Լրահոս
Օրվա լրահոսը

Ապացուցիր, որ փոխհատուցում չես ստացել

Դեկտեմբեր 22,2006 00:00

\"\"Քաղաքային իշխանությունները նոր հոգս են դրել իրացման գոտու բնակիչների վրա

Կոնդ թաղամասը Հյուսիսային պողոտայի, Բուզանդի, Արամի փողոցների եւ Կոզեռն թաղամասերի պես պետության կողմից իրացվելու վտանգի տակ է: Ներկայումս Կոնդում ճամպրուկային վիճակ է. մարդիկ շտապում են սեփականաշնորհել իրենց բնակարանները՝ հետագայում փոխհատուցումից էլ չզրկվելու համար: Քաղաքապետարանի որոշմամբ՝ Կոնդի 518 ընտանիք արդեն պետք է սեփականության վկայական ունենար, բայց նրանցից 25-ը դեռ վկայականները տարբեր պատճառներով չի ստացել: Քաղաքապետարանի ներկայացուցիչները սա բացատրում են տեխնիկական խնդիրներով՝ ասելով, որ հիմնականում վկայական չստանալու պատճառը սխալ չափագրումների արդյունք է:

Բացի այն, որ կոնդեցիները տեղահանվելու հետ կապված անընդհատ սթրեսային վիճակում են, քաղաքային իշխանություններն էլ իրենց ստեղծած խնդիրներով կրկնապատկում են նրանց լարվածությունը: Օրինակ՝ բնակիչներից պահանջում են ներկայացնել այնպիսի փաստաթղթեր, որոնք կապացուցեն, որ նրանք երբեւէ իրենց բնակարանի դիմաց որեւէ փոխհատուցում՝ լինի գույքային թե դրամական, իշխանություններից չեն ստացել: Կոնդի թիվ 148 բնակարանատեր Անահիտ Չիլոյանը հավաստիացնում է, որ ինքն իսկապես որեւէ փոխհատուցում չի ստացել, բայց չի կարողանում այդ մասին վկայող որեւէ փաստաթուղթ գտնել: Միակ ապացույցն այն է, որ նրա մոտ է իր տան գրքույկը, իսկ փոխհատուցում ստանալու դեպքում նրա ձեռքից այդ գրքույկը վերցրած կլինեին: Թիվ 148 բնակարանում Անահիտն ապրում է 3 երեխաների հետ: Տունը ժառանգել է հորից: «Հիմա ես սեփականության վկայական չունեմ, քաղաքապետարանը հավանաբար ուզում է ոչ մի կոպեկ չտալով՝ իմ տունը ձեռքիցս առնել, ինձ էլ երեխաներիս հետ փողոցում թողնել: Որ գաք տեսնեք, թե մենք ինչ պայմաններում ենք ապրում՝ լաց կլինեք»,- լացակումած պատմում էր «Առավոտի» խմբագրություն եկած Ա. Չիլոյանը: Նրա տան պայմաններն իսկապես սահմռկեցուցիչ էին: Իհարկե, Կոնդում բոլոր տներն էլ խեղճուկրակ են, բայց Անահիտի կենցաղային պայմաններն աննկարագրելի են: Բնակարանում միայն միջանցքն էր լուսավորված, իսկ մյուս սենյակներում լույս չէին վառում, որովհետեւ, տանտիկնոջ պատմելով՝ «անձրեւ է կաթում եւ կարող ենք տոկահարվել»: Տան խոհանոցի առաստաղը, թվում էր՝ ուր որ է խոնավությունից փլվելու էր: Իսկ զուգարան այս բնակարանում ուղղակի չկար, Անահիտի աղջիկներն ամաչեցին ցույց տալ, թե որտեղ են հոգում իրենց բնական կարիքները:

Հիշեցնենք, որ քաղաքապետարանը խոստացել էր մինչեւ տարեվերջ սեփականության վկայականներ տալու հարցը լուծել: Սակայն տարեվերջին 10 օր էլ չի մնացել, եւ դեռեւս 25 ընտանիք սեփականաշնորհման վկայական չունի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել