Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԻՄ-ԵՐԸ ՎԱՏ ԵՆ ԱՇԽԱՏՈՒՄ

Դեկտեմբեր 21,2006 00:00

\"\"Այդ են վկայում երեւանցիների շրջանում անցկացրած սոցհարցումները

Դեկտեմբերի 12-16-ը «APR Group» սոցիոլոգիական կենտրոնը «Առավոտի» պատվերով անցկացրել է հետազոտություն՝ պարզելու մեր քաղաքացիների վերաբերմունքը Երեւան քաղաքի կարգավիճակի եւ տեղական ինքնակառավարման մարմինների վերաբերյալ: Հեռախոսային հարցումն անց է կացվել 663 երեւանցիների շրջանում: Առաջին հարցը, որը սոցիոլոգները տվել են մայրաքաղաքի բնակիչներին, հետեւյալն է. «Համաձայն սահմանադրական փոփոխությունների, 2007 թ. սկսած՝ Երեւանի քաղաքապետի պաշտոնը նշանակո՞վի պաշտոն է, թե՞ ընտրովի»: Հարցվածներից 45,1%-ը պատասխանել է՝ ընտրովի, 37%-ը՝ նշանակովի, իսկ 17,9%-ը դժվարացել է պատասխանել: Իրականում ՀՀ Սահմանադրության մեջ այդպիսի կետ ուղղակիորեն չի նշվում եւ փաստորեն մեր համաքաղաքացիները բարեփոխված Սահմանադրությանն այնքան էլ ծանոթ չեն: Համաձայն ՀՀ Սահմանադրության 108 հոդվածի, Երեւան քաղաքը ստանում է համայնքի կարգավիճակ եւ հետեւաբար քաղաքապետի ընտրությունը կարգավորվում է օրենքով:

Պատասխանելով այն հարցին, թե Երեւանի քաղաքապետին ո՞վ պետք է ընտրի, հարցման ենթարկված երեւանցիների ճնշող մեծամասնությունը՝ 78,1%-ը նշել է, թե՝ բնակչությունը, 10,9%-ի կարծիքով քաղաքապետին պետք է նշանակի երկրի նախագահը, իսկ 4,1%-ն էլ քաղաքապետին ընտրելու գործը թողնում է թաղապետերին: Հարցվածներից միայն 2,6%-ն է գտնում, որ քաղաքապետ ընտրելու մենաշնորհը պետք է լինի ավագանիներինը: Այս հարցին չեն կարողացել պատասխանել 3,6%-ը: Նկատենք, որ ինչպես քաղաքապետի, այնպես էլ թաղապետերի եւ ավագանիների ընտրության հարցում հարցվածների մեծամասնությունը նույն կարծիքին է՝ նրանց պետք է ընտրեն իրենք՝ բնակիչները:

Սա վկայում է այն մասին, որ մեր քաղաքացիները նախապատվությունը տալիս են ուղիղ ընտրելու իրավունքին, դրանով իսկ մասնակցություն ունենալով քաղաքի կառավարման գործընթացին: 663 երեւանցիներից միայն 6%-ն է կարծում, որ թաղապետերին պետք է նշանակի քաղաքապետը, իսկ 3,8%-ը գտնում է, որ դա երկրի նախագահի գործն է: Սոցհարցման մասնակիցների 1,4%-ը նշել է, որ ավագանիները պետք է ոչ թե ընտրովի լինեն, այլ նրանց՝ թաղապետերի «դաբրոյով», պետք է նշանակի քաղաքապետը:

Սոցիոլոգների այն հարցին, թե համաձա՞յն են, որ Երեւանը մի քանի քաղաքների տրոհվի, 83,4%-ն այդ գաղափարին կտրականապես դեմ է արտահայտվել: Մայրաքաղաքը մասնատելուն հավանություն է տվել հարցվածների 11%-ը, իսկ 5,3%-ն ընդհանրապես ոչ մի տեսակետ չի հայտնել: Ըստ «APR group»-ի, այս հարցին ի պատասխան՝ մեր քաղաքացիների մի մասը հիմնականում այսպես է արձագանքել. «Մեր Երեւանը փոքր է եւ արդեն կիսված է, էլ ի՞նչը մասնատել»՝ նկատի ունենալով, հավանաբար, քաղաքը օլիգարխների մեջ բաժանելը:

Բավականին տխուր պատկեր են արտահայտում Երեւանի բնակիչների կողմից տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության գնահատման արդյունքները: Հարցվածների ընդամենը 7,5%-ն է ՏԻՄ-երի աշխատանքը գնահատել լավ: 55,4%-ը գտնում է, որ ՏԻՄ-երն իրենց այնքան էլ չեն արդարացնում, իսկ 33,3%-ը նրանց գործունեությունից խիստ դժգոհ է եւ վերջիններիս աշխատանքը գնահատել է վատ: Այս հարցին դժվարացել է պատասխանել 3,8%-ը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել