Հանձնվող ֆորպո՞ստ, թե՞ անկախ ժողովրդավարական պետություն
Բացեք ԿԳԲ-ի արխիվները
Բացեք ԿԳԲ-ի արխիվները: Ես միտունավոր չեմ օգտագործում ՊԱԿ կամ ԱԱՆ հապավումները, քանի որ այդ հաստատությունը եղել է եւ այսօր էլ մնում է ԿԳԲ: Հավաստումներ՝ ինչքան ուզեք՝ Տրոցկուց մինչեւ Յանդարբիեւ կամ Լիտվինենկո: Բացեք ԿԳԲ-ի արխիվները: Միայն այդ կերպ քաղաքական դաշտում հստակություն կմտցվի: Միայն դրանից հետո Հայաստանում հնարավոր կլինի քաղաքական իշխանություն ձեւավորել: Իսկ որ Հայաստանում այսօր ոչ միայն իշխանությունը, այլեւ ընդդիմությունը քաղաքական չէ, դրանում այնքան ոչ մեկը չի կասկածում, որ այդ պնդումը նունիսկ քննարկման չի էլ ենթարկվում՝ նույնիսկ այդ «քաղաքական դաշտի» սուբյեկտների կողմից: Վաղուց արդեն գոյություն չունեցող պետության՝ ԽՍՀՄ-ի ԿԳԲ-ի արխիվների բացման քայլը ժամանակակից հայաստանյան քաղաքական դաշտի առողջացման, թեկուզեւ ցավոտ, բայց խիստ անհրաժեշտ վիրահատական միջոց է: Ընդ որում՝ անհետաձգելի դարձաձ, եթե չենք ուզում, որ «պացիենտը»՝ Հայաստանի պետական անկախությունն իր հոգին ավանդի: Այդ արխիվների՝ առայսօր փակ լինելու հետւեւանքով նրանում ընդգրկված շատ մարդիկ, ովքեր ժամանակին իրենց պատկերացմամբ ծառայում էին հայրենիքին, այսօր իրենց կամքից անկախ հայտնվել են մի իրավիճակում, երբ ստիպված դառնում են իրենց նախկին հայրենիքին ծառայած լինելու հանգամանքի մասին տեղեկությունը որպես շանտաժի գործիք օգտագործող ու այդ կերպ նրանց լոյալությունը գնող մեկ այլ պետության՝ Ռուսաստանի հատուկ ծառայությունների գործակալ: Հընթացս՝ նաեւ իրավական ձեւակերպմամբ՝ մեծ հաշվով սեփական հայրենիքի դավաճաններ: Հանգամանք, որը, ի դեպ, դասվում է քրեորեն հետապնդելի ու ամենածանր պատիժ նախատեսող բարդագույն պետական հանցագործությունների շարքին: Ի վերջո, այդ մարդկանց անունների հրապարակումն ու պետական գաղտնիք պարունակող տեղեկատվությանը առնչվելու հնարավորություն տվող պաշտոնների զբաղեցման արգելման պայմանով նրանց համաներումը եւ հենց այդ մարդկանց է պետք՝ իրենց ինքնությունը վերագտնելու ու Հայաստան երկրի օրինավոր քաղաքացին իրենց զգալու համար, եւ թե երկրին է խիստ անհրաժեշտ՝ պետական անվտանգության նկատառումներով: Թե չէ ինչի է նման հանգամանքը, երբ վեցուկես տարի երկիրը ղեկավարող վարչապետը, ինչպես պնդում է Պարույր Հայրիկյանը, մեղադրվում է օտար երկրի հատուկ ծառայության գործակալը լինելու հանգամանքում:
Սիրիր, սիրիր, բայց գլուխդ մի կորցրու
Ի դեպ, ինձ իսկապես հետաքրքրում է, թե ինչպես է լինում, որ Հայաստանի հանդեպ Ռուսաստանի իրականացրած ոչ մի գործողություն Հայաստանում համարժեք քաղաքական ընկալում ու գնահատական ամենեւին չի ստանում: Ստորացուցիչ պայմաններով Հայաստանի էներգետիկ եւ արտադրական հզորությունները, այսօր նաեւ հեռախոսային ու տեղեկատվական ցանցը միջպետական հարաբերություններում նախադեպը չունեցող ցինիզմով խլում է Հայաստանից՝ շնորհակալություն ենք հայտնում: Իր ռազմական բազայի համար ոչ միայն չի վճարում, ինչպես դա ընդունված է աշխարհում, այլ դեռ մի բան էլ ավելին՝ Հայաստանի բյուջեի վրա է դրել դրանց բոլոր ծախսերը՝ երախտագիտության արցունքների հեղեղներ ենք հղում: Ամառային բերքի շրջանում փակում է Վերին Լարսը, իսկ ձմեռային ցրտերին՝ գազը՝ ազգովի կոլեկտիվ շան լափ ենք լցնում «անհնազանդ» Վրաստանի ու նրա «ջահելությունից անխելք ու անփորձ» նախագահի հասցեին: Արգելում է Իրանից Եվրոպա գնացող գազի տրանզիտ դառնալ ու դուրս է մղում բոլոր տարածաշրջանային ծրագրերից՝ «ըմբռնումով ենք մոտենում»։ Կազմակերպված ու իշխանության կողմից միանգամայն կառավարելի ռասիստական սեւհարյուրյակային բրիգադների միջոցով մորթում է ոչ այն պահին ոչ այն տեղում հայտնված «խաչերին», իսկույն արդարացնում ենք, թե միայն հայերը չէ, որ այդօրինակ երեւույթներից տուժում են: Ի դեպ, այդպես մտածողները թող բարի լինեն, սեւհարյուրակայինների ինտերնետ ֆորումները մեկ-մեկ նայեն, որտեղ զոհեր որպես հստակ նշվում են երկու ազգություն՝ «խաչիկի» կամ «խաչի» եւ «ժիդի»։ Մի խոսքով, «ստրատեգիական դաշնակիցն» իրեն հեչ էլ դաշնակցի պես չի պահում ու մեր ունեցած-չունեցածը խլելուց հետո տարածաշրջանային փակուղի ու կույրաղիք դարձաձ ֆորպոստի մակարդակից մեզ իջեցրել, դարձրել է Լեոպոլդ կատու (մեծատառով գրենք՝ ինքնասիրություններս չվիրավորվի): Ի դեպ, երիցս իրավացի է կրտսեր Ալիեւը, երբ պնդում է, թե Հայաստանի դաշնակիցները ոչ պակաս նաեւ Ադրբեջանի դաշնակիցն են՝ ակնարկելով հենց նույն Ռուսաստանին: Մի բան, որը Հայաստանն Ադրբեջանի դաշնակիցների մասին ասել չի կարող երբեք: Բնականաբար, ամեն տեսակ զատուլինների բերանով մեր երկիրը լեոպոլդ կատու հայտարարելով, Ռուսաստանի իշխանությունը հենց Ալիեւին էր կրկնում ու հավաստիացումներ ուղարկում՝ նկատել տալով, որ եթե ֆորպոստը տրամաբանորեն ենթակա է մետրոպոլիայի կողմից պաշտպանության, ապա ամեն տեսակ կատուների նկատմամբ այդօրինակ պարտավորություններ չեն կարող գործել: (Կատուները տանելի են, քանի դեռ քսմսվում են տիրոջ ոտքերի տակ ու նրա հանդեպ իրենց անսահման սիրո փոխադարձությունը չեն պահանջում): Եվ չէին էլ կարող գործել: Սա՝ իմիջիայլոց։ Եթե Հայաստանում դեռ մի հոգի է նմացել, որ հավատում է, թե, Աստված մի արասցե, ղարաբաղյան պատերազմի վերսկսման կամ Թուրքիայի կողմից Հայաստանի ինքնիշխանության հանդեպ որեւէ ոտնձգություն կատարվելու դեպքում Ռուսաստանը որեւէ կերպ, անգամ թեկուզ պարզ խոսքով, էլ չասեմ զինական կարողությամբ Հայաստանին կօգնի, ապա թող այդ դյուրահավատն առաջին քարը շպրտի իմ ուղղությամբ: Լավագույնը, ինչ կարող է այդ պայմաններում անել «պրագմատիկ» չեկիստ տղերքի ղեկավարած Ռուսաստանը Հայաստանի համար, դա մեր երկրին մատակարարվող գազն ու մեր իսկ ատոմակայանում եւ ջերմակայաններում արտադրվող էլեկտրաէներգիան միանգամից մի քանի անգամ թանկացնելը կլինի՝ այն պարզ տրամաբանությամբ, որ այդ հարցում հապաղելը հավելյալ եկամտի կորստով է հղի, քանի որ հետագայում կարող է վերջին մի քանի շենքերն ու մանր-մունր օբյեկտները, որ Հայաստանում դեռ մնացել են նրա կառավարության ենթակայության տակ, իրեն չհասնեն: Տեղին է նշել, որ «գլուբակաուվաժայեմիյ» Վալոդ Վալոդիչը Վլադի Միր չդարձավ, բայց նրանից փայլուն կերպով Վլադի Հայաստան արդեն ստացվել է: Ու բնական է, որ նյարդայնանում է, երբ իր «վլադենիյա» Հայաստանը չեմուչում է անում ու հավատարիմ շան նման իր մեկնած մատի ուղղությամբ չի վազում հիմա էլ Վրաստանի հետ իր միակ քիչ թե շատ նորմալ հարաբերությունները խզելու:
Super «գերտերություն» Ռուսաստանը
Երկրորդ գործոնը, որ Հայաստանի անվտանգությունը Ռուսաստանի հետ կապելու գործող իշխանությունների ու նրանց ընդդիմադիրների ճնշող մեծամասնության մտածողության կարծրատիպը դարձնում է հանցագործություն սեփական ազգի ապագայի հանդեպ, պայմանավորված է հենց աշխարհում Ռուսաստանի բուն տեղի ու դերի եւ կարողությունների մասին Հայաստանի քաղաքական ուժերի ու մամուլի չափազանցված պատկերացումներով։ Պատկերացումներ, որ ձեւավորվում են աշխարհին բացառապես ՕՌՏ-ի պատուհանից նայելու արդյունքում։ Իսկ իրականում Ռուսաստանն ամենեւին այն երկիրը չէ, որը դաջված է ընդհանրացված հայաստանցու մտապատկերում։ Ադրբեջանական կամ թուրքական ագրեսիայի արդյունքում ծագած անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը ոչ միայն չի ցանկանա պաշտպանել Հայաստանին, այլ, որքան էլ դա ցավալի է հասկանալ ու ընդունել հայաստանյան քաղաքական ուժերի ճնշող մեծամասնության համար, նույնիսկ ցանկության դեպքում չի կարողանա դա արդյունավետորեն անել։ Ռուսաստանն ինքն այսօր աշխարհում իր տեղը գտնելու համար հովանավորներ է փնտրում։ Բայց սա առանձին խոսակցության թեմա է։ Ուղղակի ապշել կարելի է, թե ինչպես է, որ նույնիսկ իրենք՝ ռուսաստանյան վերլուծաբանները խուսափում են իրենց երկրի մասին օգտագործել «գերտերություն» որակումը՝ լավագույն դեպքում կամ այն համեմելով «էներգետիկ» մակդիրով, կամ էլ իրենց երկիրն անվանելով «տարածաշրջանային տերություն», որը, սկզբունքորեն միանգամայն համատապասխանում է այսօր աշխարհում Ռուսաստան պետության իրական տեղին ու դերին։ Եվ միակ տեղը, որտեղ Ռուսաստանի համար օգտագործվում է «գերտերություն» որակումը, ընդ որում՝ ի հակակշիռ Միացյալ Նահանգների ու հավասարության մեջ դնելով այդ երկուսին, դա հայաստանյան քաղաքական գործիչների հրապարակային հայտարարություններն են ու հայաստանյան մամուլը։ Մինչդեռ իրականում եթե աշխարհում կա երկրորդ գերտերությունը, ապա միանշանակ է, որ այն Ռուսաստանի «մեծ ախպեր» Չինաստանն է, որի թեւերի տակ էլ փորձում է ապագա աշխարհում իր տեղը գտնել նույն ինքը՝ Ռուսաստանը։ Իսկ հերթի մեջ էլ արթնացող Հնդկաստան կա, իր ինքնությանը վերադառնալու փորձեր անող Եվրամիություն եւ կամ մոբիլիզացվող իսլամական ինտերնացիոնալ։ Իսկ Ռուսաստանը մի ռեգիոնալ տերություն է, ինչպիսիք շատ են՝ Կանադայից մինչեւ Բրազիլիա, Նիգերիայից մինչեւ Ճապոնիա կամ նույն մեր հարեւաններ Իրանն ու Թուրքիան։ Հետագայում կոտրած տաշտակի առաջ չկանգնելու համար հայ քաղաքական էլիտան ժամանակն է սթափվի ու հասկանա, որ տնտեսության մակարդակով միջին եվրոպական երկիր հիշեցնող Ռուսաստանն ընդամենը մի Մեքսիկա է՝ միջուկային մարտագլխիկներով։ Որոնք էլ, սակայն, ինչպես վստահեցնում է ամերիկյան «Ֆորին աֆֆերս» հայտնի հանդեսը, ավաղ, արդեն տեխնիկապես զրկված են պատասխան հարվածի կանխարգելիչ հնարավորությունից։ Այնպես որ, անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը եւ չի ցանկանա, իսկ ցանկության դեպքում՝ նաեւ չի կարողանա ապահովել Հայաստանի անվտանգությունը։ Եվ բոլոր նրանք, ովքեր մեր երկրի անվտանգությունը կապում են արագորեն դեպի վաղ հիսնականների Սովետական Միություն վերադարձող Ռուսաստանի հետ, պարզապես հանցագործություն են անում սեփական ժողովրդի հանդեպ։ Հայաստանի անվտանգության ապահովման միակ գրավականը Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին հնարավորինս շուտ անդամակցության մեջ կարող է լինել։ Իսկ դրա համար միակ ճանապարհը երկրի քաղաքական համակարգի առավելագույն ժողովրդավարացումն է։ Եվ նաեւ տնտեսության՝ դեռեւս Ռուսաստանի սեփականությունը չդարձած ճյուղերն ու հզորությունները փրկելը «Մի լավ կտոր Հայաստան՝ մի պուճուր մանեթ պարտքի դիմաց» տիպի «ստրատեգիական եղբայրությունից»։ Այլ ճանապարհ Հայաստանը պարզապես չունի։
Հասկացեք, վերջապես, որ բոլոր ուղղություններով նահանջող Ռուսաստանն այսօր ոչ միայն ի վիճակի չէ Հայաստանի անվտանգության երաշխավոր լինել, այլեւ ինքն է փորձում իր տարածքային ամբողջականությունն ու միասնականությունը պահպանելու համար գոնե առաջիկա տասնամյակներում աշխարհի ուժային կենտրոններից մեկնումեկի հովանու տակ «հարմար գնով» տեղավորվել։ Կրկնում եմ՝ ինչքան էլ հայաստանյան շատ քաղաքական ուժերի համար դա կարող է սրբապղծության նման հնչել, սակայն այսօր Ռուսաստանը աշխարհում եղանակ ստեղծող միավորների նույնիսկ հնգյակում չկա։ Իսկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների կազմի նախատեսվող ընդլայնումից հետո է՛լ ավելի կկորցնի իր՝ առանց այն էլ խիստ սահմանափակ ազդեցությունը նույնիսկ իրեն սահմանակից տարածքներում։ Եվ այսօր արդեն լուրջ գեոքաղաքական կամ ապագագիտական վերլուծություններում եթե անգամ հիշատակվում է, ապա միայն այն կտրվածքով, թե արեւմտյան երկրներն ինչ քայլեր պետք է ձեռնարկեն, որպեսզի թույլ չտան ռուսական միջուկային տեխնոլոգիաների հայտնվելը իսլամիստների ձեռքում, եւ կամ ինչ անել, որ Չինաստանը հնարավորինս ուշ կլանի անդրուրալյան անծայրածիր տարածքները՝ դառնալով արեւմտյան քաղաքակրթության համար ոչ պակաս լուրջ սպառնալիք, քան է այսօր տեռորիզմի դրոշը բարձրացրած իսլամական ինտերնացիոնալը։ Իսկ տնտեսական զարգացման բումի մեջ գտնվող եւ դեմոգրաֆիական պայթուցիկ կարողականություն ունեցող Չինաստանին օդ ու ջրի պես անհրաժեշտ են նոր կենսական տարածքներ, որոնք նրան չեն կարող տրամադրել ոչ դեպի հարավ նրա ծավալման ճանապարհը փակող Հնդկաստանը (նույնպես բնակչության սակավությունից առանձնապես չբողոքող), ոչ արեւմուտքից նրան պատնեշող իսլամական աշխարհը եւ ոչ էլ արեւելքում ծովում ծվարած Ճապոնիան ու հեռավորարեւելյան վագրիկները։ Եվ նույնիսկ Թայվանի խնդրի ոչ տեսանելի լուծումը Չինաստանի օգտին՝ լավագույն դեպքում միայն կգրգռի նրա ախորժակը։ Իր արագորեն զարգացող տնտեսությանը էներգակիրներ ու հումք, իսկ բնակչությանը՝ կենսական տարածքներ գտնելու միակ ճանապարհը Չինաստանի համար մնում է պայթյունը դեպի հյուսիս, ուր Ուրալից արեւելք ընկած եւ օգտակար հանածոներով ֆանտաստիկ հարուստ անծայրածիր տարածքներում ապրում է ընդամենը մի տասը միլիոն մարդ, որի մեծ մասն էլ՝ ի դեպ, ոչ սլավոնական ծագման։ Այնպես որ, արեւմտյան վերլուծաբանների համար Սիբիրի եւ Հեռավոր Արեւելքի յուրացումը Չինաստանի կողմից՝ կասկածի չի ենթարկվում։ Այս դեպքում քննարկման թեման միայն ժամկետների հարցն է։ Եվ հենց Չինաստանի կողմից այդ տարածքների կլանման ժամկետներից էլ կախված է մեծ հաշվով ԱՄՆ (Արեւմուտք)- Չինաստան (Արեւելք) ապագա տնտեսական մեծ մրցակցության ելքը։ Նույնկերպ նաեւ Ռուսաստանն այսօր նահանջում է հարավում եւ եթե Հայաստանն էլ Վրաստանի պես ժամանակին չկարողանա ինտեգրվել ՆԱՏՕ-ի անվտանգության համակարգին, ապա հետեւանքները շատ ավելի տխուր կլինեն անգամ ամենամղձավանջային կանխատեսումներից։ Հայաստանում ժամանակն է հասկանալ, որ սեփական խնդիրների (որոնցից ամենացավոտներն այս պահի դրությամբ բնակչության թվաքանակի շարունակական նվազումն է՝ ի հաշիվ բուն ռուսների թվի նվազման ու մուսուլմանական տարրի տեսակարար կշռի մեծացման, ոչ մրցունակ տնտեսական համակարգը, ինչպես նաեւ պետականորեն խրախուսվող, բայց երկիրը ներսից տասնյակ բեկորների պայթեցնելու ունակ ռասիստական տրամադրությունների կտրուկ աճը) բեռի տակ կքած Ռուսաստանի դուրսմղումը մեր տարածաշրջանից՝ այլեւս անդառնալի իրողություն է եւ չպետք է այնպես անել, որ հերթական անգամ մենք էլի մեն-մենակ հայտնվենք նրա հակառակորդների սմբակների տակ, ինչպես դա պարբերաբար մեզ հետ պատահում է։ «Խասյաթ» դառնալու աստիճան հաճախակի։
ՆԱԻՐԻ ԲԱԴԱԼՅԱՆ