ՀԺՄ մրցանակն այս տարի հանձնվեց կինոգետ Դավիթ Մուրադյանին ու գրականագետ Գառնիկ Անանյանին
Երեկ Հայաստանի ժուռնալիստների միությունում (ՀԺՄ) ամփոփվեցին միության «Ոսկե գրիչ» մրցանակաբաշխության արդյունքները: Ըստ ՀԺՄ կանոնադրության, պարգեւատրվում են միայն Ժուռնալիստների միության անդամ հրապարակախոսները:
«Ոսկե գրիչն» անցկացվում է 1978-ից, մրցանակին արժանացել է 28 հրապարակախոս: Երեկ 29-րդ եւ 30-րդ դափնիները շնորհվեցին Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան, գրականագետ Գառնիկ Անանյանին՝ «Գլոբալիզացիա եւ նրա տեղեկատվությունը», «Ժուռնալիստիկայի հրատապ խնդիրները», «Քաղաքականությունների բախո՞ւմ, թե՞ երկխոսություն», «Պատմությունն ընդդեմ համաշխարհայնացման» աշխատանքների եւ կինոգետ, Հայաստանի գրողների միության քարտուղար Դավիթ Մուրադյանին՝ «Եվրոպական անիվների վրա», «Ժառանգության իրավունք» հրապարակախոսական հոդվածների ժողովածուների համար: «Ոսկե գրիչ» մրցանակաբաշխության հանձնաժողովի նախագահ, Լրագրողների միության փոխնախագահ Գրիգոր Ջանիկյանը նշեց, որ «Ոսկե գրիչը» իրենց բարձրագույն մրցանակն է, որը տրվում է լավագույն հրապարակախոսական գործունեության եւ հիմնականում գրքի համար: «Մրցանակը շնորհելիս հաշվի են առնվում տվյալ հրապարակախոսի հասարակական գործունեությունը, գրական վաստակը եւ ակտիվությունը»,- ասաց նա: «Գառնիկ Անանյանը ժուռնալիստների մի քանի սերունդ է ասպարեզ հանել: Վերջերս նա «Գրական թերթում» հրապարակեց հրաշալի հոդվածաշար՝ աշխարհաքաղաքականացման թոհուբոհում հայ ժողովրդի ազգային ինքնությունը պահպանելու մասին: Ինչ վերաբերում է Դավիթ Մուրադյանին, նրա ուղեգրական նոթերը՝ «Եվրոպան անիվների վրա», արդեն թարգմանվել է աշխարհի տարբեր լեզուներով: Գրքում հայ մարդու հայացքն է՝ աշխարհից Հայաստանին ուղղված»: Պրն Ջանիկյանը նաեւ տեղեկացրեց, որ բացի այս մրցանակից, ամեն տարի աշնանը՝ «Հյուսիսափայլի» տարեդարձի օրը, Ժուռնալիստների միությունը հրապարակախոսական աշխատանքների համար «Հյուսիսափայլի» մրցանակների է արժանացնում երիտասարդ եւ տարբեր սերնդի ժուռնալիստներին, դարձյալ նույն վերապահությամբ. մրցանակները ստանում են միայն Հայաստանի ժուռնալիստների միության անդամները:
«Ոսկե գրիչ» մրցանակի արժանացած Դ. Մուրադյանը նշեց. «Սա կարեւոր մրցանակ է ինձ համար, որովհետեւ կենսագրություն ունի: Այս մրցանակին արժանացել են լավագույն գրողներն ու հրապարակախոսները՝ Պերճ Զեյթունցյանը, Վարդգես Պետրոսյանը, Արմեն Հովհաննիսյանը, Զորի Բալայանը, Մարգո Ղուկասյանը: Մեր երիտասարդության տարիներին մեզ համար նրանք հրապարակախոսական արվեստի չափանիշներ էին: Բայց մյուս կողմից սա դժվարացնելու է իմ հետագա կյանքը, որովհետեւ «Ոսկե գրիչ» ունեցողներից պահանջելու են ոսկե էջեր»: Իսկ Գ. Անանյանը նախ շնորհակալություն հայտնեց, որ «Ոսկե գրչի» իր «հարեւանը» Դ. Մուրադյանն է, հետո էլ ավելացրեց. «Վայ այն մարդուն, որի գրիչը միայն հացի համար կաշխատի: Լրագրողներին կոչ եմ անում երբեք իրենց գրիչը չվաճառել եւ առաջնորդվել միայն ազնվությամբ ու սկզբունքայնությամբ»: