Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՅԼԵՑԻՆ՝ ՍԱՌՈՒՅՑԻ ՎՐԱՅՈՎ ԵՎ ՁՅԱՆ ՆԵՐՔՈ

Դեկտեմբեր 25,2006 00:00

\"\"Ժիրայր Սեֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի զորակցության շարժման համակարգող խմբի երեկ կազմակերպած բողոքի երթին մասնակցում էին ոչ միայն «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության անդամները:

Ժիրայր Սեֆիլյանին եւ Վարդան Մալխասյանին կալանքից ազատ արձակելու պահանջով ընթացած այս երթին ներկա էին բազմազան կուսակցությունների ներկայացուցիչներ: Ասենք, մասնակցում էր Վազգեն Մանուկյանի տիկինը՝ ԱԺՄ անդամ Վարդուհի Իշխանյանը, որն այսպես ներկայացրեց, թե ինչու է միացել բողոքի երթին. «Գտնում եմ, որ անարդար էր նրանց ձերբակալելը բանավոր խոսքերի համար: Ամբողջ ժողովուրդն էլ հայհոյում է այս իշխանություններին եւ սուր արտահայտություններ ասում: Է, բոլորին հո բանտ չե՞ն նետելու: Դեմ եմ այսպիսի ձերբակալություններին: Փոխանակ ձերբակալեն գող-ավազակներին, որոնք նստած են վերեւներում եւ թալանում են այս ժողովրդին, շքեղ, միլիոնանոց մեքենաներով են ման գալիս՝ ձերբակալում են այսպիսի մարդկանց, որոնք մեծ ներդրում ունեն պետության համար»:

Երթին մասնակցում էր նաեւ «Ազգային միաբանության» երիտասարդական թեւի ղեկավար Վիլեն Արեւշատյանը: Թերեւս անտեղյակ էր, որ Ախալքալաքում դեկտեմբերի 21-ին կայացած «Ի պաշտպանություն Ժիրայր Սեֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի» նախաձեռնության ձեւավորած կոմիտեն խստագույնս դատապարտել է «Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանի «պառակտիչ կեցվածքը՝ Ժիրայր Սեֆիլյանի եւ Վահագն Չախալյանի պաշտպանության տապալման ուղղությամբ», եւ վստահություն հայտնել, որ Գեղամյանի «գործունեությունը կարժանանա հայաստանյան հասարակության միահամուռ դատապարտությանը»:

Երթին մասնակցում էր նաեւ Հայաստանի կոմունիստական կուսակցության անդամ, գյումրեցի Սահակ Շիրոյանը, որը մեգաֆոնով հայտարարեց. «Եթե հաղթանակի չհասնենք մինչեւ նոր տարի՝ մենք նոր տարին դիմավորելու ենք փողոցում»:

Եվ վերջապես, երթին սկզբից մինչեւ վերջ մասնակցեցին «Նոր ժամանակներ»-ի ներկայացուցիչները, որոնք ՀՀ եւ ԼՂՀ դրոշներին միացրին նաեւ իրենց կուսակցական ծիրանագույն դրոշները, իսկ «Ժիրայր, Արցախը քեզ հետ է», «Չհամարձակվե՛ք արտաքսել Շուշիի Ժիրոյին» եւ այլ կարգախոսներին՝ «Նոր ժամանակներ» գրությամբ կարգախոսները: Նախագահի նստավայրի առջեւ երթին մի պահ միացավ նաեւ «Նոր ժամանակների» նախագահ Արամ Կարապետյանը: Փոքր-ինչ հիասթափված հարցրեց՝ «Բայց ինչի՞ մայթով», տեսնելով, որ երթի մասնակիցները դուրս չեն գալիս երթեւեկելի հատված:

Այս առումով՝ բացառիկ օրինապահ եւ խաղաղ երթ էր սա: Մերգելյան ինստիտուտի պուրակից մինչեւ Ազգային անվտանգության ծառայության շենք երկար երթուղին այս արտոնված երթի շուրջ 200 մասնակիցներն անցան բացարձակապես չխոչընդոտելով փողոցային երթեւեկությունը: Վանկարկում էին միայն այն, ինչ իրենց հաղորդում էին կազմակերպիչները: Ակնհայտորեն սա նրա հետեւանքն էր, որ մասնակիցների մեջ շատ էին հրամանի ենթարկվել սովոր նախկին կամավորականները: Երթի մասնակիցները նաեւ վիճաբանությունների մեջ չէին մտնում իրենց ուղեկցող ոստիկանների հետ:

Վերջիններս էլ առանձնապես պահանջկոտ չէին: Միայն մի պահ, երբ երթը կանգ առավ նախագահի նստավայրի առջեւ եւ «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության անդամ Սամվել Հարությունյանը հանդես եկավ ելույթով՝ բարձրաստիճան ոստիկաններից մեկը սկսեց անհանգստացնել հռետորին՝ «Միտինգի մի՛ վերածեք»: Երթն ավելի երկարատեւ կանգառ ունեցավ խորհրդարանի եւ ԱԱԾ-ի մոտ, որտեղ ավելի շատ ելույթներ հնչեցին, սակայն ոստիկաններին սա արդեն չանհանգստացրեց:

Մենք զրուցեցինք կալանավորված Վարդան Մալխասյանի հարազատների հետ, որոնք նույնպես մասնակցում էին երթին: Նրա կինը՝ մանկավարժ Ալվարդ Գրիգորյանը, պատմեց, թե դեկտեմբերի 9-ին ինչպես է կատարվել ամուսնու ձերբակալությունը եւ տան խուզարկությունը. «Սարսափելի էր այն, ինչ տեղի ունեցավ մեզ հետ: Մենք մինչեւ հիմա չենք կարողանում դուրս գալ այդ շոկից, թե ինչքան անմարդկային ձեւով էին մոտեցել մեզ: Խուզարկությունը կատարվեց կեսգիշերն անց՝ 00:15-ին: Դիմակավորված 12 անձնավորություններ ներխուժեցին տուն: Տղայիս ավտոմատների փողի տակ պահել էին պատի մոտ ու չէին թողնում շարժվել: Բոլորիս կանգնեցրել էին պատի մոտ եւ ասում էին՝ չշարժվեք: Իսկ Վարդանն այդ պահին քնած էր: Հետո ամբողջ տունը մինչեւ լույս խուզարկեցին, քանդեցին, թափեցին, բայց ոչինչ չհայտնաբերեցին: Վերջում էլ՝ արդեն լուսաբացին, ասացին, թե իրենց հետ պիտի գնանք: Ես համառեցի՝ հարցրի, թե ինչի՞ համար: Պատասխանեցին, թե պետք է գաք եւ վերջ: Ես ասացի, թե այո՛, այսօր Մալխասյանին պետք է տանեք, քանի որ ոչ մի իշխանության օրոք նա չի կարողացել համակերպվել ոչ մի ապօրինի իշխանության հետ: Ո՛չ աթոռ է ուզեցել, ո՛չ փառք: Միայն ուզել է, որ երկրում իշխի օրինականությունը, որ ժողովուրդը նորմալ ապրի»: Վարդան Մալխասյանի դուստրը՝ Սոնան, լրացրեց. «Խուզարկության ընթացքում էլ նրանց առաքելությունն այն էր, որ համոզեն մեզ, մեր ընտանիքին: Ասում էին՝ ի՞նչ է եղել, գնացեք՝ գլուխներդ կախ, հանգիստ ապրեք, ի՞նչ եք ուզում: Սակայն համոզվեցին, որ մենք ընտանիքով բոլորս էլ պայքարող մարդիկ ենք»:

Երթի ավարտին ազդարարվեց, որ ստորագրահավաք են սկսում հետեւյալ հայտարարության ներքո. «Մենք՝ ներքոստորոգրյալ ՀՀ քաղաքացիներս, ծանոթ լինելով Ժիրայր Սեֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի գործունեությանը եւ ընթերցելով «Հայ կամավորականների համախմբման» հավաքում նրանց արտասանած ելույթները՝ համամիտ ենք եւ միանում ենք դրանցում հնչած բոլոր մտքերին ու կոչերին: Խստագույնս դատապարտում ենք ազգային նվիրյալներ՝ հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի եւ նրա զինակից Վարդան Մալխասյանի դեմ ծավալված քաղաքական հետապնդումը եւ պահանջում ենք անհապաղ ազատ արձակել նրանց»: «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության համակարգողի տեղակալ Արմեն Եղյանն «Առավոտին» հայտնեց, որ առաջինն այդ հայտարարության ներքո ստորագրել է ակադեմիկոս, Հայ մտավորականների ֆորումի ավագանու անդամ Ռաֆայել Ղազարյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել