Մյուս տարվանից «Հակակրիմինալը»
կտրուկ քայլերի կդիմի
«Հակակրիմինալ» շարժումը երեկ ազդարարեց, որ այս տարվա ընթացքում իրենք վերջին անգամ են քննարկումներ կազմակերպում:
Շարժման երեկվա նիստի բանախոս «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի ասելով՝ քննարկումների փուլը հիմնականում ավարտված է եւ Ամանորից հետո «Հակակրիմինալը» կանցնի գործնական, կտրուկ քայլերի՝ այդ համատեքստում չբացառելով նաեւ փողոց դուրս գալու հեռանկարը: Իհարկե, «գործնական» կամ «կտրուկ» ասելով Ա. Կարապետյանը նկատի չուներ պայքարի այն ձեւերը, որոնք նա կտրականապես անընդունելի է համարում՝ զինված պայքար ու զենքով հարցերի լուծում: Այդուհանդերձ, Ա. Կարապետյանը երեկ արձանագրեց, որ երբ երկրում հնարավոր չէ իշխանություն ձեւավորել նորմալ ու արդար ընտրությունների միջոցով, ապա մնում է երկու տարբերակ՝ կամ համակերպվել առկա իրավիճակի հետ ու կորցնել երկիրը, կամ համախմբվել եւ պայքարել բոլոր հնարավոր ձեւերով, որոնցից ամենաընդունելին նրա համար քաղաքացիական անհնազանդությունն է: Ապստամբության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի հայտնի կետը մեջբերելուց հետո պարոն Կարապետյանը պարզաբանեց, որ երբ իշխանության ռեպրեսիվ ապարատը աշխատում է իր ճանապարհին եղած ամեն ինչ կոտրելով, ապա քաղաքացիական անհնազանդությունը կարող է նաեւ կոշտ տարբերակով իրականացվել, ինչպես դա եղավ Վրաստանում:
Ինչ վերաբերում է իշխանության դեմ պայքարելու եւ օրինական իշխանություն ձեւավորելու հարցում ուժային պայքարի գաղափարին, ապա Ա. Կարապետյանը փորձեց նախ գտնել այն հարցի պատասխանը, թե ինչո՞ւ է, իր ասելով, մեր հասարակության 90 տոկոսը կարծում, որ առանց ուժի կիրառման հնարավոր չէ իշխանափոխություն անել:
Առանց անուններ տալու, բայց ակնհայտորեն նկատի ունենալով Ժիրայր Սեֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի ձերբակալության օրինակը, ովքեր ցանկացած ձեւով՝ անգամ զենքի ուժով, պայքարելն արդարացված են համարում հատկապես ԼՂ հիմնախնդրի կարգավորման ու տարածքների վերադարձի համատեքստում, պարոն Կարապետյանի ասածն, ըստ էության, այն էր, որ ուժի դիրքերից հարցեր լուծելու գաղափարին նպաստում են իրենք՝ իշխանությունները, օրինակ՝ նրանով, որ ԼՂ հարցի կարգավորման բանակցությունները հույժ գաղտնի են պահում հասարակությունից, որից էլ ծնունդ են առնում այս կամ այն աղբյուրից ստացված տեղեկությունների հիման վրա իշխանություններին դավաճանության մեջ մեղադրելու հիմքերը:
«ԼՂ հակամարտության կարգավորման հարցի առնչությամբ բոլոր բանակցությունները գաղտնի են, որեւէ մեկը չունի տեղեկություն, թե այդ հիմնահարցի հետ կապված ինչպիսի՞ գործընթացներ են սպասվում: Արդյոք բանակցություններում առաջարկվող համաձայնությունը ենթադրո՞ւմ է ազատագրված տարածքներն ամբողջությամբ հանձնել Ադրբեջանին, 4 ամսվա ընթացքում այնտեղ տեղափոխել 800 հազարից մինչեւ 1մլն փախստական, դրանից հետո միայն ԼՂ կարգավիճակը որոշակիացնող հանրաքվե անցկացնել: Ճի՞շտ է արդյոք այն լուրը, որը հրապարակել է Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովը. մնացել է մեկ չլուծված խնդիր, ու քանի որ կա Լաչինով Հայաստան-ԼՂ կապող միջանցք, ապա պետք է լինի նաեւ Ադրբեջանը Նախիջեւանին կապող միջանցք՝ Մեղրին: Արդյոք այդ դեպքում մարդիկ, ովքեր արյամբ են պայքարել այդ հողերի ու դրանք ետ չտալու համար, իրավունք ունե՞ն այս գաղտնիության պայմաններում հնչեցնել համապատասխան կոչեր, թե՞ ոչ, եթե համարում են, որ բոլոր նրանք, ովքեր այսպիսի համաձայնություն են ստորագրելու, դավաճաններ են, որովհետեւ այդ համաձայնությունը համարժեք չէ այն պայքարին, որ տարել է հայ ժողովուրդը ԼՂ հարցում»:
Իհարկե, երեկ «Հակակրիմինալի» նիստն առանց բացահայտումների չանցավ: Ա. Կարապետյանը, ճիշտ է՝ ուժային կառույցներին ուղղված հարցադրումների տեսքով, բայց, ըստ էության, ներկաներին փոխանցեց մի տեղեկություն, ըստ որի՝ «մոտ 20 օր առաջ Աբովյանում գիշերային հարձակում է եղել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակի վրա: Ավտոմատային կրակահերթ է արձակվել գրասենյակի վրա, եւ դրանից հետո մարդիկ մեքենաներով հեռացել են՝ ասելով, թե իրենք ովքեր են եւ որտեղ են սպասում կուսակցության ղեկավարությանը»,- տեղեկացրեց պարոն Կարապետյանը: Նա այս տեղեկությունը կապեց Արմավիրի մարզում օրերս տեղի ունեցած ԲՀԿ անդամ գյուղապետի սպանության հետ:
«ՆԺ» նախագահը երեկ չբացառեց, որ Հայաստանում քաղբանտարկյալների թիվն առաջիկայում՝ անգամ մինչեւ Ամանոր, կարող է աճել: