Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞Վ Է ԳՈՂ-ԱՎԱԶԱԿԸ

Դեկտեմբեր 22,2006 00:00

Այդ հռետորական հարցը տրվեց երեկ «Ընտրական օրենսգրքի» քննարկման ժամանակ

Եթե իշխանությանն այսօր հաջողվի խորհրդարան բերել «կոճակ սեղմողներին», ապա քվեարկության կդրվի «Ընտրական օրենսգիրքը», որը երեկ քննարկեցին բացառապես ընդդիմադիր խմբակցությունները եւ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը: Մյուսներին դա ակնհայտորեն պետք չէր: 131 պատգամավորներից քննարկմանը մասնակցում էր հազիվ երկու տասնյակ մարդ, հիմնականում՝ ընդդիմադիր կամ անկախ: Իշխանական երեք կուսակցությունները՝ ՀՀԿ, ՀՅԴ եւ ՄԱԿ, ներկայացված էին 5-6 պատգամավորով: Իսկ ընդդիմադիրները վստահ էին, որ «Ընտրական օրենսգրքի» փոփոխություններով մեծամասնությունը միայն մեկ նպատակ է հետապնդում՝ նորմալ պայմաններ ստեղծել 2007-ի ընտրությունները կարգին եւ առանց գլխացավանքի կեղծելու համար: Եվ խորհրդարանական մեծամասնության կարծիքը, թե օրենսգիրքը, ճիշտ է, անթերի չէ, բայց առաջընթաց է ապահովում, ընդդիմադիրները այսպես էին բացատրում՝ իհարկե, այդպես պետք է ասեն, իրենց կեղծիքների համար առաջընթաց է ապահովում:

ՕԵԿ ներկայացուցիչ Հովհաննես Մարգարյանը զարմանքով հայտարարեց, որ 1,5 տարում մշակված «Ընտրական օրենսգրքի» նախագիծը չորս օրում փոփոխվել է եւ այնպես է փոփոխվել, որ նույնիսկ ընդհանուր եզրեր չունի նախկինի հետ: «ԱՄ» խմբակցության քարտուղար Ալեքսան Կարապետյանը «ԸՕ»-ի մասին իր ելույթում ավելի շատ խոսեց երեք հեռուստաընկերություններին Ռոբերտ Քոչարյանի տված ասուլիսի մասին։ «Պետք է ասեմ, թե ով է գող-ավազակը: Ռոբերտ Քոչարյանը սպասում է իմ պատասխանին: Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ մեղավորը ոչ թե գողն է, այլ տուժողը, ով իր ունեցվածքը լավ չի պահպանում: Վտանգավորն այն է, որ Ռոբերտ Քոչարյանը հավատում է իր ասածին»,- ասաց պրն Կարապետյանը՝ չտալով, սակայն, իր հռետորական հարցի պատասխանը: Ընդհանրապես, իր հեռուստաելույթով ՀՀ նախագահը քաղաքական գործիչներին բավական նյութ էր տվել եւ երեկ գրեթե բոլորը ուզում էին դրան անդրադառնալ: Մանուկ Գասպարյանը իր հերթին ասաց, որ երկրի կառավարությունն ու նախագահը ընտրությունների համար քաղաքական պատասխանատվություն չեն վերցնում, էլ ինչպե՞ս արդար ընտրությունների ակնկալիք ունենաս: Երբ Մանուկ Գասպարյանը խոսքը շարունակելու համար լրացուցիչ ժամանակ խնդրեց, Տիգրան Թորոսյանը նկատեց. «Թեմայի շուրջ ոչ մի բառ չասացիք, ժամանակ ավելացնեմ, որ ի՞նչ լինի»: «1995 թվականից «Ընտրական օրենսգիրք»-ը չի ծառայում իր նպատակին»,- բարկացած բղավեց Մանուկ Գասպարյանը:

Իր ելույթում ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը հայտարարեց, որ ուղղակի զարմանալի է, երբ մարդիկ այստեղ նման հայտարարություններ են անում, երբ իրենց բոլոր առաջարկությունները ընդունվել են: ԱԺ նախագահը ամբիոնից ոգեշունչ ելույթներ ունեցող ընդդիմադիր պատգամավորներին խորհուրդ տվեց չգոռգոռալ, որովհետեւ «այստեղ փողոց չէ»: Նաեւ առաջարկեց ԱԺ-ում նախընտրական շոուներ չսարքել։ «ԸՕ»-ի քվեարկությունը պետք է կայանա այսօր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել