Եվ առավել եւս՝ ԱԺ պատգամավորների ներկայացրած հայտարարագրերից եզրակացություններ անելը:
«Հայտարարագրերի գործընթացը շատ վատ խաղ է: Առանց այն էլ՝ ժողովուրդը նոստալգիայով որդեգրել է մի բանաձեւ, որ ով հարուստ է՝ նա գող է, այսինքն՝ հարուստ լինելը շատ վատ է: Պետությունը հարուստ է, երբ շատ հարուստներ ունի: Իսկ ես ուզում եմ շա՜տ-շա՜տ հարուստ լինել: Խաղի կանոնները մի տեսակ ուրիշ տեղ են տանում: Հայտարարագիրը փաստորեն փորձ են անում բնութագրել, թե մարդը գող է ու գողացածի մի մասն է ցույց տալիս: Դա անհեթեթ մի բան եմ համարում»,- այսպես արձագանքեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, երբ նրան խնդրեցինք մեկնաբանել 2005-ի իր գույքի եւ եկամուտների հայտարարագիրը, ըստ որի՝ ինքն ավտոմեքենա չունի, եւ ընդհանրապես՝ պատգամավորական աշխատավարձից բացի՝ ունեցել է միայն շուրջ 110 հազար դրամի եկամուտ:
Սակայն մենք խի՜ստ հեռու ենք մտքից, թե հարուստ լինելը վատ բան է. ընդհակառա՛կը: Հարցականների տեղիք տվողն այլ իրողություն է, թե ինչո՞ւ են մեր հարուստները թաքցնում իրենց կարողությունը: «Հայքը» հրապարակել էր հայտարարագրերից քաղած տվյալներ: Եվ ըստ այդմ՝ մեծահարուստ Սամվել Ալեքսանյանը, որին պատկանող ձեռնարկությունները գերիշխող դիրք ունեն շաքարավազի ներկրման շուկայում՝ 2005-ին ունեցել է ընդամենը շուրջ 800 հազար դոլարի եկամուտ: Մինչդեռ ըստ որոշ հաշվարկների՝ միայն այս բիզնեսից նրա եկամուտը պիտի կազմեր 5-6 մլն դոլար:
Ծանո՞թ եք այդ հայտարարագրերին, տեսե՞լ եք, որ Սամվել Ալեքսանյանը կամ մեկ այլ պատգամավոր՝ Մուրադ Գուլոյանը հայտարարագրել են, թե ընդամենը մեկ «Նիվա» ունեն՝ մեր այս հարցերին Գալուստ Սահակյանը պատասխանեց, «Չեմ էլ փորձի ծանոթանալ: Իմ բարոյականությունը թույլ չի տա, որ որեւէ մեկի հայտարարագիրը կարդամ եւ դրանից եզրակացություններ անեմ: Եթե մի «Նիվա» է գրանցված իր անունով՝ մի «Նիվա» պիտի ցույց տա»: (Միջանկյալ նշենք, որ ըստ ներկայացրած հայտարարագրերի՝ ընդհանրապես ավտոմեքենա չունեն նաեւ Կենտրոնից ընտրված պատգամավոր Վլադիմիր Բադալյանը եւ Նահապետ Գեւորգյանը):
Չնայած Գալուստ Սահակյանը բավական դժկամությամբ էր արձագանքում մեր հարցերին, փորձ արեցինք նրանից պարզել մի տեղեկություն, որ վերաբերում էր իր բարեկամին՝ ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանին: Վերջինս նշել էր, թե ունեցել է 25 մլն դրամի բնամթերքային եկամուտ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Հրազդան» տոնավաճառից բացի՝ հայտնի չէ պրն Աղաբաբյանի այլ բիզնես-գործունեության մասին, պրն Սահակյանից հարցրինք, թե այնտեղի՞ց է ստացել այդ բնամթերքը: Սակայն ՀՀԿ խմբակցության ղեկավարի պատասխանն էլի նույն ոգով էր. «Ես նույնիսկ չեմ փորձում վերլուծել իմ տղաների՛ ունեցվածքը, առավել եւս՝ չեմ վերլուծի բարեկամներիս ունեցվածքը: Յուրաքանչյուրն իր գրպանից բացի՝ ուրիշի գրպան մտնելու իրավունք էլ չունի: Հետաքրքրությանս շրջանակների մեջ չեն տեղավորվում այդ հարցադրումները»:
Սակայն այլ պատգամավորներ պատրաստակամորեն արձագանքեցին մեր հարցադրումներին: Ասենք, երբ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Դանիելյանից հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է ստացվել, որ թեեւ հայտարարագրում ցույց է տվել, թե պատգամավորական աշխատավարձից բացի՝ չունի ուրիշ ոչ մի եկամուտ (այդպես են վարվել նաեւ Մուրադ Գուլոյանը, Լյովա Խաչատրյանը, Հարություն Ղարագյոզյանը եւ շատերը), սակայն նաեւ հայտարարագրել է «Դեյվու Նեքսիա» (1995թ.) եւ «Գրանտ Չերոկի» (1994թ.), պարզաբանեց. «Ես այդ ավտոմեքենաներն ունեցել եմ դեռեւս այն ժամանակ, երբ պատգամավոր չեմ եղել: Եվ 2-ն էլ ստացել եմ նվեր ծնողներիս կողմից»:
«Ժողպատգամավոր» խմբի ղեկավար Կարեն Կարապետյանը մեր խնդրանքով անդրադառնալով հրապարակված տեղեկությանը, թե իր անվամբ միայն մի բնակարան ունի եւ չի հայտարարագրել «Հաղթանակ» զբոսայգու հարեւանությամբ կառուցված դղյակը՝ պարզաբանեց, որ այն պատկանում է իր եղբորը՝ Սամվել Կարապետյանին. «Նա երկար տարիներ է՝ աշխատում է Ռուսաստանում եւ համարվում է ՌԴ խոշոր գործարարներից մեկը: Տրամաբանական է՝ մարդն ունի հնարավորություններ եւ պետք է Հայրենիքում բնակարան կառուցեր իր համար»:
Կարեն Կարապետյանը եւս հայտարարագրում չի նշել 2005-ին ստացված որեւէ եկամուտ, բացի պատգամավորական աշխատավարձից: Մինչդեռ նա համարվում է «Տաշիր» առեւտրի կենտրոնի սեփականատերը: «Այնտեղ բազմաթիվ սեփականատերեր կան: Այդ թվում՝ շատ փոքր մասնաբաժին պատկանում է ինձ, որդուս եւ իմ հարազատներին,- ասաց Կարեն Կարապետյանը:- «Տաշիրում» լուրջ ներդրումներ են արվել, եւ հայկական կապիտալ չէ, այլ ռուսական: Բոլորը պիտի հասկանան՝ այն գումարները, որոնք ծախսվեցին «Տաշիրի» համար, ՌԴ-ում վերադարձելիությունը 1-2 տարի է, իսկ Հայաստանում՝ 7-8 տարի: Իսկ բիզնեսը միայն շահեր է ճանաչում, ոչ թե ազգություն: Սա ուղղակի հայի հոգեբանությամբ է արվել, որի մասին մենք երբեք չենք խոսել: Մեր գումարը ներդրել ենք մեր երկրում: Եվ ես եմ պնդել, որ այդ գումարներն իմ բարեկամները բերեն, ներդնեն»:
«Ժողպատգամավորի» ղեկավարը պնդեց, որ իր հայտարարագրածը ճշգրիտ համապատասխան է նրան, ինչ ինքն ունի. «Մինչ 90-ականները ես աշխատել եմ դրսում եւ Հայաստան եմ վերադարձել որոշակի կապիտալ ու մեծ հնարավորություններ ձեռք բերած: Մինչեւ «Տաշիրը» մեր ընտանիքն այստեղ ընդհանրապես չի ունեցել սեփական ձեռնարկություն եւ որեւէ գործունեությամբ չի զբաղվել Հայաստանում: Իմ ընտանիքի յուրաքանչյուր անդամ աշխատում է՝ տղաս Ռուսաստանում ձեռնարկություններ ունի, քույրերս ունեն, եւ ես էլ որոշակի մասնաբաժին ունեմ այդ ձեռնարկություններում: Եվ բնականաբար, իմ գումարները կարող եմ տնօրինել այնպես, ինչպես ուզում եմ»: Վերջին նկատառումը պատասխանն էր մեր այն դիտարկմանը, թե նրա հայտարարագրած միայն պատգամավորական աշխատավարձ-եկամուտներին չի համապատասխանում նաեւ այն, որ վերջերս օգնություն է բաժանում ոչ միայն Տաշիրում՝ իր ընտրատարածքում, այլ նաեւ՝ Շիրակում: «Ուրիշների նման չեմ տանում՝ բարձի տակ դնում, այլ տանում, բաժանում եմ ժողովրդին: Եվ այսօր չեմ սկսել բաժանել: Հարցումներ արեք իմ ընտրատարածքում՝ 90-ականներից, երբ դեռեւս Հայաստանում չէի ապրում՝ ինքնաթիռներով սնունդ էի բերում, բաժանում ժողովրդին,- ասաց Կարեն Կարապետյանը:- Այո, անում եմ եւ պետք է անեմ: Հարյուրավոր օգնություններ ենք անում հանրապետության տարբեր մասերում: Ուղղակի մարդու էության խնդիր կա՝ համարում եմ, որ իմ գումարներն այդպես ծախսելը ճիշտ է»: