Լրահոս
Օրվա լրահոսը

Պահանջում են ազատել

Դեկտեմբեր 22,2006 00:00

Մտավորականների ֆորումի ավագանու հայտարարությունը

«ՀՀ սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելուն ուղղված հրապարակային կոչերը» շինծու մեղադրանքով ս.թ. դեկտեմբերի 9-ի գիշերը ԱԱԾ աշխատակիցները իրավիճակից չբխող բիրտ մեթոդների կիրառմամբ ձերբակալել են Արցախյան հերոսամարտի ակտիվ մասնակիցներ՝ «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության համակարգող, հայրենիքի կանչով արցախյան ազատագրական պայքարին անդամագրված սփյուռքահայ Ժիրայր Սեֆիլյանին, «Հայրենիք ու պատիվ» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, կուսակցության Արագածոտնի կառույցի ղեկավար Վարդան Մալխասյանին եւ մի քանի տասնյակ ակտիվիստների: Ակնհայտ են զուգահեռները 2003թ. ընտրություններին նախորդած եւ ներկայիս հանցավոր գործողությունների միջեւ:

Այս ձերբակալությունները մեկ անգամ եւս հաստատում են հանրապետությունում ձեւավորված իշխանական ամենաթողության ու անպատժելիության, զազրելի անարդարությունների, հրահանգված դատավարությունների առկայությունը, արհամարհանքը հասարակական կարծիքի, մտավորականության ու մյուս կարող ուժերի տեսակետների նկատմամբ, ինչը, դժբախտաբար, դրսեւորվում է ամեն պատեհ եւ անպատեհ առիթով: Նմանատիպ երեւույթները հասարակական գիտակցության մեջ էլ ավելի են խորացնում անհանգստությունը երկրի ներկայի եւ ապագայի հանդեպ:

Իշխանական բուրգի կողմից արմատավորվում է վախի ու ավտորիտարիզմի մթնոլորտ, որն ակնհայտորեն միտված է առաջիկա ընտրություններում իշխանությունների վերարտադրվելուն, ժողովրդին եւ ազատամարտիկներին լռեցնելու ճանապարհով Արցախի հիմնախնդրում զիջումների գնալուն:

Ավագանու մի քանի անդամներ ներկա գտնվելով դեկտեմբերի 2-ի հայտնի հավաքին՝ փաստում են, որ նշված հավաքի մասնակիցների հիմնական նպատակը հանրապետության հոգսերով, նրա ապագայով մտահոգ ուժերի համախմբումն է՝ սահմանադրական ճանապարհով երկրում արդարություն հաստատելու, վախի, անպատժելիության ու ամենաթողության մթնոլորտն արմատախիլ անելու համար: Նպատակ, որը պետք է առաջնայինը լիներ իշխանությունների գործողություններում:

Մենք զայրույթով դատապարտում ենք Արցախ յան աննկուն ազատամարտիկների նկատմամբ իշխանավորների կամակատար դատարանի կողմից կայացված դատական որոշումը եւ խիստ մտահոգ ենք, որ նմանատիպ քաղաքական քայլերը կարող են խաթարել Հայրենիք-Սփյուռք դժվարությամբ ձեւավորվող հարաբերությունները:

Պահանջում ենք բանտից անհապաղ ազատել ապօրինաբար ձերբակալված ազատամարտիկներին:

Հայրենիքի նվիրյալ ազատամարտիկներին ամանորյա տոներին կալանքի տակ պահելը մեծագույն անբարոյականություն է:

Ռաֆայել Ղազարյան, Երվանդ Մանարյան, Խորեն Պալյան, Լենսեր Աղալովյան, Ռոբերտ Կարայան, Օհան Դուրյան, Դավիթ Սեդրակյան, Հրաչյա Մաթեւոսյան, Արման Մանարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել