն, թե՞ ոչ, քանի որ նա չի լսում: Բայց երբ դուրս են եկել մանկատնից՝ Արտյոմը հանկարծ թողել է պապի ձեռքն ու ինքնուրույն գնացել մանկատուն: Այս քայլից հետո տնօրինությանն այլ ելք չի մնացել, քան ընդունել երեխային: Արտյոմիկի մայրը որդու որպիսությունն իմանալու համար մանկատուն է զանգում տարին 3 անգամ՝ Արտյոմի ծննդյան օրը, Ամանորին եւ Երեխաների պաշտպանության օրը՝ հունիսի 1-ին: Մեկ- մեկ էլ նամակ է գրում: Նա Ստավրոպոլում է եւ նամակներում ամեն անգամ երեխային հույսով է անում, որ շուտով փող կլինի ու կգա՝ իր տղային կտանի: Արդեն 5 տարի է՝ Արտյոմը սպասում է մորը:
Մանկատան աշխատակիցների պատմելով՝ լինում են դեպքեր, երբ մայրն իր հիվանդ երեխային մանկատուն է հանձնում՝ ամաչելով ու վախենալով, որ հասարակությունը չի ընդունի նրան: Օրինակ՝ Վեդիից մի կին իր 9-ամյա աղջկան թողել է մանկատանը՝ պատճառաբանելով, թե մնացած 3 աղջիկներին կամուսնացնի, հետո կտանի: Հիվանդ երեխան ընտանիքի «սեւ բիծն» է: