Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՐԿԱՅԻՆԻ ԳՈՐԾԵՐԸ ՇԱՏ ԷԼ ԼԱՎ ԵՆ

Դեկտեմբեր 25,2006 00:00

\"\"Այսպես է արձագանքում հարկայինը՝ իր հասցեին արված միջազգային կառույցների բացասական գնահատականներին:

Ազգային ժողովում ներկայումս քննարկվում է «Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը: Եթե գործող օրենքով հարկային մարմիններին արգելվում է որեւէ քաղաքական կուսակցության անդամագրվելը, ապա նոր օրինագծով առաջարկվում է հանել այդ արգելքը: Սա հարուցել էր ընդդիմադիր պատգամավորների դժգոհությունը, ըստ որոնց՝ նախընտրական շրջան է եւ այդ փոփոխությունը հատուկ է արվում՝ հարկայինի աշխատակիցներին ընտրություններում ակտիվ օգտագործելու համար: Սակայն իրենք՝ հարկային մարմինները, պարզվում է, այնքան էլ կողմ չեն, որ իրենց իրավունք տան այս կամ այն քաղաքական կուսակցությանն անդամագրվելու: Համենայնդեպս, երեկ «Առավոտի» հետ զրույցում Հարկային ծառայության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանը, որին «Տնտեսական լրագրողների ակումբը» կլոր սեղանի էր հրավիրել, այս առնչությամբ վստահեցրեց, որ եթե նույնիսկ այդ փոփոխությունը մտցվի, ինքը երբեւէ քաղաքականության մեջ չի մտնի. «Ես դրան դեմ եմ, ամեն մարդ պետք է իր գործով զբաղվի, լրագրողը՝ լրագրությամբ, հարկայինը՝ հարկահավաքությամբ, ես 49 տարեկան եմ, շատ հնարավորություններ եմ ունեցել քաղաքականություն մտնելու, բայց չեմ մտել ու չեմ էլ մտնի»:

Գրեթե բոլոր միջազգային կառույցները, այդ թվում՝ Համաշխարհային բանկը եւ Արժույթի միջազգային հիմնադրամը, ներկայացնելով մեր տնտեսության վագրային թռիչքները, այնուամենայնիվ, որպես մեր երկրի բացթողում, նշում են մաքսային եւ հարկային վարչարարությունը: Նույնիսկ հանրապետության նախագահն էր այդ մասին ասել, որ, իրոք, Հայաստանում հարկային վարչարարությունը դեռեւս հեռու է բավարար լինելուց: Սակայն հարկային մարմիններն այդ կարծիքին չեն: «Ես միշտ չէ, որ կիսում եմ նման գնահատականները, որովհետեւ հենց այդ վարչարարության հաշվին վերջին 4 տարում բյուջեում շարժ է նկատվում: Մենք ապահովեցինք անհրաժեշտ հարկային եկամուտներ, այս տարվա եկամուտները համեմատեք անցյալ տարվա եկամուտների հետ, 20 տոկոսից ավելի աճ կա, իսկ դա ի՞նչ է նշանակում, որ 40 մլրդ դրամից ավելի գումար է մտել»,- ասաց պարոն Ալավերդյանը: Ըստ նրա, «Միջազգային կառույցներն այդ գնահատականները տալիս հիմնվում են ՀՆԱ-հարկեր հարաբերակցության ցուցանիշների վրա, որը Հայաստանում ցածր է: Բայց նկատենք, որ 2007-ին 80 մլրդ դրամի եկամուտների աճ եւ 15 մլրդ դրամից ավելի սոցվճարների աճ է նախատեսվում: Պատկերացրեք՝ մեր տնտեսության մեջ ինչ կտրուկ թռիչքներ, ինչ ներդրումներ, ինչեր են տեղի ունենալու, որ հնարավոր լինի այդ գումարները ստանալ, դրա հիմնական աղբյուրը պետք է լինի մեր վարչարարության բարելավումը»:

Հարկային դաշտում բարեփոխելու լուրջ անելիքներ կան հատկապես օրենսդրական առումով, որը մի շարք սողանցքներ է թողնում հարկատուների համար: Օրինակ՝ մեր օրենսդրությամբ օտարերկրյա ներդրումով ձեւակերպված ընկերությունները կարող են 2 տարի օգտվել շահութահարկի նվազեցման արտոնությունից: Այս է պատճառը, որ տնտեսվարողները, օրինակ՝ ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը երկու տարին մեկ շաքարավազի շուկայում օտարերկրյա ներդրումով նոր ընկերություն է գրանցում եւ այդպես էլ 100 տոկոս շահութահարկ չի վճարում: Այս առնչությամբ, պարոն Ալավերդյանի մեկնաբանությամբ՝ «նա պարզապես օգտվել էր արտոնություն նախատեսող գործող օրենսդրությունից: Այդ արտոնություններին հարկային մարմինները կտրականապես դեմ են եղել, դեմ ենք եւ միշտ դեմ կլինենք: Բայց այդ արտոնությունները կան եւ հանիրավի՞ են օգտվում, թե՞ ոչ, ոչինչ չենք կարող անել»:

Օրերս Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը մտահոգություն էր հայտնել, որ վերավաճառողները հարկման դաշտում չեն աշխատում: Սակայն Արմեն Ալավերդյանն այս դիտարկմանը համամիտ չէ: Նա փորձում էր համոզել, որ վերավաճառողը խեղճ մարդ է, որը պարզեցված կամ հաստատագրված հարկ է վճարում. «Վերավաճառողները նրանք են, ովքեր փոքրիկ կրպակ ունեն՝ 2, 3 կամ 10 քմ տարածքով: Մեր ապրանքային մասսան վաճառվում է կամ նման կրպակներում, կամ տոնավաճառներում, որոնք էլի հաստատագրված են վճարում: Ո՞նց կարելի է ասել՝ չեն հարկվում: Հարկվում են, բայց հարկման մեխանիզմներն են այդպիսին: Նրանք տալիս են այնքան հարկ, որքան օրենքով նախատեսվում է: Մենք փոքր բիզնեսի կայացման խնդիր ունենք եւ դեմ ենք, որ պարզեցված հարկը հանենք»: Նկատենք, որ խոսքը տվյալ դեպքում փոքրիկ կրպակների մասին չէ, ինչի մասին ներկայացնում էր պարոն Ալավերդյանը: Պարզեցված հարկ են վճարում այն առեւտրի կետերը, որոնց ամսական շրջանառությունը 50 մլն դրամից չի անցնում: Մինչդեռ այսօր մեր երկրում սուպերմարքեթներ կան, որոնց օրվա շրջանառությունն է 50 մլն-ից անցնում, բայց նրանք պարզեցված հարկով են աշխատում: Եթե հարկային տեսուչները մեկ առ մեկ թեկուզ 1 օրով հետեւեն բոլոր խանութների շրջանառությանը, պատկերացում կկազմեն նրանց իրական եկամուտների ու շրջանառության մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել