Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՐԵՐԱ՞Ր, ԹԵ՞ «ԿԹՈՒ ԿՈՎ»

Դեկտեմբեր 22,2006 00:00

\"\"Հայաստան-Սփյուռք հարաբերությունները՝
սեփական փորձով

Սփյուռքի հայրենասեր գործիչների բարեգործությանը նոր պիտակ է տրվել, որին կարելի էր եւ չանդրադառնալ, եթե այն չընկալվեր մեր կողմից որպես նոր հիվանդության սինդրոմ, այն է՝ երախտամոռություն, անշնորհակալություն եւ ավելին, բարերարին «կթու կով» ընկալում ախտորոշմամբ: Եթե ողջ օտար ազգերը զարմանում են, որ այսօրվա նյութականի դարում գտնվել է մի «աննորմալ ազգ», որի որդիները ապրում եւ աշխատում են՝ տառապելով մի մարմաջով, այն է՝ օգնել իրենց Հայրենիքին, եւ եթե ոչ մի ազգ չի կարողանում ընկալել, թե այս ինչ ուժ է, որ շարժում է հային՝ չունեւորից մինչեւ ունեւոր, կիսելու իր ունեցածը մերձավորի, եւ նույնիսկ ավելին, անծանոթ հայրենակցի հետ, ապա նույն այդ հայի բնօրրանում ձեւավորվել է մտայնություն, որ դրսում ապրող հայերին «հասնում» է Հայաստանում ապրողներին օգնել: Ասել է թե, «պարտավոր են, բա էլ ոնց»: Ընդ որում, օգնության, Աստված մի արասցե, նույնիսկ փոքր-ինչ ուշացման կամ «թերանալու» դեպքում «սփյուռքահայ հարուստի» հասցեին այնպիսի հայհոյանքներ կարելի է լսել, որ մնում ես ապշած. «Ախպարները», իհարկե, «սարսափելի ժլատ են», «օգնությունը հայրենիքին ուղարկում են միայն սեփական շահի համար», «Հայաստանին օգնելիս իրենք ավելի շատ են օգտվում», եթե «իրենց հարկերից այդ միլիոնները հանելու չլինեին, երբեւիցե մեկ դոլար ոչ մեկին չէին տա» եւ այլն: Ճիշտ էին երեւի նրանք, ովքեր ժամանակին վախ էին արտահայտում, որ նյութական օգնությունների այս տարափը սպանելու է մեր ժողովրդին, դարձնելու է անաշխատունակ, ապերախտ, նվազեցնելու է հայրենասիրության մակարդակը, դարձնելու է նյութապաշտ եւ այլն: Ասենք ավելին, իննսունականների մի շարք սովալլուկներ, դրսից եկած օգնությունների շնորհիվ, դարձան հարուստ, ապա մեծահարուստ, եւ այսօր Երեւանի շուրջ տեղակայված հսկայական առանձնատների շքեղությունից մոլորված օտարերկրացիները այլեւս չեն հասկանում, ինչո՞ւ է սփուռքահայը շարունակում օգնել Հայաստանին, երբ հայաստանցի հարուստները եթե մի փոքր իրենց նեղեն՝ ավելի շատ ֆինանսներ կարող են տրամադրել Հայաստանի կարիքներին, քան ողջ պետական բյուջեն է պարունակում: Էլ չենք խոսում Հայաստանի կառավարության մասին, որը կարող է, ավելի ճիշտ, պարտավոր է բոլոր մեծահարուստներից օրինական կերպով հարկեր հավաքել եւ ծախսել երկրի կարիքների համար: Ահա այս իրավիճակում պատկերացրեք հայ բարերարների հոգեվիճակը, երբ հաճախ վտանգի ենթարկելով իրենց ապահովությունը, օգնում են Հայրենիքին ու… դիմացը ստանում վիրավորական պիտակներ ու գնահատականներ:

Ահա մի փոքրիկ օրինակ իմ անձնական փորձից. ցեղասպանության ճանաչման գործում հարաբերական ընդմիջումից հետո առաջին երկիրը, այն էլ նախկին սոցիալիստական, Սլովակիան էր, որը քաջություն ունեցավ լռությունը խախտել եւ Թուրքիայի դեմ մի հսկայական դեմարշ սկսեց, ընդունելով ցեղասպանության մասին բանաձեւը եւ այն պայմանավորելով Թուրքիայի ԵՄ անդամության հետ: Բանաձեւի տեքստը կազմել եւ Սլովակիայի Ազգային խորհուրդ էի ներկայացրել ես եւ այնուհետեւ բանակցել էի խորհրդարանական բոլոր խմբերի հետ, ապահովելով բացառիկ մեծամասնություն բանաձեւի հաստատման համար: Սլովակիայի խորհրդարանի կողմից այդ բանաձեւն ընդունելու կապակցությամբ ես ստացա մեծաթիվ շնորհակալություններ ու շնորհավորանքներ Հայաստանից ու սփյուռքից: Հատկապես հիշարժան էին ՀՀ պաշտպանության երկու փոխնախարարների՝ գեներալներ Խաչատուրովի եւ Միրզաբեկյանի շնորհավորանքներն ու դրվատանքի խոսքերը: Վերջինս տեղյակ լինելով նաեւ ՀՀ պաշտպանության նախարարության հետ Սլովակիայից հատուկ տեխնիկայի մատակարարման հարցում իմ օժանդակության մասին, ինձ այնպես մեծարեց, որ մինչ այսօր առանց հուզմունքի չեմ կարող հիշել: Իսկ Նիգ-Ապարան հայրենակցական միության՝ ի դեմս նրա պատվավոր նախագահ Աղվան Հովսեփյանի, արձագանքը կատարվածին՝ պարզապես անակնկալի բերեց. միությունը Սլովակիային նվիրաբերեց իր գեղեցկությամբ մի աննման խաչքար՝ ի նշան երախտագիտության ցեղասպանության մասին բանաձեւի հաստատման: Այն այժմ տեղադրված է Բրատիսլավայի կենտրոնում եւ դարձել է քաղաքի զարդն ու հայ-սլովակյան բարեկամությունը մարմնավորող կոթողը:

Այս ամենին ավելացնեմ, սակայն, որ Հայաստանի գերագույն իշխանության, այն է՝ նախագահի աշխատակազմի կողմից մինչ այսօր ոչ մի երկտող կամ զանգ այդ առիթով չստացա: Ավելին, այդ ընթացքում Սլովակիայում իմ նկատմամբ սկսվեց մի աննախադեպ տեռոր, կազմակեպված մեր թշնամիների կողմից՝ թուրք-ադրբեջանական մաֆիան հսկայական գումարներ ծախսելով ծավալուն կոմպրոմատ էր պատրաստել իմ դեմ, որը հեռարձակվեց Սլովակիայի խորհրդարանի նիստից երկու շաբաթ առաջ՝ Բրատիսլավայի մասնավոր մի հեռուստաստուդիայի կողմից: Այս պատմության մեջ մեծ էր նաեւ Վիեննայում Հայաստանի դեսպանության դերակատարությունը, որի գործողությունների շնորհիվ ես լիովին անպաշտպան մնացի թշնամու առջեւ: Ես, հուսահատության ճիրաններում, դիմեցի ՀՀ նախագահին, սակայն՝ ապարդյուն: Իմ վիճակն առավել վտանգավոր դարձավ, երբ ինքնակամ նետվեցի հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության գործով դատավարությունը փրկելու կարեւոր գործի կատարմանը: Բուդապեշտում ընթացող այս դատավարությանը Ադրբեջանը նետել էր իր ողջ ուժերն ու տրամադրել բոլոր հնարավորությունները: Պատկերացրեք իմ վիճակը, երբ վերոհիշյալ ծայրագույն հալածանքների ժամանակ ես մտնում եմ մեկ այլ ծայրահեղ վտանգավոր գործի մեջ: Անքուն գիշերներ, վտանգավոր օրեր, սակայն արդյունքում ես կարողացա իմ օժանդակությունը բերել խնդրի լուծմանը՝ հասնելով առավելագույն պատժի հանցագործի համար, եւ անպատիժ մնալ ադրբեջանցիների սադրանքներից: Այնուհետեւ ես դիմեցի ՀՀ ԱԳ նախարարին՝ օգնության խնդրանքով: Փառք Աստծո, որ արտգործնախարար Վարդան Օսկանյանը գտավ մի կիսաճանապարհ՝ ինձ առաջարկելով արտգործնախարարի արտահաստիքային խորհրդականի պաշտոն, ինչը, սակայն, հետագայում բերեց իր բացասական հետեւանքները: Խնդիրներ առաջացան նույն՝ Ավստրիայում հայկական դեսպանության հետ. երբեմն չինովնիկների համար անձնական ամբիցիաները եւ շահերը շատ ավելի են, քան Հայրենիքինը: Այս անգամ վիճահարույց թեման Սլովակիայում եւ հարակից երկրներում իմ կողմից կազմակերպած «Հայ մշակույթի օրեր» փառատոնն էր, որի անցկացման ընթացքում մեծ խոչընդոտների հանդիպեցի դեսպանի կողմից:

Միջոցառումների այդ ծրագրում ընդգրկված էին Երեւանի օպերային թատրոնի մենակատարների համերգը, որն ամբողջովին ֆինանսավորվել էր իմ կողմից, ինչպես նաեւ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի, «Կոմիտաս» քառյակի եւ ժամանակի մեծագույն ջութակահար Սերգեյ Խաչատրյանի համերգները, որոնց կազմակերպմանը ես մասնակի կամ ամբողջովին մասնակցել եմ: Հատկանշանակ է, որ հետագայում Հայաստանի սիմֆոնիկի համերգի վերաբերյալ ֆիլհարմոնիայի ղեկավարությունը, «ընկնելով դեսպանի ջրերը», ասուլիսների ժամանակ թերացավ գեթ մեկ անգամ հիշելու, որ Բրատիսլավայում մի «կթու կով» կազմակերպեց իրենց փառահեղ ընդունելությունը, տրամադրելով այն ամենը, ինչն անհրաժեշտ էր մեծարվելու համար:

Այսինքն այն, որ Աշոտ Գրիգորյանը իր կապերով ու ֆինանսավորմամբ կազմակերպում է հայկական մշակութային փառատոն, դեսպանությունից ոչինչ չսպասելով, այնքան հանցալի է, որ այն կասեցնելու համար կարելի էր անել ամեն ինչ, եւ նույնիսկ դիմել Սլովակիայի մշակույթի նախարարին, պահանջելով չհամագործակցել Գրիգորյանի հետ: Արդյունքում, իմ նկատմամբ շատ լավ տրամադրված այդ նախարարը ներողություն խնդրելով՝ հրաժարվեց իր նախապես խոստացած հովանավորությունից, առաջարկելով ինձ բացատրել հայկական դեսպանությանը, որ նա պարտավոր է օգնելու եւ ոչ թե խանգարելու այս միջոցառումների շարքի կայացմանը: Հավատացեք, խնդրում եմ, որ նման միջոցառումների շնորհիվ է, որ ես կարողացել եմ անցկացնել Սլովակիայի խորհրդարանում ցեղասպանության բանաձեւը եւ բարձրացնել հայ ժողովրդի հեղինակությունը եվրոպական մի շարք երկրներում:

Եվ, մեղմ ասած, զարմանալի է, երբ հայ պաշտոնյան հանդես է գալիս ժողովրդի շահերի դեմ, այն ժողովրդի, որի փողերով ինքն ապրում է ապահով կյանքով արտասահմանում, եւ նվիրում իր ժամանակը մեկ այլ հայի՝ բարերարի, գործունեությունը վարկաբեկելուն: Եվ ահա այս գործելակերպը դառնում է ավանդույթ, պետական մտածելակերպ, անցնում ժողովրդին եւ հանդես գալիս նոր մետամորֆոզներով, ինչպիսին օրերս հայկական մամուլում ծավալված բամբասանքներն էին ու վիրավորանքները:

Այո, եթե հայազգի մեծ բարերարները՝ մեծանուն Քըրք Քըրքորյանը, Արա Աբրահամյանը կամ Շարլ Ազնավուրը, նման վերաբերմունքից վիրավորվեն այնքան, որ ոչ թե դադարեն, այլ ընդամենը նվազեցնեն իրենց օգնությունը Հայաստանին, կարող եմ ասել՝ «վա՜յ մեզ»: Մեր թշնամին կարող է այլ երազանք չունենալ, եթե հայերին «հաջողվի» իրենց բարեգործների ոտքը կտրել Հայաստանից: Տասնյակ բարեգործների անուններ կարող եք ինքներդ էլ հիշել, որոնք երկար ժամանակ է, որ Հայաստան չեն այցելում, ընդ որում՝ նաեւ մի շարք մեծահարուստ բարերարների, որոնք տարբեր ժամանակներում խիստ ոգեւորված համագործակցում էին Հայաստանի հետ եւ օգնում էին մեծապես:

Իսկ հիմա մի քանի խոսք մեր ազգի մեծագույն բարերարներից մեկի՝ Արա Աբրահամյանի մասին: Արան ոչ միայն հսկայական գումարներ ու ժամանակ է ծախսում հայությանն ու Հայաստանին օգնելու համար, այլեւ այսօրվա ամենահզոր հայ քաղաքական գործիչն է աշխարհի մասշտաբով: Նա նաեւ Ռուսաստանի ամենանշանավոր քաղաքական գործիչներից է: Նույնիսկ նրա աշխատանքներին քաջատեղյակները չեն կարողանում ամբողջովին հիշել ու թվարկել այն շքանշաններն ու տիտղոսները, որն ունի նա, այն արդյունքները, որ ունի Արան քաղաքական դաշտում եւ այն բարեգործությունները, որն արել ու անում է նա Հայաստանում ու Սփյուռքում: Եթե արագ թվարկենք աշխարհիս մեծերի հետ միայն այս տարի ունեցած Արայի հանդիպումները, ապա ի վիճակի չենք լինի հասկանալու, թե ինչպես մի մասնավոր անձ կարող է այդպիսի կապերի տեր լինել եւ այն էլ այսքան մերձավոր կապերի. ԱՄՆ-ի նախագահ եւ բարձրագույն ղեկավարություն՝ Բուշ, Ռայս եւ այլք, Ֆրանսիա, ոչ միայն քաղաքական ղեկավարություն, այլեւ խոշորագույն ֆիրմաների նախագահներ, ՄԱԿ-ի ոչ միայն հին, այլեւ նորանշանակ գլխավոր քարտուղար, որի ընտրություններին մեծապես օգնեց Արա Աբրահամյանը: Այսպիսի լոբբիստական հնարավորություն, ինչպիսին ունի Աբրահամյանը, այսօր ոչ մի հայ չունի աշխարհիս վրա, ընդ որում, նա ունի ոչ միայն ֆենոմենալ հնարավորություններ, այլեւ պատրաստակամություն այդ հնարավորություններն անմնացորդ ու լիովին օգտագործելու իր ազգի շահերի համար:

Եվ մնում է միայն զարմանալ, որ ինչ-որ մեկը, որը, վստահ եմ, երբեւէ ոչ մի բարեգործություն չի կատարել, վարկաբեկում է հայ բարերարին: Նույն վերաբերմունքը սփյուռքահայ այլ բարերարների նկատմամբ է. նրանց էլ նախ անվանում են «ախպար», ծաղրում են, հետո էլ նրանցից փող են պոկում: Ինչ կարող ենք մտածել այս եւ նման կարգի ստորությունների շուրջ: Միայն մի բան, որ մեր հայաստանյան հասարակությունը հիվանդ է, ծանր հիվանդ: Երբ իմ երեխաները, որոնք սովորում են Անգլիայում, հայտարարում են, որ ավարտելուց անմիջապես հետո վերադառնալու են Հայաստան, բոլորը ծիծաղում են, իսկ համոզվելուց հետո, որ չէ, կարծես, ասվածը լուրջ է, նրանց համարում են ցնորված: Անթիվ անգամ ինձ էլ է ասվել, որ փողերդ հավաքելու փոխարեն հերթական անշնորհակալ գործի՝ բարեգործության մեջ ես դնում եւ խելագարի տպավորություն ես թողնում շրջապատի վրա…

Ես ներողություն եմ խնդրում անկեղծությանս համար, բայց սրանք հասարակության հիվանդության ախտանիշերն են: Զարմանալի է, որ մեր ազգը նույնիսկ ԱՄՆ-ում, որտեղ փողը դարձել է պաշտամունք, իսկ հոգեւորը՝ գործարքի առարկա, այնուամենայնիվ, պահել է հոգեւորի ոլորտում գտնվելու իր անհավատալի հատկությունը, բայց Մայր Հայաստանում դեգրադացվում է, արժեզրկվում: Եվ ինչպես չարժեզրկվի, երբ բավական է դուրս գալ եւ տեսնել աշխարհի ամենաթանկ ավտոմեքենաների շքերթը երեւանյան փողոցներում: Իսկ որտեղի՞ց այս փողերը: Գողանում են ժողովրդից: Գողանում են ժողովրդից ու իրենց համար ավտոմեքենաներ գնում ու առանձնատներ կառուցում հեկտարների վրա: Լավ, բայց չէ՞ որ համատարած այս գողության պայմաններում ժողովուրդը կարող է սովից մահանալ: Այո, սովից մահանալ ու վերանալ: Բայց արի ու տես, որ ժողովուրդն իր գոյության համար չնչին նվազագույնը ստանում-ապահովում է: Ինչպե՞ս: Շատ պարզ. «կթու կովերի» հաշվին, նրանց ուղարկած գումարներով:

Ընդ որում, մեր իշխանությունների վերաբերմունքը նույնպես հայտնի է. նրանք «կթու կովերի» գործունեությունը շատ բարձր են գնահատում, բայց մի կարեւոր նախապայմանով. վերջիններս չպիտի համարձակվեն ձայն հանել եւ կարծիք հայտնել: Ասել է թե՝ «Հայրենիքին օգնել եք ուզում, համեցեք, մեր դրամարկղերը լիովին բաց են ձեր գումարներն ընդունելու համար, բայց եթե ցանկանում եք հետեւել գումարների ծախսմանը կամ, առավել եւս, քաղաքական հարցերի շուրջ կարծիք հայտնել, իմացեք, որ կփակվեն եւ ձեր բերանները, եւ ձեզ Հայրենիք բերող բոլոր ճանապարհները»: Միաժամանակ, թերի տարրական կրթությամբ հայաստանցի «գործարարները» իրենց հարկերի նվազագույն մասը վճարելով եւ դրսից եկած միլիարդները գրպանելով՝ «երկիր են կառուցում», մի հիվանդ երկիր, որի բժշկման դեղատոմսին մենք քաջ ծանոթ ենք, որի բժշկությունը մեր ձեռքերում է: Ուրեմն, կեցցե՜ն բոլոր տիպի «կթու կովերը», որոնք այս երկրի ապագան են, առողջ ու քաղաքակիրթ ապագան, հիմնված իրական հայրենասիրության, տաղանդի, ազնվության եւ հոգեւոր վերելքի վրա: Կեցցե՜ մեր ազգի ապագան, որը Արա Աբրահամյանն է եւ հայրենասերների այն ստվար բանակը, որը հայաստանյան նախարարություններից առավել գործում է արտերկրում, ապահովելով Հայաստանի այսօրվա պատիվն ու դիրքը ողջ աշխարհում, զարմացնելով բոլորին այն ֆենոմենով, որը կոչվում է ՀԱՅ եւ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ:

Սլովակիայում հայկական համայնքի ղեկավար, Եվրոպայում հայկական կազմակերպությունների ներկայացուցչության ղեկավար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել