Երեկ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը տվեց այս տարվա իր եզրափակիչ ասուլիսը եւ անդրադարձավ իր երրորդ շրջանի նախարարության՝ մինչ օրս ունեցած ձեռքբերումներին ու բացթողումներին:
Ամենակարեւորը՝ ըստ նախարարի, համակարգը կարողացել է հասնել մի մակարդակի, երբ ամեն ինչ ծրագրային տեսքի մեջ է: Այսինքն՝ հստակություն է մտցվել այն բոլոր հարցերում, որոնք պետք է կյանքի կոչվեն առաջիկա տարիներին: Այսպես՝ եկող տարվա բյուջեն կլինի կոնկրետ ծրագրային եւ ոչ թե նախորդների պես՝ անկանոն ու անհասցե: Օրինակ, նախարարը նշեց, որ Գիտելիքների գնահատման եւ թեստավորման կենտրոնը բյուջեի ոչ նպատակային օգտագործման պատճառով մինչ օրս տխուր վիճակում է: Նախապես, պարզվում է, նախկին նախարարի օրոք որոշվել է, որ կենտրոնը, որը տեղակայված է Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում, բաղկացած է լինելու 3 հարկից, ունենալու է առանձին մուտք, եւ այդ մուտքը լինելու է շատ շքեղ: Սակայն մուտքից եւ մեկ հարկ վերանորոգելուց հետո, պարզվել է, այլեւս փող չի մնացել: Լ. Մկրտչյանն իր հերթին որոշել է Կրթության ազգային ինստիտուտին հատկացվող գումարներից վերցնել եւ ուղղել կենտրոնի վերակառուցման աշխատանքներին: Իսկ Կրթության ազգային ինստիտուտում էլ մի ուրիշ խայտառակ վիճակ է եղել. այստեղ էլ ինչ-որ անորոշ բրոշյուրի հրատարակության համար հատկացված է եղել 300 մլն դրամ: Հենց այս գումարն էլ նախարարն օգտագործել է թեստավորման կենտրոնի շինարարական աշխատանքները հոգալու համար:
Նախարարը, որպես հիմնական բացթողում, նշում է, որ նախարարությունն իր արած աշխատանքները լավ չի կարողանում ներկայացնել, այսինքն՝ այստեղ քարոզչությունը ոչ բավարար մակարդակի վրա է: Իբրեւ օրինակ նա նշում է Բոլոնյան գործընթացը, որի մասին շատ պաշտոնյաներ, ըստ նրա, գաղափար էլ չունեն, իսկ բուհերի դասախոսներից շատ քչերը կարող են բացատրել, թե ինչ է այն իրենից ներկայացնում: Այս առումով, նախարարը քարոզչության ծրագիր է նախատեսում իրականացնել՝ հենց թեկուզ քաղաքապետարանի օրինակով. եթերաժամ, բրոշյուրների, բուկլետների հրատարակում եւ այլն:
Անդրադառնալով Եվրոպական ակադեմիայի խնդրին, Լ. Մկրտչյանը նշեց, որ եթե դատական գործընթացներն անցնեն այն ճանապարհով, ինչպես նախարարությունն ուզում եւ տեսնում է, ապա աշխատանքներ կտարվեն բուհի առողջացման ուղղությամբ, այսինքն՝ այն ուղղությամբ, ինչ նպատակով որ բուհն ստեղծվել է՝ ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացում:
«Մենք վիճարկում ենք հոգաբարձուների խորհրդի օրինականությունը, բուհի ղեկավարության հետ հանդիպումներում դեռ ամռանն առաջարկ է եղել գիծ քաշել, նոր հոգաբարձուների խորհուրդ ձեւավորել, որտեղ կառավարությունն ունենա իր ներկայացուցիչները, բայց քանի որ դա չընդունվեց՝ գնացինք դատական միջամտության: Երեւի թե կանենք այնպես, ինչպես արեցինք Ֆրանսիականի դեպքում: Այստեղ նույն վիճակն էր, բայց երբ Ֆրանսիական դեսպանատան եւ ՀՀ կառավարության ջանքերով հրավիրվեց միջազգային պրոֆեսիոնալների կազմ, որը ստանձնեց համալսարանի ղեկավարումը, եւ որակի համար կոնկրետ համալսարան սկսեց պատասխանատվություն կրել («Լիոն-3»-ը), ինչպես Ամերիկյան համալսարանի համար՝ Կալիֆոռնիայի համալսարանը, այդ պահից կտրուկ որակը բարձրացավ: Հիմա թե նախընտրական շրջանում որքանով հարցը կքաղաքականացվի, որքանով կանձնավորվի, ես գոնե խուսափելու եմ դրանից»,- ասաց նախարարը: