Լրահոս
Օրվա լրահոսը

Ծառայությունների մատուցման «սուպերմարքեթը»

Դեկտեմբեր 25,2006 00:00

Չարենցավանի քաղաքացիները տեղեկություն կստանան գերմանական ձեւով

Մոտ մեկ ամիս է՝ Չարենցավանի քաղաքապետարանում Գերմանական տեխնիկական համագործակցության կազմակերպությունը գրասենյակ է հիմնել: Մենք Գրասենյակի ծրագրերի եւ կանխատեսումների բաժնի պետ Գրիշա Խաչատրյանից հետաքրքրվեցինք, թե գրասենյակն ինչո՞վ է զբաղված:

– Մոտ մեկ տարի առաջ Չարենցավանի քաղաքապետարան այցելեցին Գերմանական տեխնիկական համագործակցության կազմակերպության անդամները՝ տարածքային փոխնախարար Վաչե Տերտերյանի ուղեկցությամբ: Նրանք հետաքրքրված էին մեր քաղաքապետարանի տեղեկատվական համակարգով: Արդյունքում՝ նրանց կողմից բարձր գնահատականի արժանացան այդ ոլորտում կատարած մեր աշխատանքները: Նույնիսկ հարցրին, արդյո՞ք այդ տեղեկատվական համակարգը մեր մշակածն է, թե՞ այլ երկրից է ներմուծված: Այդ ժամանակ էլ պայմանավորվեցինք տեղեկատվական համակարգի հիմքի վրա ստեղծել գրասենյակ, որը թույլ կտա ավելի արդյունավետ դարձնել քաղաքացիների սպասարկումը: Գրասենյակը տրամադրում է տարբեր տեղեկատվություն: Քաղաքացին կարող է իմանալ տեղական բյուջեի, գույքահարկի, հողի հարկի մասին: Ծխախոտի, ոգելից խմիչքների վաճառքի համար քաղաքացին դիմում է գրասենյակ, որպեսզի թույլտվություն ստանա: Ծառայությունների շրջանակը շատ լայն է, ընդհուպ մինչեւ քաղաքացիական կացության ակտերի գրանցումը: Քաղաքացին կարող է տեղում հեռախոսով ինֆորմացիա ստանալ իրեն հուզող հարցի շուրջ՝ իրազեկ պաշտոնյայից: Ունենք փոքրիկ գրադարան՝ համալրված շատ կարեւոր գրքերով: Նաեւ այդ գրքերից կարող են օգտվել:

– Կա՞ր գրասենյակ հիմնելու անհրաժեշտություն, թե այդ քայլին դիմեցիք զուտ ֆինանսական շահագրգռության համար:

– Իհարկե, անհրաժեշտություն կար: Եթե կա տարբերակ՝ աշխատանքներն ավելի լավ կազմակերպելու, քաղաքացիներին ավելի լավ սպասարկելու, ինչո՞ւ չանել: Գրասենյակը կարելի է համարել ծառայությունների մատուցման սուպերմարքեթ, որտեղից քաղաքացին ստանում է անհրաժեշտ տեղեկատվությունը՝ մեկ տեղից, հարմար պայմաններում, քաղաքապետարանում բաժնից բաժին, հարկից հարկ պտտվելու եւ դռների առջեւ սպասելու փոխարեն:

– Գրասենյակի բացման համար համայնքի բյուջեից եւ՞ս գումար է ներդրվել:

– Ըստ պայմանագրի, գումարի 20%-ը մենք պետք է տրամադրեինք: Գերմանական կողմը մոտ 30 հազար եվրո է տրամադրել: Այդ գումարներով նաեւ գնել ենք համակարգիչներ, գույք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել