IBF-ի վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն, պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը «BoxSport» հանդեսի անցկացրած ավանդական հարցման արդյունքով ճանաչվել է Գերմանիայի 2006 թվականի «Տարվա բռնցքամարտիկ»՝ առաջ անցնելով IBF-ի վարկածով գերծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն, ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոյից եւ WBO-ի վարկածով կիսածանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն Զոլտ Էրդիից, ովքեր նույնպես հանդես են գալիս պրոումոթերական նույն ընկերության դրոշի ներքո:
Քվեարկությանը մասնակցել են հանդեսի ընթերցողները, ինչպես նաեւ հատուկ ժյուրին, որի կազմի մեջ ընդգրկված են եղել անցյալում հանրահայտ այնպիսի բռնցքամարտիկներ, ինչպիսիք են Դարիուշ Միխալչեւսկին, Սվեն Օտտկեն, Գրացիանո Ռոկիջանին: «Ես նման ճանաչման արժանանալու առիթով հպարտ եմ եւ շոյված,- ասել է հայ բռնցքամարտիկը:- Ժյուրին կազմված էր անչափ հայտնի մարդկանցից: Եվ բացի դա, անչափ հաճելի է ստանալ հանդիսականների նման աջակցությունը: Եկող տարի ես կանեմ ինձանից կախված ամեն բան՝ ինձ պատկանող չեմպիոնական տիտղոսը պաշտպանելու համար»:
Չորրորդ տարին անընդմեջ Գերմանիայի «Տարվա մարզիչ» է ճանաչվել Ուլլի Վեգները, ով այլոց հետ միասին մարզում է նաեւ Արթուր Աբրահամին:
Մինչ մարզասերներն ու մասնագետները գնահատում են մեր հայրենակցի ունակությունները պրոֆեսիոնալ ռինգում, կոլումբիացի Էդիսոն Միրանդան սեպտեմբեր ամսին մրցավարների միաձայն որոշմամբ Արթուրից կրած պարտությունից հետո իր տեղը չի գտնում ու շարունակում է հայտարարություններ անել եւ խոստումներ շռայլել: Մասնավորապես, նա օրերս հենց առաջին ռաունդում ամերիկացի Վիլլի Գիբսին նոկաուտի ենթարկելուց հետո հայտարարել է, թե ցանկանում է ռինգում հանդիպել WBC-ի եւ WBO-ի վարկածներով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Ջերմեն Թեյլորի հետ, ում համարում են այդ դիվիզիոնում աշխարհի ամենաուժեղ բռնցքամարտիկը: «Ես ցանկանում եմ Ջերմեն Թեյլորի հետ հանդիպել որքան հնարավոր է շուտ,- ասել է Միրանդան:- Հուսով եմ, որ նա իսկական չեմպիոնի որակներ կդրսեւորի եւ կհանդիպի ինձ հետ: Նա պետք է վերջ տա թոշակառուների եւ առաջին միջին քաշային կարգի բռնցքամարտիկների հետ մենամարտելուն եւ դուրս գա իսկական միջին քաշայինի դեմ: Ես ռինգ եմ մտնում միավորներով հաղթելու մասին բացարձակ չմտածելով: Ես ձգտում եմ նոկաուտի ենթարկել մրցակիցներիս: Եվ եթե Թեյլորը ցանկանում է չեմպիոնի իսկական ճանաչում ստանալ, պարտավոր է մարտահրավերս ընդունել»:
Անդրադառնալով Արթուր Աբրահամին՝ կոլումբիացին հայտարարել է, թե նա խուսափում է իր հետ կրկնակի մենամարտ անցկացնելուց, բայց դա Աբրահամին չի հաջողվի: «Մենամարտից անմիջապես հետո ամեն բան խուճապահար փախուստ է հիշեցնում: Բայց վերջերս իմացա, որ նրանք ինձանից ավելի հեռու փախչել են ցանկանում: Ես գիտեմ, որ նա ինձ հետ մենամարտ չի ուզում, բայց ես պարտադիր հավակնորդ եմ: Այնպես որ, նա ինձանից հավերժ փախչել չի կարողանա: Հիշեք խոսքերս. եկող տարի ես ռինգում կհանդիպեմ Թեյլորի եւ Աբրահամի հետ ու երկուսին էլ նոկաուտի կենթարկեմ: Եկող տարվա վերջին ես կրելու եմ չեմպիոնական բոլոր գոտիները»: