Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԿԱՅԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Դեկտեմբեր 21,2006 00:00

\"\"Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանին երկու օր առաջ հայտարարություն է ուղարկել Մեսրոպ Մաքոյանի սպանության գործով վկա Մարինե Հակոբյանը:

Վերջինիս անունը մամուլում, մասնավորապես՝ «Առավոտում», շրջանառության մեջ դրվեց այն ժամանակ, երբ Շենգավիթ համայնքի ոստիկանները նրան առեւանգեցին տաքսի ավտոմեքենայից: Վկան գրում է դատավորին, որն այս օրերին լսում է 2005թ. օգոստոսի 11-ին Չեխովի փողոցում կատարված սպանության գործը: Հիշեցնենք, որ նախորդ երկու նիստերին դատարանում հարցաքննվեցին ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարեւորագույն գործով քննիչ Վարդան Մուրադյանը եւ Շենգավիթ համայնքի դատախազության քննիչ Ռուբեն Կիրակոսյանը:

«2006թ. հուլիսի 12-ին, առավոտյան ժ. 9-ի սահմաններում Շենգավիթի ոստիկանության բաժնի օպեր Գագիկ Գեւորգյանը մի քանի այլ օպերների հետ ինձ տարել են գլխավոր դատախազություն, ՀԿԳ քննիչ Վարդան Մուրադյանի մոտ: Ես թե նախաքննության, թե դատաքննության ժամանակ ցուցմունքներ եմ տվել, որ Մեսրոպ Մաքոյանի սպանության դեպքին ականատես չեմ եղել եւ չգիտեմ, թե ով կամ ովքեր են սպանել: Ես այդ մասին ցուցմունք եմ տվել համայնքի դատախազ Ջոն Ֆարխոյանին: Նախաքննության ժամանակ ցուցմունքներ եմ տվել առերես, վախի, սպառնալիքի եւ հարկադրանքի մթնոլորտում»,- տեղեկացնում է գործով վկա Մարինե Հակոբյանը:

Վերջինս նաեւ հայտնում է, որ մինչ ցուցմունք տալը քննիչները իրեն պարտադրել են ասել, որ ինքը տեսել է սպանությունը: Վկան հիշում է, որ իր առաջին ցուցմունքը գրի է առել Շենգավիթի քննիչ Ռ. Կիրակոսյանը: «Ինձ 7 օր ապօրինի պահել են Չարբախի ոստիկանությունում, սպառնացել, որ ցուցմունք տամ՝ իբր տեսել եմ սպանությունը, գտնվել եմ Չեխովի փողոցում: Մինչդեռ ես դեպքի գիշերը խնամելիս եմ եղել 3-րդ մասիվի հիվանդանոցում գտնվող մեր ընտանիքի մտերմուհի Տատյանա Մայեդորային»,- դատավորին ուղղված նամակում գրում է Մ. Հակոբյանը:

Վկան նաեւ նկարագրել էր, թե ինչպես է առեւանգվելուց հետո հայտնվել Վ. Մուրադյանի աշխատասենյակում. «Վ. Մուրադյանը ինձ սպառնաց, որ եթե դիմում չգրեմ դատարանի անունով, ապա ինձ մեղադրանք կառաջադրի եւ կուղարկի ԿՊԶ: Նա ինձ միաժամանակ զգուշացրել է, որ կեղծ դիմումի մասին ոչ ոք չիմանա, ինչպես նաեւ չիմանան, որ ես գտնվել եմ իր մոտ ու իր թելադրանքով գրել այդ սուտ ցուցմունքը (իբր ականատես է եղել դեպքին): Ես դատարանում տվեցի ճիշտ ցուցմունք՝ առանց որեւէ մեկի խնդրանքի, ճնշման եւ ազդեցության: Այժմ գիտակցելով, որ իմ անձը պաշտպանված չէ ոստիկանների, քննիչների գործողություններից, որոնք ամեն գնով փորձում են նոր ցուցմունք կորզել, հրաժարվում եմ դատարան ներկայանալ: Ես լքում եմ հանրապետությունը, թողնելով իմ հայտարարությունը թերթում եւ դատարանում: Ես նաեւ հայտարարում եմ, որ եթե ինձ հետ որեւէ վատ բան պատահի, այդ դեպքում մեղավոր համարեք Շենգավիթի ոստիկանության աշխատակիցներին, գլխավոր դատախազության եւ Շենգավիթի դատախազության այս գործը վարած քննիչներին»: Մ. Հակոբյանը «Առավոտին» էր ուղարկել նաեւ իր անձնագրի պատճենը, ինչպես նաեւ մոր՝ Լաուրա Հակոբյանի դիմումը՝ ուղղված այս սպանության գործով մեղադրվող Հրաչ Սահակյանի, Զավեն եւ Վլադիմիր Մկրտչյանների փաստաբաններին: «Դեկտեմբերի 12-ին վերջին անգամ, երբ աղջիկս եկավ մեր տուն, հուզված էր ու լացակումած: Նա ինձ պատմեց քննիչների կողմից ստեղծված Մարինեի անունով սուտ դիմումի մասին, խնդրելով ինձ՝ ոչ մեկին չպատմել, թե չէ կարող են քննիչներն իրեն առեւանգել: Տեսնելով աղջկաս անօգնական վիճակը, համոզված լինելով, որ իրավապահները հանգիստ չեն թողնելու նրան՝ իբրեւ սպանության սուտ վկա, աղջկաս դեկտեմբերի 16-ից ուղարկել եմ Ռուսաստան՝ հարազատների մոտ: Որպես մայր դիմում եմ թերթին, ինչպես նաեւ փաստաբաններին. մի՞թե հանցագործություն է ճիշտ ցուցմունք տալը»,- շարունակում է Լաուրա Հակոբյանը:

Երեկ «Առավոտը» դիմեց նաեւ այս գործով փաստաբան Աղասի Աթաբեկյանին: Վերջինս ասաց. «Այս խոտան գործով հանցավոր մեթոդներով նախաքննություն է կատարվել, որի արդյունքում ակնհայտ անմեղ անձանց քրեական պատասխանատվության են ենթարկել: Մեղադրողները փոխարեն դրսեւորեն խոհեմություն ու հրաժարվեն կեղծ մեղադրանքից, կեղծ պատվախնդրության թելադրանքով ցանկանում են հաջորդ դատական նիստում ցուցադրել տեսաերիզներ, որոնք ձեռք են բերվել, ըստ վկաների՝ քննությանը խորթ մեթոդներով, որով եւ ցանկանում են ուղղորդել դատավարության ընթացքը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել