Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են աղմկում ուսխորհուրդները

Դեկտեմբեր 25,2006 00:00

Կաշառակեր դասախոսների միջնորդները նաեւ ուսխորհրդի անդամներ են

Օրերս Սոցիալ դեմոկրատական-հնչակյան կուսակցության «Սարգիս Տխրունի» երիտասարդական միության՝ բուհերի 2000 ուսանողների շրջանում անցկացրած «Կա՞ արդյոք կոռուպցիա բուհերում» հարցման արդյունքներին դեմ են արտահայտվել որոշ բուհերի ուսանողներ: Օրինակ, Երեւանի պետական գեղարվեստի ակադեմիայի ուսանողները «Առավոտին» ուղղած նամակում իրենց բուհի անունը այս մասով շահարկելը վարկաբեկիչ եւ անհիմն են համարում: Ուսխորհրդի նախագահ Հայկ Մարտիրոսյանը հավաստիացնում է, որ նման հարցումներ իրենց մոտ չեն անցկացվել: Միաժամանակ ակադեմիայի ուսանողությունը պատրաստակամություն է հայտնում ցակացած ժամանակ աջակցել նմանատիպ հարցումների անցկացմանը:

Երեկ այս առնչությամբ պարզաբանումներ խնդրեցինք «Սարգիս Տխրունի» միության ատենապետ Սահակ Մանուկյանից եւ վարչության անդամ Արամայիս Մադաթյանից: Նշենք, որ նույն օրը մեզ ուղարկված մեկ այլ նամակում հարցումների հեղինակները ցավ էին հայտնում, որ մի շարք ուսանողական խորհուրդներ մոռացկոտ են եւ չեն հիշում այն հանգամանքը, որ հենց իրենք են մասնակցել բուհական կոռուպցիայի հետ կապված սոցհարցումներին: Խոսքը այն ուսխորհուրդների մասին է, որոնք նախօրոք օգնել են անցկացնել հարցումները՝ խնդրելով չհրապարակել իրենց անունները: Ս. Մանուկյանը նշեց, որ հարցումներ անցկացնելուց առաջ նախօրոք համագործակցության են հրավիրել բոլոր ուսխորհուրդներին, սակայն մեծամասնությունը մերժել է՝ պնդելով, որ դա իրենց բուհի ներքին խնդիրն է: Նա ավելացրեց, որ բուհերից բացասական արձագանք ակնկալում էին. «Ոչ մեկի սրտով հաստատ չէր լինի, երբ հայտարարվեր, որ իրենց բուհում կոռուպցիա կա: Մեզ համար զարմանալի էր, որ Գեղարվեստի ակադեմիան նման ձեւով արձագանքեց, քանի որ կոռուպցիայի ցուցանիշն այդ բուհում բավական ցածր էր»:

Ա. Մադաթյանը նշեց, որ Երեւանի պետական բժշկական եւ Տնտեսագիտական համալսարանների ուսխորհրդի նախագահները կտրականապես արգելել են որեւէ հարցում անցկացնել, անգամ մուտք գործել իրենց բուհ: Այնուամենայնիվ, սոցհարցումներն այստեղ էլ են անցկացվել: Հարցումներ անցկացնողներին որոշ չափով աջակցել են միայն Երեւանի պետական համալսարանում: Սակայն այստեղ էլ չի հաջողվել գտնել որեւէ ուսանողի, որը կհամաձայներ լրացնել հարցաթերթիկը:

Ըստ Ա. Մադաթյանի, Երեւանի պետական ագրարային համալսարանում ընդունված է քննություններն ու ստուգարքները ստանալ նաեւ քյաբաբ-խորովածով եւ նույնիսկ՝ «նիսյա» փողով: Նա ավելացրեց, որ բուհերի ուսխորհուրդների անդամների՝ ծրագրին չաջակցելն էլ իր պատճառներն ունի. «նրանցից շատերը դասախոսի եւ ուսանողի միջեւ կաշառք տանող-բերող են հանդիսանում»: Սահակ Մանուկյանն ավելացրեց, որ մինչեւ 2007-ի հունվարի 10-ը պատրաստվում են անցկացված հարցումների հանգամանալից վերլուծությունը ներկայացնել ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել