Դեկտեմբերի 14-ին Փարիզի Կոնսերժերի թանգարանում բացվեց «Հայաստանի 12 մայրաքաղաքները» ցուցահանդեսը:
Ֆրանսիայում Հայաստանի Մշակութային տարվա շրջանակներում «Հայաստանի 12 մայրաքաղաքները» ցուցահանդեսը առաջին լայնածավալ միջոցառումն է, որը կազմակերպվել է Ֆրանսիայի ազգային հուշարձանների կենտրոնի, Կոնսերժերի թանգարանի, Հայաստանի պատմության թանգարանի եւ «Նարեկ Սարգսյան» ճարտարապետական արվեստանոցի կողմից: Հայկական կողմից ցուցահանդեսի գլխավոր պատասխանատուն Է ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, գիտական ղեկավարը՝ Հայաստանի ԳԱԱ արվեստի ինստիտուտի ճարտարապետության բաժնի վարիչ Մուրադ Հասրաթյանը: Հանրահայտ Կոնսերժերիի 1200 քմ սրահում ներկայացված են Հայաստանի 12 մայրաքաղաքների ճարտարապետական ժառանգությունը ներկայացնող լուսանկարներ, մանրակերտեր, խաչքարեր, զարդարվեստի, ասեղնագործության նմուշներ, ազգային տարազներ, հին գորգեր եւ այլն: Բացմանը ներկա Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռենո Դոնեդիո դը Վաբրի գնահատմամբ՝ «դա Հայաստանի տարվա ամենաառանցքային միջոցառումներից է, որը լավագույն պատկերացում է տալիս Հայաստանի հինավուրց եւ հարուստ քաղաքակրթության ու մշակույթի մասին»:
Ցուցահանդեսը մեծ հետաքրքրություն է առաջացրել ֆրանսիական մշակութային հասարակության եւ լրատվամիջոցների շրջանակում: Ըստ Կոնսերժերիի ադմինիստրացիայի ղեկավարության, արդեն իսկ առաջին երեք օրերի ընթացքում «Հայաստանի 12 մայրաքաղաքները» դիտելու է եկել ավելի քան հազար այցելու եւ նախատեսվում է, որ Փարիզում ցուցահանդեսի ողջ տեւողության ընթացքում, մինչեւ մարտի 18-ը, այն կդիտի շուրջ 100.000 այցելու: Արդեն առաջին օրն իսկ հայտեր եղան ցուցահանդեսը տեղափոխելու նաեւ Ֆրանսիայի այլ քաղաքներ, ապա նաեւ՝ Բելգիա:
Փարիզում Հայաստանի 12 մայրաքաղաքների պատմաճարտարապետական ժառանգությունը ներկայացնող ցուցահանդեսը խիստ կարեւոր նշանակություն ունեցավ ոչ միայն մեր երկրի հինավուրց մշակույթը Եվրոպայում ներկայացնելու, այլեւ ֆրանսիական լրատվամիջոցների ուշադրությունը Հայաստանի տարածքներից դուրս գտնվող հայկական հուշարձանների պահպանության խնդրին սեւեռելու առումով: Մասնավորապես, այնպիսի հեղինակավոր ֆրանսիական լրատվամիջոցներ, ինչպիսիք են «Լը Մոնդն» ու «Ֆիգարոն», իրենց անդրադարձներում հատուկ ուշադրություն են դարձրել այն փաստի վրա, որ Հայկական մշակութային հուշարձանների մեծ մասն այսօր գտնվում է Թուրքիայում, եւ հատուկ կարեւորել են դրանց պահպանության ուղղությամբ նաեւ եվրոպական կառույցների կողմից ձեռնարկվելիք քայլերը։:
Ինչպես տեղեկացրեց հայկական կողմից ցուցահանդեսի գլխավոր պատասխանատու, ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, ֆրանսիացի մի խումբ ճարտարապետների կողմից նախատեսվում է ստեղծել շարժում՝ ի պաշտպանություն Հայաստանի տարածքներից դուրս գտնվող հուշարձանների պահպանության, ինչպես նաեւ Նորավանքը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային արժեքների ցուցակում ընդգրկելու նպատակով:
Ի դեպ, հատկանշական է, որ Հայաստանի պատմաճարտարապետական ժառանգության վերաբերյալ ցուցահանդեսը անցկացվում է Կոնսերժերիում՝ հարեւանությամբ գոթական ճարտարապետության ամենահայտնի գլուխգործոցներից մեկի՝ 13-րդ դարում կառուցված Սեն-Շապելի տաճարի, որի բառելիեֆներից մեկի վրա պատկերված են հայկական Զվարթնոց տաճարն ու Նոյյան տապանը: