Ի՞նչ կատարվեց ԳԱԱ թղթակից անդամներին ընտրելիս. իրականություն երկրորդ
Դեկտեմբերի 14-ին եւ 15-ին ԳԱԱ թղթակից անդամներն ու ակադեմիկոսները նախ առանձին բաժանմունքներում, ապա ընդհանուր ժողովում ընտրեցին 36 նոր թղթակից անդամների՝ համալրելով ակադեմիան նոր անդամներով: Ինչպես արդեն առիթ ունեցել ենք նշելու, այս ընտրություններում վերջապես գոնե մի քանի գիտնականներ համարձակություն ունեցան բարձրաձայն ասելու, որ կատարվածը խայտառակություն էր, որ նման անարդարություններ երբեւէ ակադեմիան չէր տեսել: Շարունակենք ներկայացնել, թե ինչ էր իրականում կատարվել այդ օրերին:
Ձեւավորվել է ակադեմիկոսների մի խումբ, որոնք, բլոկների բաժանվելով, ղեկավարել են ընտրությունների ողջ ընթացքը: Եվ, որքան էլ զարմանալի է, այդ բլոկները գործել են հիմնականում ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի դեմ: Ձեւավորված բլոկներից մեկը ղեկավարել է ԳԱԱ նախկին ակադեմիկոս- քարտուղար Էդվարդ Ղազարյանը, ով Ռ. Մարտիրոսյանի հետ հավակնում էր ԳԱԱ նախագահի պաշտոնին, սակայն ում նախագահականը չէր ուզում տեսնել այդ պաշտոնում եւ նա, Ռ. Մարտիրոսյանի գալով, իր դիմումի համաձայն հեռացավ ԳԱԱ նախագահությունից: Նրա հետ էր գործում ակադեմիկոս Վանիկ Զաքարյանը, ով ակադեմիական շրջանակներում մշտապես համարվել է Էդ. Ղազարյանի «պապան»: Այս երկուսին որոշ չափով միացել է նաեւ ԳԱԱ նախագահի խորհրդական Սերգեյ Համբարձումյանը, ով Ռ. Մարտիրոսյանի վրա «մուռ» ունի դեռ այն ժամանակվանից, երբ վերջինս, դառնալով ԵՊՀ ռեկտոր, կրճատեց ռեկտորի խորհրդականի հաստիքը՝ աշխատանքից ազատելով Ս. Համբարձումյանին: Դա այն դեպքում, երբ Ս. Համբարձումյանը ԵՊՀ պատմության մեջ իրեն միակ արժանի ռեկտորն է համարում: Իսկ վերջերս էլ պրն Համբարձումյանը շատ նեղացավ, երբ մեխանիկայի ինստիտուտի տնօրեն չընտրվեց իր թեկնածուն: Նա պարզապես հեռացավ նիստերի դահլիճից, իսկ ավելի ուշ, պարզվում է, նա Ռ. Մարտիրոսյանին հրաժարականի դիմում է ներկայացրել: Դիմումի ճակատագիրը, ի դեպ, մինչ այսօր անորոշ է, այն գուցե պահվում է ԳԱԱ նախագահի գզրոցներում: Այս 3-ը ղեկավարել են մաթեմատիկա-ֆիզիկա բլոկը, ընդ որում՝ Ս. Համբարձումյանն աշխատել է հիմնականում Արմեն Դարբինյանի համար, ում հետ հաղթելու հավասար շանսեր ուներ նաեւ Պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանը, ով վերջին տարիներին 4-5 մենագրություն (գիտական հետազոտություն) է պատրաստել, իսկ Ա. Դարբինյանն ընդամենը մի քանի տարի է՝ ինչ դոկտորական է պաշտպանել:
Վանիկ Զաքարյանը քրտնաջան աշխատել է ԿԳ փոխնախարար Արա Ավետիսյանի օգտին, թեեւ վերջինիս համար զանգ է եկել նաեւ վարչապետից: Այսուամենայնիվ, Ա. Ավետիսյանն ընդամենը մի քանի ձայնի տարբերությամբ է կարողացել ընտրվել: Ընդհանուր ժողովում, ընտրություններից առաջ նույնիսկ բացասական ելույթներ են եղել նրա հասցեին. մասնավորապես նշվել է, որ Ա. Ավետիսյանն իր դոկտորականից հետո, այսինքն՝ վերջին 10 տարում, ընդամենը 2 գիտական հոդված է գրել, որոնցից մեկը՝ իր ասպիրանտի հետ համահեղինակությամբ: Սակայն Ա. Ավետիսյանին պաշտպանել է ԳԱԱ նախագահը՝ ասելով, որ մի հոդվածով կարելի է նույնիսկ Նոբելյան մրցանակ շահել: Ռ. Մարտիրոսյանն իր խնդրանք-ելույթով փրկել է էլի շատերին. նա 3-4 անգամ հայտարարությամբ հանդես գալով եւ որոշ առումով նաեւ բանավոր ճնշում գործադրելով՝ ընդհանուր ժողովի մասնակիցներին խնդրել է հարգել բաժանմունքների ընտրությունը եւ հաստատել այնտեղ ընտրված թեկնածուներին:
Հումանիտար բլոկի ուղղությամբ աշխատել է հիմնականում ակադեմիկոս Գեւորգ Բրուտյանը, ով Ռադիկ Մարտիրոսովիչի դեմ չարացել է այն պահից, երբ վերջինս նրան ազատել է խորհրդականի պաշտոնից ու կրճատել նրա աշխատավարձը: Գ. Բրուտյանի հետ կապված մութ եւ երկար պատմություն կա փիլիսոփայության բաժնում իր թեկնածուին անցկացնելու վերաբերյալ: Նա ամեն ինչ արել է, որպեսզի Հրաչիկ Միրզոյանը չանցնի եւ անցնի ծագումով ղարաբաղցի Ալեքսանդր Մանասյանը՝ ելնելով մի սկզբունքից. ոչ մի լուրջ փիլիսոփա չպետք է մտնի փիլիսոփայության ոլորտ:
Հումանիտար բլոկում ընտրվածներից ամենաանցանկալին, կարելի է ասել, եղել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Գառնիկ Անանյանը, ում համար քույրը՝ Ջեմմա Անանյանը, իր դիրքերն օգտագործելով (նա ԱԺ կրթության, գիտության եւ մշակույթի հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանի խորհրդականն է), դռնեդուռ է ընկել ու եղբոր համար բարեխոսել, նրան օգնել է նաեւ Հր. Հակոբյանը: Իսկ Գ. Անանյանի տարածած լուրերը, թե իրեն սատարում է պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, արդեն սկսել են հերքվել:
Ակադեմիայում համընդհանուր հակակրանք էր առաջացնում ԲՈՀ-ի նախագահ Արմեն Թռչունյանը, ով վայելում է նախագահականի աջակցությունը: Նրա հետ կապված նույնիսկ այսպիսի միջադեպ է եղել: Կենսաֆիզիկայի հիմնադիրներից մեկը՝ Սիներիկ Հայրապետյանը, իմանալով, որ իր մասնագիտությամբ թեկնածու է առաջադրվել նաեւ Թռչունյանը (թեեւ վերջինս մինչեւ 51 տարեկանների ցանկում էր), դիմել է ԳԱԱ նախագահին՝ իր դիմումը հետ վերցնելու խնդրանքով՝ նշելով, որ իր համար անպատվաբեր է Թռչունյանի հետ մի բլոկում առաջադրվելը: Սակայն կոլեգաները համոզել են չգնալ այդ քայլին՝ տհաճ մթնոլորտ չստեղծելու համար: Իսկ առանց տարիքային սահմանափակման տեղերի թեկնածուների մեջ, որտեղ դիմել էր Ս. Հայրապետյանը, հաղթել է ԵՊՀ կենսաբանական ֆակուլտետի դեկան Էմիլ Գեւորգյանը, ով իր դոկտորականը պաշտպանել է կենսաքիմիա մասնագիտությամբ:
Գանք ոչ պակաս հետաքրքիր մի իրողության: ԳԱԱ թղթակից անդամ, ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետի ամբիոնի վարիչ Գրիգոր Ղարիբյանի համար ծանր ընտրություն է եղել տնտեսագիտություն մասնագիտության առանց տարիքային սահմանափակման բաժնում: Նա վերջին պահին ընտրել է իշխանությունների եւ ԳԱԱ վերնախավի նախընտրելի թեկնածու, Տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Յուրի Սուվարյանին՝ այն դեպքում, երբ ողջ նախընտրական շրջանում աշխատել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանի համար, ում իրականում նախընտրում էր: Բանն այն է, որ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի տղան սովորում է Տնտեսագիտական համալսարանում, իսկ Ղարիբյանի տղան աշխատում է դատախազությունում: Եվ գլխավոր դատախազն օգտագործել է Ղարիբյանի տղայի գործոնը, որպեսզի Սուվարյանի համար ապահովի նաեւ Ղարիբյանի ձայնը:
Առաջիկայում կանդրադառնանք նաեւ ակադեմիական թեմաներով մեր հոդվածաշարի արձագանքներին: