Կարծիքներ նոր թեստային համակարգի շուրջ
«Եթե երեխան միայն նշումներ է անում, ոչինչ չի գրում, ինչպե՞ս կարելի է ստուգել նրա գիտելիքները։ Այդ նշումներն այնքան սեղմ են, որ մասնագետին նույնիսկ հնարավորություն չեն տալիս ստուգել երեխայի՝ հայոց լեզվի ուղղագրության իմացությունը»,- Նար-Դոսի անվան դպրոցի տնօրեն Արուսյակ Բարսեղյանը կարծում է, որ ավարտական եւ բուհական քննությունների համար նախատեսված, արդեն մի շարք դպրոցներում փորձարկված նոր թեստերն արդյունավետ չեն երեխայի իրական գիտելիքները գնահատելու համար։ Ա. Բարսեղյանը պատմեց, որ փորձարկման ժամանակ քննության ընթացքին հետեւող կազմակերպիչները նկատել են, թե ինչպես են երեխաները մատներով իրար հուշում հարցերի պատասխանները: Այսինքն՝ տնօրենը հաստատում է մեր այն կասկածները, որ այս համակարգով հուշումները թե երեխաների միջեւ, թե քննության կազմակերպիչների կողմից շատ ավելի հեշտ կլինեն: Քանի որ աշակերտին թեստը լրացնելիս պահանջվում է ընդամենը նշում անել այս կամ այն վանդակի մեջ, ապա հուշելն այս դեպքում հնարավոր է նույնիսկ ժեստերով։ Թերեւս հենց դա է եղել պատճառը, որ, տնօրենի ներկայացմամբ, իր դպրոցում «2» գնահատականի արժանի աշակերտը լավ գրավոր է ներկայացրել:
«Եթե միայն հայոց լեզու հանձնեին, առանց գրականության հարցերի, արդյունքներն ավելի բարձր կլինեին։ Երեխաները ցածր գիտելիքներ ունեն հատկապես գրականությունից։ Քանի որ մինչեւ հիմա դիմորդները ընդունելության քննություն չեն հանձնում գրականությունից, ապա մատների արանքով են նայել այս առարկային»,- ասաց թիվ 118 դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Հերիքնազ Կարապետյանը։
Ինչպես նկատեցինք, բոլոր դպրոցներում համարյա չկան անբավարար ստացած աշակերտներ։ Սա թերեւս հաստատում է ուսուցիչների այն պնդումը, թե թեստերը բավական մատչելի են կազմված, եւ այն, ինչին ձգտում էր հասնել ԿԳ նախարարը: Ըստ նրա, ավելի լավ է անցնելիք շեմը մատչելի լինի, շատ բավարար գնահատականներ լինեն, քան թե լինի անարժանների մի մեծ բանակ, որ համատարած 20 միավոր էր ստանում նախկին համակարգի «շնորհիվ»:
«Երբ նախագահի՝ կոռուպցիայի գծով խորհրդականն առաջին անգամ հայտարարեց, որ ամենակոռումպացված համակարգը կրթականն է, հասարակությունը շատ վրդովվեց, բայց դա իսկապես այդպես է, որովհետեւ շատերն են այդ ոլորտում ներգրավված: Այսօր Հայաստանի բնակիչների 90 տոկոսը կրթության համակարգի կոռուպցիայի մեջ մտած է: Հիմա եթե ներգրավվածության աստիճանն այդչափով դուրս գա, եւ ամեն մարդ հասկանա, որ երեխան եթե դպրոց գնաց, սովորեց դպրոցի ծրագրի շրջանակներում, քննություն տվեց, եւ այդ քննությունը ստուգեց մի մարդ, որ անկախ է, որին չեն կարող կաշառել, այդքան մարդ սկսում է հավատալ, որ օրենքի շրջանակներում հնարավոր է՝ մեր շահերը պաշտպանենք: Ուրեմն մյուս բնագավառներում էլ կկարողանանք դա անել: Եվ մարդկանց մտածելակերպի մեջ կմտնի այդ փոփոխությունը, որ շատ լավ է, երբ բոլորս օրենքով ապրենք: Այս բարեփոխումը, կարծում եմ, այդ մտածելակերպը կփոխի: Սա քաղաքացիական հասարակություն ունենալու երաշխիքներից մեկն է»,- ասում է թիվ 27 դպրոցի տնօրեն Անահիտ Բախշյանը: Բացի նշյալներից, տիկին Բախշյանի կարծիքով, երեխաներն այս համակարգի դեպքում ավելի վստահ են դառնում իրենց ուժերին. «Մեր դպրոցից մի երեխա անցյալ տարի այդպես էլ չհավատաց, որ իր դպրոցական գիտելիքներով կկարողանա բուհ ընդունվել ու գերազանցիկ, փայլուն երեխա լինելով՝ ոչ մի տեղ չդիմեց, չէր հավատում իր ստացած գնահատականներին, իսկ ծնողները հնարավորություն չէին ունեցել նրան ռեպետիտորի մոտ պարապել տալու: Իսկ այսօր երեխաներն սկսում են հավատալ իրենց ուժերին»: Տնօրենը հավաստիացնում է, որ բարձրացել է նաեւ ուսուցիչների զգոնությունը, նրանք արդեն պատահական ձեւով չեն անցկացնում դասերը: Իսկ երեխաները չեն ուզում բացակայել դասերից. «Եթե առաջ վարչական միջոցներ էինք կիրառում բացակայությունների դեմն առնելու համար, այսօր հենց իրենք չեն ուզում բացակայել, որովհետեւ գիտեն, որ իրենց ճակատագիրն այդ օրվա դասից է կախված նաեւ»:
«Եթե Ձեր դպրոցում որեւէ պաշտոնյայի երեխա քննություն տա, եւ զգաք, որ ուզում են նրան օգնել, կարգելե՞ք»՝ մեր հարցին տիկին Բախշյանը պատասխանեց. «Հատկապես նրա՛ գլխին կկանգնեմ ու կարգելեմ: Ամեն ինչ կախված է կազմակերպչից, կա՛մք է պետք»: Իսկ ընդհանրապես, ըստ Ա. Բախշյանի, շատ բան է կախված կրթության նախարարից: «Եթե որեւէ ղեկավար, պաշտոնյա, որին որեւէ բնագավառ է վստահված, համոզմունքներ ունի ու չգիտի, թե ինչպես այդ համոզմունքը ներշնչել, ուրեմն վատ ղեկավար է: Այսօրվա մեր ղեկավարը ոչ միայն կրթության պատասխանատուն է, այլեւ քաղաքական մի ուժի հեղինակություններից է: Եթե նրան հաջողվի այդ համոզմունքը փոխանցել ոչ միայն իր կողքի աշխատողներին, այլեւ հրավիրել բոլոր այն մարդկանց, ովքեր պետք է կազմակերպեն այդ քննությունները, եւ պահանջի, որ իսկապես ազնիվ ու անկախ աշխատեն, ես կասեմ, որ նա իսկապես ղեկավար է: Իսկ եթե նրան չհաջողվի ձեւը գտնել, ուրեմն իր ողջ կուսակցությանը վստահել չի կարելի: Ով ասում է չի հաջողի, ես ասում եմ կհաջողի, եթե…եթե այդ մարդն ամբողջ իր էությամբ ուզում է այդ գործը հաջողացնել, ամեն ինչ կախված է հենց իր անձից»: