Լրահոս
Օրվա լրահոսը

ԴՊՐՈՑՆԵՐԸ ՊԱՏՐԱ՞ՍՏ ԵՆ ՆՈՐ ՄԵԹՈԴՆԵՐԻՆ

Դեկտեմբեր 25,2006 00:00

\"\"Համաշխարհային բանկի «Կրթության որակ եւ համապատասխանություն» ծրագրի շրջանակներում 2005-2008 թթ. նախատեսված է նոր մեթոդներով վերապատրաստել հանրապետության 38 հազար ուսուցչի: Մինչեւ հիմա վերապատրաստվել է 17 հազարը եւ, ԿԳ նախարարի հավաստիացմամբ, ծրագրից այս առումով համակարգը ետ չի մնում:

Նոր, ինտերակտիվ, աշակերտակենտրոն ուսուցումը, ինչպես առիթ ունեցել ենք ներկայացնելու, ոչ բոլոր ուսուցիչների սրտով է: Օրինակ, այսօր դպրոցներն ի վիճակի չեն լրացուցիչ գրենական պիտույքներ (տարբեր չափերի ստվարաթղթեր, մարկերներ, գունավոր թղթեր) ձեռք բերել՝ դասերն առավել գործնական ու պատկերավոր մեթոդներով անցկացնելու համար: Կամ՝ ոչ բոլոր ուսուցիչների նյարդերն են բավարարում խմբային, համագործակցային ուսուցման համար, երբ դասի ժամանակ երեխաներին պետք է խմբերի բաժանել, հանձնարարություններ տալ, խմբակային քննարկումներ ծավալել եւ այլն:

Արդյոք այսօր կիրառվո՞ւմ են նոր մեթոդները դպրոցներում: Փորձեցինք հարցում անցկացնել այն ուսուցիչների շրջանում, ովքեր ամռան ընթացքում 5-օրյա վերապատրաստման դասընթացներ էին անցել:

«Հինգ օրում ուսուցիչ չեն վերապատրաստում: Միանգամից ամեն ինչ վերափոխելը, այն էլ կրթության բնագավառում, անընդունելի է»,- կարծում է Լեւոն Շանթի անվան թիվ 4 դպրոցի տնօրեն Անահիտ Վարդանյանը: Նույն դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչ Գոհար Սիմոնյանը նույնպես այդ կարծիքին է, եւ իբրեւ դրա հետեւանք՝ ասում է, որ նոր մեթոդները հաճախ ուսուցիչներն էլ չեն հասցնում այդքան կարճ ժամանակահատվածում ընկալել:

«Ամեն ինչից դժգոհելը հեշտ է: Ուսուցիչը, ի վերջո, այդ ամենն իր փորձի հիման վրա պիտի կիրառի։ Չէ՞ որ այն ժամանակ դասավանդման կարգը քարացած էր, իսկ ներկայիս մեթոդներն ավելի ճկուն եւ շարժուն են»,- ասում է Վահան Թեքեյանի անվան թիվ 92 դպրոցի դասվար Նախշուն Մհերյանը:

Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի դասվար Կարմեն Վիրաբյանը ներկայացնում է նոր մեթոդների դրական եւ բացասական կողմերը. «Այսօրվա կրթական ծրագրերով հնարավոր չէ դա ամեն օր կիրառել: Իսկ եթե ծրագրերը մի քիչ թեթեւանան, այս մեթոդի կիրառությունն ավելի արդյունավետ կլինի: Խմբային աշխատանքի մեթոդը երեխաներին հնարավորություն է տալիս խմբով աշխատել, ինքնուրույն մտածել, սեփական կարծիքն ունենալ»:

«Սկզբում, երբ այս ձեւով էինք դասերն անցկացնում, ցածր գնահատականներ էինք ստանում: Սակայն հիմա ընտելացել ենք»,- մեզ հետ զրույցում պատմեց Ջ. Կիրակոսյանի անվան դպրոցի աշակերտ Ռոբերտ Գասպարյանը: «Խմբային աշխատանքի ժամանակ դասերն ավելի ուրախ են անցնում: Հետաքրքիր է, երբ իրար ինչ-որ բան ենք բացատրում, օգնում թույլերին»,- ասաց նույն դպրոցի աշակերտ Կարեն Խաչիկյանը: Բացի դպրոցական ներկայիս խրթին ծրագրերից, ուսուցիչների կարծիքով, խմբային աշխատանքի կիրառմանը խանգարող որոշ այլ հանգամանքներ էլ կան: Որպես այդպիսին, մեր հարցմանը մասնակցած ուսուցիչների մեծ մասը նշում է աղմուկը. թիվ 118 դպրոցի տնօրեն Կարինե Հովակիմյանը կարծում է. «Գուցե փոխադարձ օգնության առումով այս մեթոդները կիրառելը նպատակահարմար է, բայց աղմուկի մեջ չեմ կարծում՝ գիտելիքը տրվում է այնքան, որքան անհրաժեշտ է: Գուցե սա գալիս է նրանից, որ մենք ավանդական դաստիարակության եւ մտածողության կրողն ենք եւ վարժված ենք նրան, որ դասարանում միայն քար լռության պայմաններո՞ւմ կարելի է գիտելիք տալ»:

«Մեր պայմաններում միանգամից այդ մեթոդներին անցնելն անհնար է: Նախ՝ դասարանում աշակերտների թվաքանակն է խանգարում: Այս կարգի դասեր անցկացնելու համար աշակերտների թիվը պիտի քիչ լինի, երեխաները դեռ պիտի ընտելանան այդ նոր մեթոդներին: Սակայն դրանց կիրառման դեպքում ինչ-որ չափով երեխան կկտրվի դասագրքային մտածողությունից»,- ասում է թիվ 118 դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Հերիքնազ Կարապետյանը:

«Երբեմն հաջողության չհասնելու պատճառն այն է, որ առաջին դասարանից չենք օգտագործում այդ մեթոդները: Քանի որ երեխաները սովոր չեն այս մեթոդներին, խմբերի բաժանման համար ժամանակի կորուստ ենք ունենում: Դասարանային պայմաններն են երբեմն խանգարում»,- կարծում է Խ. Աբովյանի անվան թիվ 2 դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Անահիտ Վարդանյանը: Խմբային աշխատանքում ուսուցչուհին խիստ ուշադրություն է դարձնում նաեւ երեխայի հոգեբանական պատրաստվածությանը: Ա. Վարդանյանն իր փորձի ընթացքում հանդիպել է այնպիսի դեպքի, երբ խմբային աշխատանքում դասընկերները մեղադրել են իրենց ընկերոջը, ով թերացել է աշխատանքի կատարման ժամանակ եւ ում պատճառով գործը ետ է ընկել: Այս առումով պետք է կարողանալ նաեւ աշխատանքի ճիշտ բաժանում կատարել, որպեսզի որեւէ մեկը չճնշվի եւ հնարավորություն ունենա իր ուժերի չափով դրսեւորվել:

Ջ. Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի տնօրեն Անահիտ Խոսրովյանը վստահեցնում է, որ նոր մեթոդների կիրառման հարցը դպրոցում՝ մեծապես կախված է տնօրենի մոտեցումից. «Եթե փնովեց, քննադատեց, այդպիսի վերաբերմունք կունենան նաեւ ուսուցիչները, իսկ ընդունելու դեպքում՝ նրանք լայնորեն կկիրառեն»:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել