Երեկ Ժիրայր Սեֆիլյանին եւ Վարդան Մալխասյանին ազատ արձակելու պահանջով միանգամից մի քանի հայտարարություն է հրապարակվել:
«Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության հիմնադիր անդամ Ժիրայր Սեֆիլյանին եւ «Հայրենիք ու պատիվ» կուսակցության անդամ Վարդան Մալխասյանին անհապաղ կալանքից ազատ արձակելու պահանջով հայտարարությունների ու դիմումների «շքերթը» շարունակվում է: Երեկ նման պահանջ պարունակող հայտարարություններ են տարածել «Հայ կամավորականների համախմբման» այն անդամները, ովքեր իրենց զինակիցների ձերբակալությունից հետո ենթարկվել են խուզարկության կամ հարցաքննությունների, նաեւ՝ Ջավախքում ստեղծված «Ի պաշտպանություն Ժիրայր Սեֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի» կոմիտեն, իսկ Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում ստեղծված «Ժիրայր Սեֆիլյանի պաշտպանության հանձնախումբը» եւ եւս 1500 լիբանանահայեր դիմում են հղել ՀՀ ԱԱԾ-ին: Մինչ դրանց անդրադառնալը, հիշեցնենք, որ Սեֆիլյանն ու Մալխասյանը մեղադրվում են բռնությամբ սահմանադրական կարգը տապալելու կոչեր անելու մեջ:
Այսպես, «խուզարկվածներն ու հարցաքննվածներն» իրենց հայտարարության մեջ արձանագրել են, որ Ժ. Սեֆիլյանի եւ Վ. Մալխասյանի կալանման, նաեւ համատարած խուզարկությունների եւ հարցաքննությունների «իրական նպատակը «Հայ կամավորականների համախմբման» ներկա եւ ապագա մասնակիցների շրջանում վախի մթնոլորտ ձեւավորելն է»: «Մենք՝ հարցաքննության եւ խուզարկության ենթարկված «Հայ կամավորականների համախմբման» անդամներս, հայտարարում ենք, որ ի տարբերություն իշխանության մոտալուտ կորուստը կանխազգացող վարչախմբի՝ մեր մեջ վախի, «սարսափի անասունը» վաղուց սպանված է, չենք ընկրկել եւ չենք ընկրկելու մեր դեմ կիրառվող ճնշումներից եւ լի ենք վճռականությամբ՝ հաղթական ավարտին հասցնելու մեզ բաժին ընկած առաքելությունը»,- ասված է վերջիններիս հայտարարությունում:
Ջավախքում ստեղծված «Քաղբանտարկյալների պաշտպանության» կոմիտեի հայտարարության մեջ էլ ասված է, թե ջավախահայությունը լրջորեն մտահոգված է հայ ժողովրդի ազատագրական պայքարի նվիրյալների ձերբակալության կապակցությամբ, եւ «կոչ է անում ՀՀ իշխանություններին վերանայել Ժ. Սեֆիլյանի եւ Վ. Մալխասյանի նկատմամբ որդեգրված անհամաչափ եւ քաղաքական բացահայտ հալածանքի տպավորություն ստեղծող պատժամիջոցները»: Հայտարարության հեղինակների կարծիքով, «ընդդիմադիր քաղաքական հայացքներ մարտական ուղղամտությամբ արտահայտող Ազատամարտի հերոսների ցուցադրական եւ իրավաբանորեն անհիմն կալանավորումը ու ՀՀ ԱԱԾ-ի ստալինյան բռնապետության ոճով անհեթեթ քաղաքական զրպարտությունների հրապարակային տարածումը վնասում են Հայաստանի միջազգային վարկանիշին ու Ջավախքի եւ աշխարհասփյուռ հայության Հայոց պետության նկատմամբ տածած վստահությանը»: