Լեւոն Ներսիսյանի մասին երեկ ասացին նրա մտերիմները
Այս տարի Լեւոն Ներսիսյանը 75 տարեկան կլիներ: Անհատականություն, որի դասախոսություններին ԵՊՀ-ի ուսանողների համար ազատ տեղեր չէին լինում, քանի որ լսարանը շտապում էին լցնել այլ բուհերի ուսանողները: Հոբելյանի առիթով երեկ «Հայելի» ակումբում իրենց հուշերը լրագրողներին փոխանցեցին հոբելյարի մտերիմները՝ գրող Հակոբ Մովսեսը եւ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը: Ըստ Հակոբ Մովսեսի, Լ. Ներսիսյանի դասախոսություններից որեւէ գրավոր խոսք չի պահպանվել, մյուս կողմից՝ գիրը սպանում է լեգենդը, իսկ Լ. Ներսիսյանը ցանկանում էր լեգենդ մնալ. «Միգուցե եւ ծիծաղելի կլիներ, եթե նա գրեր»:
Տ. Մանսուրյանի կարծիքով, Լ. Ներսիսյանը երկու կարեւոր գիծ ուներ՝ լռել եւ խոսել. «Սրանք համարժեք էին իրար: Երբեք չէիր նկատի՝ լռե՞լն է նրա առավելությունը, թե՞ խոսելը: Եզակի մարդիկ եղան ամբողջ Սովետական Միությունում, որոնք փառահեղորեն լռեցին: Լեւոնը նրանցից մեկն էր: Նա հրաշալի դասախոս էր ոչ միայն լսարանում, այլեւ մտավորականության հավաքների ժամանակ: Լեւոնը երբեւէ չգնաց պարապ խոսակցությունների մասնակցելու, որոնց արդյունքում գուցե կդառնար դոկտոր, ակադեմիկոս…»: Հենց այդ կոչումների պակասի պատճառով էր, որ ԵՊՀ ղեկավարությունը չթույլատրեց նրա ուսանողներին՝ իրենց վերջին հրաժեշտը տալ սիրելի դասախոսին՝ համալսարանում: Ըստ կոմպոզիտորի, 70-80-ականների երիտասարդության կողմից շատ սիրված դասախոսը ասպետ էր բոլոր առումներով. «Նա նաեւ մտքի, վարքի ասպետ էր: Հսկայական գիտելիքներ ուներ կուտակած: Ընդ որում, դրանք չէր դարսում «դարակում», այդ գիտելիքները իրար հետ ապրում էին, բախվում էին»:
Բանախոսները հիշեցին, որ Լ. Ներսիսյանը վտանգավոր մարդ էր համարվում սովետական իշխանությունների համար: Հակոբ Մովսեսը հիշեց, որ առաջին հոդվածը Լ. Ներսիսյանի մասին տպագրվել է 1988-ին՝ «Գարունում», հեղինակը նրա մտերիմ բարեկամ Կարեն Սվասյանն էր. «Այդ հոդվածից Լեւոն Ներսիսյանին շատ էր դուր եկել այն միտքը, որ իր պես մարդը տարերային աղետ է սովետական ժողովրդի եւ հասարակության համար: Իրոք, մեծ մարդիկ խռովում են շատերի հանգիստը: Կարեն Սվասյանի այս հոդվածը տպագրելու համար մեծ ջանքեր էինք թափել: Այն ժամանակ դեռ Կենտկոմը գոյություն ուներ եւ ինչ լափ ասես՝ լցրին մեր գլխին»: Տիգրան Մանսուրյանը նշեց, որ ԵՊՀ դասախոսը մի ամբողջ ժամանակաշրջանի խիղճն է եղել բոլոր նրանց համար, ովքեր հավատում էին, որ կարելի է չծախվելով սովետական սիստեմին, ուժին՝ ապրել. «Եվ ինքը դրա առաջնորդն ու չափանիշն էր մի քանի սերունդների համար»:
Հանդիպման հերոսները հատուկ անդրադարձան ներսիսյանական ազատությանը, որը նույնպես չափանիշ է հանդիսացել թե դասախոսների, թե ուսանողների համար: Ըստ Հակոբ Մովսեսի, նա մեր իրականության մեջ այն մարդն էր, ով ազատ էր իր մտքերում, հոգում, կենցաղում, արարքներում. «Նա սովորեցնում էր, թե հանուն ինչի արժե ազատ լինել սովետական գաղափարախոսությունից՝ հանուն Աստծո, հոգու, ազնվության, մշակույթի, ի վերջո՝ ապրելու համար: Ազատության ընկալման նման տարբերակը մեր օրերում խիստ պակասում է: Նա մի մարդ էր, որի մոտ ստորություն անել հնարավոր չէր եւ ամենաստոր մարդն անգամ հինգ րոպեում կարող էր դառնալ Աստծո գառ»:
Բանախոսները չմոռացան հիշել նաեւ Լեւոն Ներսիսյանի ընկերներին՝ Ալբերտ Կոստանյանին, Ռուբեն Ադալյանին, Էդմոն Ավետյանին: Հակոբ Մովսեսը նշեց, որ՝ համոթ մեր ժողովրդի, Է. Ավետյանը մահացավ սովից եւ ցրտից, իսկ «90-ականների ստոր կյանքից Լեւոն Ներսիսյանին զերծ պահեց նրա ուսանողը՝ Վանո Սիրադեղյանը»: