Լրահոս
Օրվա լրահոսը

Կապացուցի՞, որ գերիշխող չէ

Դեկտեմբեր 25,2006 00:00

Շուկայում գերիշխող ճանաչվելը ոմանց համար «պրիստիժ» է, ոմանց համար էլ՝ գլխացավանք

Պարզվում է՝ տնտեսվարողները, անկախ իրենց գործունեության ոլորտից, եկամուտներից ու բիզնեսի կառավարման հմտություններից, բաժանվում են երկու խմբի. նրանք, ովքեր ամեն ինչ անում են, որ հանկարծ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից գերիշխող չճանաչվեն, եւ նրանք, ովքեր իրենք են դիմում, ներկայացնում են փաստաթղթեր ու համոզում հանձնաժողովին, որ իրենց ճանաչեն շուկայի լիդեր: Առաջինի դեպքում տնտեսվարողները վախենում են պատասխանատվությունից, որովհետեւ պարտավոր են հաշվետվություններ ներկայացնել հանձնաժողովին ու եթե չհիմնավորեն, ասենք, իրենց արտադրանքի գինը՝ կտուգանվեն: Իսկ մյուս դեպքում տնտեսվարողները մտածում են անուն վաստակելու մասին, որովհետեւ շուկայի գերիշխող լինելը դարձել է «պրիստիժնի»:

Շշալցված հանքային ջրերի շուկայում՝ առաջին տարբերակն է: Վերջերս հանձնաժողովի մասնագետները, ուսումնասիրելով շշալցված հանքային ջրերի շուկան, առավել խոշոր ծավալներ զբաղեցնող ընկերություններից մեկին (անունը չենք հրապարակում՝ գործարար համբավը չվնասելու համար) որոշել է գերիշխող ճանաչել: Բայց այդ հարցը հետաձգվել է, քանի որ «գերիշխողի թեկնածու» ընկերությունը, հանձնաժողովի տեղեկացմամբ՝ պատրաստվում է լրացուցիչ տվյալներ ներկայացնել եւ հիմնավորել, որ գերիշխողն ինքը չէ եւ որ իրականում շուկայում զբաղեցրած իր դիրքերն ավելի համեստ են: Քանի որ շշալցված հանքային ջրերի շուկայի «գերիշխողը» չի համաձայնել ընկերության զբաղեցրած դիրքի մասին հանձնաժողովի գնահատականներին, հանձնաժողովը շուկայի վերջնական գնահատականները կտա այն ժամանակ, երբ ընկերությունը կներկայացնի համապատասխան հիմնավորումները:

Հանձնաժողովը նաեւ ուսումնասիրել էր շշալցված աղբյուրի ջրի շուկան ու շուկայում գործող 5 տնտեսվարողներից երկուսին՝ «Բջնի» հանքային ջրերի գործարանին եւ «ՄԳԱ Վոթըր» ընկերությանը, որը մեզ հայտնի է «Մաքուր ջուր» ապրանքային նշանով, գրանցել գերիշխողների գրանցամատյանում: Արդյունահանված հանքային ջրերի շուկայում գերիշխող է ճանաչվել «Ադամանդ-Կ» ընկերությունը, որը, հանձնաժողովի գնահատմամբ՝ էական մրցակցության չի հանդիպում: Նա խոշոր հարկատուների ցանկում ընդամենը 211-րդ տեղում է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել