Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՈԼՖՍՈՆԻ ՎԻՃԱԿԸ ԼԱՎ ՉԷ

Դեկտեմբեր 22,2006 00:00

Երեկ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը «Հակակրիմինալի» նիստից հետո լրագրողներին տեղեկացրեց, որ ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Գասպարյանի դեմ մահափորձ անելու մեջ մեղադրվող ՀՀ ԱԱԾ փոխգնդապետ Յուրի Վոլֆսոնի առողջական վիճակը լավ չէ:

Ըստ Ա. Կարապետյանի, մեկուսարանի ղեկավարությունը բժիշկներին թույլ չի տալիս մտնել Յու. Վոլֆսոնի մոտ, ով հիմա սրտի մեծ պրոբլեմ ունի: «Երկու դեպք է եղել, երբ նա կորցրել է գիտակցությունը: Բացի այդ, նախկինում Վոլֆսոնը մենակ էր մեկուսարանի իր խցում, իսկ հիմա նա 4-5 հոգու հետ է նույն խցում: Հետեւեք այդ դատավարությանը: Շատ կարեւոր գործ է: Դատավարությունը հիմա փակ է, բայց ավարտից հետո եղած փաստերը կհրապարակվեն: Եթե այդ դատավարությունը բաց լիներ, մենք շատ բան կիմանայինք ԱԱԾ-ում տեղի ունեցածի առնչությամբ»,- հայտարարեց Ա. Կարապետյանը:

Բացի այդ, նա նաեւ հիշեցրեց, որ նախօրեին հարցաքննության է հրավիրվել Ազգային անվտանգության գերատեսչության պետի նախկին տեղակալ, ԱԺ նախկին պատգամավոր Գուրգեն Եղիազարյանը (դրա մասին «Առավոտը» գրել է): Նրա հարցաքննությունը տեւել է 7 ժամ: «Ես կասկած ունեմ, որ հաջորդ քաղբանտարկյալը հենց նա է լինելու: Իր տված հարցազրույցի («Իրավունք» թերթում.- Ն. Մ.) ամեն մի տողը դարձել է բացատրության թեմա: Նրան հիմա ուզում են մեղադրել պաշտոնատար անձին՝ ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանին ծանր ու, իբր, անհիմն մեղադրանքներ ներկայացնելու մեջ»,- ասաց «ՆԺ» նախագահը: Ավելին, նրա մատուցմամբ՝ «կան նաեւ որոշակի տեղեկություններ, ըստ որոնց՝ առաջիկայում Գ. Եղիազարյանին վարկաբեկելու փորձ է արվելու ինտերնետի միջոցով. շուրջ 84 հասցեներով ինչ-ինչ տարբեր բնույթի լուսանկարներ են տարածվելու: Դեկտեմբերի 26-ին նրան էլի կանչել են դատախազություն: Ես հավաստիացնում եմ, որ 1999-ի «27»-ի վերաբերյալ Գ. Եղիազարյանի կողմից ինձ պատմածը կհրապարակեմ, եթե նա կալանքի վերցվի: Մինչ այդ՝ տեղեկատվությունը տնօրինում է Գ. Եղիազարյանը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել