Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵԹԵ ՈՒԶՈՒՄ ԵՔ ԵՐԿԻՐԸ ԵՐԿԻՐ ԴԱՌՆԱ…»

Դեկտեմբեր 25,2006 00:00

Եթե առաջիկա խորհրդարանական ընտրություններից առաջ չհաջողվի նորմալ ընդդիմադիր բլոկ ստեղծել, Արշակ Սադոյանը կգնա միայն իր կուսակցությամբ՝ ակնկալելով ընտրողների նյութական աջակցությունը:

Ընտրությունների համար խիստ կարեւոր գործոն համարելով նյութական ռեսուրսները՝ ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանը գտնում է, որ եթե չհաջողվի համախմբել ընդդիմադիր ուժերին եւ ընտրությունների գնալ մեկ միասնական ճակատով, ապա «պետք է իսկապես ձեւավորել լուրջ ընդդիմադիր բլոկ: Ցավոք, ընդդիմության ճամբարում որոշակի բարդություններ կան գաղափարական տեսակետից, առավել եւս, երբ արհեստականորեն հարց է առաջ քաշվում, թե ինչ սկզբունքների շուրջ են համախմբվում, երբ ընդամենը պետք էր խնդիր դնել մեկ բան՝ հանուն ժողովրդավարության, հանուն ազատ եւ արդար ընտրությունների: Այս պայմաններում մենք փորձելու ենք ի մի բերել ընդդիմության ճամբարը, որոշակի կազմակերպված, մեծ բլոկ ստեղծել, եւ եթե դա չհաջողվի, մեր կուսակցությունը առանձին է գնալու ընտրությունների: Կփորձենք նյութական խնդիրը լուծել ինչ-որ ճանապարհով, դիմելով ուղղակի մեր քաղաքացիներին, գոնե քիչ թե շատ ապահով մարդկանց, ասելով՝ եթե ուզում եք երկիրը երկիր դառնա, պետք է նաեւ նյութապես աջակցեք»: Նկատեցինք, որ սովորաբար ընտրողներին են նյութական «ռեսուրսներ» տալիս ընտրություններից առաջ եւ ոչ թե նրանցից են ակնկալում կամ պահանջում: Արշակ Սադոյանը ինքն իրեն անդավաճան հայտարարեց, որ եթե այս երկրի քաղաքացիները ուզում են ապրել նորմալ երկրում, եթե ուզում են, որ այս երկիրը երկիր դառնա, ապա պետք է նյութապես օգնեն այդ նույն հարցերով մտահոգ ընդդիմադիր ուժերին:

Իսկ այսօր գործող ընդդիմադիր մի քանի ճակատների մասին՝ «Այլընտրանք», «Քաղաքացիական անհնազանդություն», «Հակակրիմինալ շարժում», Արշակ Սադոյանը իր հատուկ կարծիքն ունի. «Ես զարմանում եմ, երբ այսօր ընդդիմադիր ճամբարում ջուր են լցնում իշխանության ջրաղացին՝ ձեւավորելով ընտրությունների հետ կապված բլոկներ, երբ ընտրություններին հինգ ամսից էլ քիչ ժամանակ է մնացել, եւ երբ իշխանափոխության խնդիրը պետք է լուծվի առաջին հերթին ընտրություններով եւ ընտրությունների հետ կապված կեղծիքներին հակահարված տալով: Քանի որ եթե այս անգամ էլ ընտրությունները կեղծվեն, ապա մենք պետք է այլեւս տուն չգնանք, եւ ընտրությունների կեղծիքը բնականորեն պետք է վերաճի թավշյա հեղափոխության: Այս իրավիճակում բոլոր նրանք, ովքեր թիվ մեկ խնդիրը չեն համարում պայքարել ընտրությունների արդարության համար եւ կեղծվելու դեպքում՝ պայքարել, որ իշխանափոխություն լինի թավշյա հեղափոխության ճանապարհով, ապա ես համարում եմ, որ բոլոր այդ ուժերը շեղվում են հիմնական պայքարի ուղղությունից»: Սակայն Արշակ Սադոյանը համաձայն չէ, որ ընտրություններից առաջ պայքարը ընթանում է ոչ թե իշխանական եւ ընդդիմադիր ուժերի միջեւ, ինչը պետք է որ նորմալ լիներ, այլ՝ հենց ընդդիմության ներսում: Եթե ՀՀԿ խմբակցության անդամ Գալուստ Սահակյանը համոզված է, որ այսօր ընդդիմադիրները իրար ավելի շատ են «ուտում», քան իշխանության կուսակցությունները, ապա Արշակ Սադոյանը ամենեւին էլ այդ կարծիքին չէ. «Ճիշտն ասած, կուզենայի հակադարձել՝ իսկ ի՞նչն է պատճառը, երբ որեւէ խնդիր չկա իրար դեմ կռվելու, լրագրողները այդպես են մտածում եւ հարցեր են տալիս»: Այդ պարագայում դարձյա՞լ լրագրողներն են մեղավոր: Ստացվում է՝ ոչ այնքան, քանի որ Արշակ Սադոյանը եւս ընդդիմությունը բազմադեմ է համարում. «Եթե խոսքը վերաբերում է պատմություն ունեցող ընդդիմությանը, ինչքան տեսնում եք՝ մեր միջեւ մեծ լարվածություն եւ կռիվներ չկան, այլ բան է, որ իշխանություններին շատ ձեռնտու է, որ այդպիսի տպավորություն ստեղծեն, եւ այս գզվռտոցների մասին էլ այնքան են ասում, որ նույնիսկ ընդդիմադիր ճամբարում հաճախ կուլ գնալով երրորդ կամ չորրորդ փչացած հեռախոսի էֆեկտով արվող հայտարարություններին՝ պատասխան է տրվում եւ սկսվում է իսկապես գզվռտոց: Կարծում եմ, ընդդիմության ճամբարում պետք է խոսքը գնա ոչ թե կռիվների մասին, այլ այն մասին, թե ինչո՞ւ են պասիվ»:

Գալուստ Սահակյանը նաեւ տեսակետ արտահայտեց, թե քանի որ ապագա խորհրդարանում ընդդիմության տեղերը քչություն են անելու, այդ պատճառով են ընդդիմադիր ուժերը իրար դեմ պայքարում՝ ցույց տալու համար, թե ով է ավելի ընդդիմադիրը: Արշակ Սադոյանը այս մտքին եւս չհամաձայնեց եւ ասաց. «Եթե Գալուստ Սահակյանը ասում է՝ քանի որ իրենք կեղծելու են ընտրությունները եւ նկարովի ընդդիմությանը տալու են ընդամենը 15-20 տեղ, ապա տեղի քչության պատճառով ընդդիմության ճամբարում պայքար է գնալու իրենց կողմից թույլատրված տեղերի համար, կարող է ճիշտ է ասում, եթե այդ կարգի նկարովի ընտրություններ են լինելու: Իսկ եթե ընդդիմությունը պայքարում է, որ թույլ չտա ընտրությունները կեղծվեն եւ ինքը կարողանա վերցնել 70-80 տեղ, եւ այդ դեպքում տեղերը քչություն կանեն դիմության ճամբարում, եւ դիմության ճամբարում կսկսվեն կռիվները իրար հետ, ինչը որ արդեն սկսվել է, եթե նկատի ունեք «Բարգավաճ Հայաստանի» եւ Հանրապետականի կռիվները, այս պարագայում ակնհայտ է, որ ուղղակի Գալուստ Սահակյանը տեղերը շուռ է տվել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել