Հարցազրույց ՀՀ վաստակավոր արտիստ Մուրադ Ջանիբեկյանի հետ
Մուրադ Ջանիբեկյանի հոբելյանական երեկոյից 20 օր անց մշակույթի նախարարությունը վերջապես որոշել էր պատվոգրով «մեծարել» արտիստին, վերջինս, սակայն, այն վերադարձրել է: Հանդիպեցինք ճանաչված դերասանին:
– Ինչո՞ւ վերադարձրիք նախարարի ուղարկած պատվոգիրը:
– Եվ նախարարությունից, եւ Թատերական գործիչների միությունից պիտի ներկա լինեին դեկտեմբերի 3-ին կայացած իմ հոբելյանական երեկոյին: Նախապես տեղեկացրել էին, որ նույնիսկ ելույթներ են ունենալու, սակայն այդպես էլ չեկան: Իսկ ես ուշացած պատվոգրեր չեմ ընդունում: Էդ իրենք պիտի երջանիկ լինեին ինձ պատվոգիր տալու համար, որովհետեւ ես այն վաստակել եմ: Հետո՝ թղթի կտոր տվողը պիտի արժանի լինի, որ վերցնեմ: Մեր բախտը արդեն քանի տարի չի բերում ո՛չ մշակույթի նախարարների եւ ո՛չ էլ Թատերական գործիչների միության առումով: Երջանիկ կլինեն այն երկրները, որոնց նախարարները՝ փիլիսոփաներ, իսկ փիլիսոփաները՝ ղեկավարներ կլինեն: Մենք դեռ երկար ժամանակ էդ երջանկությունը չենք վայելի: Շատերը, օրինակ, Ֆրունզիկի տարիների ղեկավարներին չեն հիշում, բայց Ֆրունզիկին հիշում են, չէ՞… իրենք (նկատի ունի ղեկավարներին- Գ. Հ.) պիտի դա գիտակցեն: Կարծում են, որ եթե արհեստականորեն իրենց ուզած արվեստագետին կայացնում են, ուրեմն՝ վերջ: Ախր երբ չլինեն՝ նույն այդ արվեստագետը իրենց պես փոշի է դառնալու: Մի տխուր փաստ էլ՝ մեզանից առաջվա սերունդը հաճախ վախենում է իրենից հետո եկածներից, վախենում է, քանի որ հասկանում է, որ իրենք ընդամենը մեծահասակներ են եւ ոչ թե մեծություններ: Ու ինչքան էլ ինչքագովությամբ զբաղվեն՝ պատմություն չեն դառնալու:
– Անընդհատ պրպտումների մեջ եք: Ի վերջո, դուք ձեզ կինոյո՞ւմ, թե՞ թատրոնում եք տեսնում:
– Թող ճոռոմ չհնչի, բայց ես կարողանում եմ ինձ լավ զգալ եւ կինոյում, եւ թատրոնում: Կինոյին շատ խորը մոտեցել եմ՝ ժամանակին Ռուսաստանում շփվելով «ասսերի» հետ: Ճիշտ է, կինոյի դիպլոմ չունեմ, բայց փայլուն գիտեմ սցենար գրել, գիտեմ՝ ինչ է մոնտաժ, կադրը ոնց է շնչում…Թատրոնում էլ ինձ համար պատիվ էր հայ վարպետների հետ աշխատելը՝ ոչ թե նրանց ընդօրինակելու, այլ համապատասխան եզրակացություններ անելու ու քոնը ունենալու համար… Տարիների մեծ աշխատանքից հետո, դեկտեմբերի 3-ին՝ իմ 50-ամյակի օրը, հոբելյանական երեկոս եղավ: Ու հենց այդ օրը հասկացա, որ դա իմ արտիստ լինելու ու կայանալու օրն է: Գիտեի, որ լավ հանդիսատես ունեմ, բայց չէի սպասում, թե դահլիճում նստելու տեղ չի լինի, անգամ աստիճաններին կնստեն… Այդ օրը կայացա եւ հասկացա, որ երբ Աստծո օրհնանքը թափվում է քեզ վրա, ու ժողովուրդը տալիս է իր հավանությունը, հյուսվում է լեգենդը, որը մրցանակներով կամ ինչ-որ մեկի թիկունքով ու կամքով չի պայմանավորված: Ես մինչեւ հիմա անմնացորդ եմ ծառայել Նորին մեծություն թատրոնին, նրան տվել իմ կյանքը, ունեցվածքը, անգամ ընտանիք կազմելու հնարավորությունս՝ հաճախ շատերի բերանին գոլ բամբասանք դառնալով… Ափսոս, որ հայկական մենտալիտետից բխող չարությունը շատ է մեզանում: Օրինակ, երբ Նյու Յորքի փառատոնում 4800 ֆիլմից իմ «Համլետն» առանձնացվեց եւ արժանացա լավագույն արտիստի տիտղոսին, Հայաստանում ոչ ոք չշնորհավորեց: Ասացին՝ ստից փառատոն է: Եթե Նյու Յորքն է ստից, Երեւանը՝ գերհզոր, էլ բան չունեմ ասելու…Հակառակի պես, հետո էլ մեկ այլ մրցանակ ստացա Լոս Անջելեսի կինոփառատոնից՝ ճանաչվելով լավագույն ռեժիսոր: Ինչպես Շեքսպիրը կասեր՝ դարձյալ մնացյալը լռություն էր… Ինչ վերաբերում է անձնականիս, այս առիթով էլ Սոկրատեսին եմ մեջբերելու. «Ամուսնացիր, եթե հաջող եղավ՝ դու բացառություն կլինես, եթե ոչ՝ կդառնաս փիլիսոփա»: Իսկ ես չեմ ուզում փիլիսոփա լինել: Մյուս կողմից էլ կինը մի քիչ «մուխանաթ» բան է: Առանց կնոջ՝ թռիչքդ չի կայանա, բայց հենց տեսնում է՝ դու թռչում ես, ուզում է ինքն ավելի բարձր թռչել…