Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆԳՐԵՍԸ ԲՈԼՈՐԻՆ ՓՈՂ ԿՏԱ

Դեկտեմբեր 21,2006 00:00

\"\"Երեկ խոստացավ վերջինիս փոխնախագահը

Համաշխարհային հայկական կոնգրեսը (ՀՀԿ), ի դեմս փոխնախագահ Վլադիմիր Աղայանի, ԳԱԱ-ում երեկ կատարած աշխատանքների հաշվետվությամբ հանդես եկավ, նաեւ ներկայացրեց իրենց նպատակները՝ «աշխարհի հայության համախմբում, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում, հայ ժողովրդի սոցիալական վիճակի բարելավում, պետականության ամրապնդում եւ այլն»: Միջոցառմանը ներկա էին ակադեմիկոսներ, ստեղծագործական միությունների նախագահներ, կրթության, մշակույթի ու հասարակական գործիչներ: Եվ նրանցից յուրաքանչյուրը համապատասխան առաջարկություններ ներկայացնելով՝ իր բաժին գումարն էր ակնկալում Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանից:

Վերջինս, որ մոտ մեկ ամիս առաջ $50000 էր նվիրաբերել իրեն գովերգող Հայաստանի գրողների միությանը, փոխնախագահ Վ. Աղայանի բերանով հայտարարեց, որ գալիք տարի իրականացնելու է «Հայը 21-րդ դարասկզբին» խորագրով արձակի մրցանակաբաշխությունը, որի հաղթողները միասին՝ $18000-ով կպարգեւատրվեն: Կոնգրեսը աջակցելու է հայ գրողների գրքերը տպագրելուն ու արտերկրում տարածելուն: Եվ դա պատահական չէ, որովհետեւ գրողներն էլ յուրովի են սատար կանգնում Ա. Աբրահամյանին՝ չբողոքելով Ռուսաստանում հայազգիների սպանությունների համար, ինչը այնտեղ «դիսկոմֆորտ» է ստեղծում Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահի համար:

Նկարիչների միության հետ համատեղ էլ ծրագրեր կիրականացվեն. 2007-ին կանցկացվի կերպարվեստի ոլորտում լավագույն ստեղծագործությունների մրցույթ, որը կոնգրեսի վրա $10000 «կնստի»: Մի մրցույթ էլ Ժուռնալիստների միության հետ կանցկացվի` Հայաստան-Սփյուռք ազգային միավորման թեմաներով ու $8000 բյուջեով:

Միջոցառմանը ներկա «Նախիջեւան» հայրենակցական միության նախագահ, ՀՀԿ վերստուգիչ- վերահսկիչ հանձնաժողովի անդամ Ռաֆայել Համբարձումյանն էլ առաջարկում էր բոլոր հայերի համար Սեւրի պայմանագրի կապակցությամբ օգոստոսի 10-ը հայտարարել հայրենատիրության օր: Ըստ նրա, ղարաբաղյան հարցը չպետք է տարանջատել հայկական հարցից:

ԱԺ պատգամավոր Արամ Գասպարի Սարգսյանն էլ անդրադարձավ ազատամարտիկների խնդիրներին, իսկ ՀՀ սոցիալական ապահովության հիմնադրամի տնօրեն, ՀՀԿ գլխավոր խորհրդի անդամ Վազգեն Խաչիկյանը՝ իր սիրելի թեմային՝ գյուղական ընտանիքների ծնելիության բարձրացմանը: «Թեքեյան» մշակութային միության նախագահ Ռուբեն Միրզախանյանը ՀՀԿ-ից գումար էր ակնկալում իրենց թատերական խմբակի համար, որպեսզի կարողանան ներկայացումները «արտահանել»:

Համաշխարհային հայկական կոնգրեսի հովանու ներքո վերջերս երիտասարդական կազմակերպություն է ստեղծվել՝ Ատոմ Մխիթարյանի նախագահությամբ: Հիշեցնենք, որ այս երիտասարդը յուրաքանչյուր ընտրությունից առաջ ապաստանում է իշխանությունների կողմից ստեղծված որեւէ կառույցում: Օրինակ, 2003թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ մեկ այլ՝ «Արդարության» «լիդերներից» էր: Ա. Մխիթարյանն ասաց, որ որոշել են Ա. Աբրահամյանի ֆինանսական աջակցությամբ կովկասյան երկրների մշակութային փառատոն անցկացնել Երեւանում:

Վ. Աղայանը երեկ հայտարարեց, թե վաղուց ժամանակն է ունենալ հայագիտական հիմնադրամ, կոնգրեսի ինտերնետային կայք, իսկ Հայկական հանրային հեռուստաընկերությամբ շաբաթական գոնե մեկ անգամ ներկայացնել իրենց կատարած աշխատանքը: Նշվեց նաեւ, որ կոնգրեսը սահմանել է «Հայոց ասպետ» կոչումը, որը շնորհվելու է Հայաստանի, Արցախի եւ այլ երկրների հայ պետական, քաղաքական եւ հասարակական, գիտության, կրթության, առողջապահության ոլորտների գործիչներին, գործարարներին, զինվորականներին, մարզիկներին՝ հանրությանը մատուցած ակնառու ծառայությունների համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել