Խմբագրական
Մոտենում են ընտրությունները եւ բնականաբար` ակտիվանում է քաղաքական դաշտը: Ամենուր քննարկվում են թիմով կամ պայմանավորվածություններով գործող իշխանության դեմ ընտրություններում հանդես գալու ծրագրեր: Բոլոր ընդդիմադիր ուժերը մի խնդիր ունեն` ամեն կերպ թույլ չտալ այս իշխանությունների վերարտադրունը: Կանխել այդ վերարտադրումը, որպես այսօր մեր գլխին կախված ամենամեծ վտանգ: Իսկ իշխանություններն` ընդհակառակը, անում են ամեն ինչ վերարտադրման իրենց ծրագրերը հաջողելու նպատակով: Եւ ահա որպես այդ հաջողության գրավական, ի լրումն ամեն ինչի, որոշել են նաեւ զբաղվել ուժի ցուցադրմամբ, որի արդյունքում, ըստ նրանց, Հայաստանում պետք է տիրի, իրենց համար նպաստավոր, համատարած վախի մթնոլորտ, որը հեռու կպահի հասարակական լայն շրջանակներին քաղաքականությունից եւ իրենց հնարավորություն կտա ընտրությունները անցկացնել իրենց ծրագրերին համապատասխան: Սկսել են մարդկանց կալանավորելու, բնակարաններ խուզարկելու մի ցուցադրական գործընթաց, որը պետք է մարդկանց մեջ սարսափ տարածի, ստիպի մտածել, թե սրանց դեմ իրոք խաղ չկա եւ, որ հարկավոր է մի կողմ քաշված սպասել ու տեսնել, թե ինչպես են դեպքերը զարգանալու:
Բայց իրականությունից կտրված իշխանությունների հաշվարկներն անկասկած չեն կարող կենսագործվել, քանի որ իրենց իշխանավարման ընթացքում այնքան մեծ ատելությամբ են լցրել ժողովրդին իրենց նկատմամբ, որ ոչ մի ուժի ցուցադրում էլ նրանց փրկել չի կարող: Պարզ է, որ մկանների ցուցադրման այդ անհաջող փորձերը առաջին հերթին բխում են նրանց թուլությունից եւ թուլության նշան են: Ուղղակի նման սխալ հաշվարկած քայլերով նրանք ավելի են խորացնում իրենց ու ժողովրդի միջեւ եղած անջրպետը, ավելի են մարդկանց լարում իրանց դեմ եւ, որ ամենակարեւորն է, բազմապատկում են իրենց նկատմամբ եղած լուռ ատելությունը, որը մի օր, անպայման, պայթելու է: Կարեւոր չէ, թե երբ է դա տեղի ունենալու: Բայց կարեւոր է, որ նման պայթյունները անկասելի են: Ոչ մի բռնություն, ոչ մի ուժի ցուցադրում դրա ընթացքը կասեցնել չի կարողացել երբեւէ ու չի էլ կարողանալու: Սա է ապացուցում պատմությունը:
Ընտրություններին ընդառաջ
Սեփական իշխանությունը ամեն կերպ երկարաձգելու գործող իշխանությունների մոլուցքն անսահման է: Դրա համար նրանք պատրաստ են ամեն ինչի: Հասկանում են, որ առաջին հերթին դա կարող է ապահովվել ընտրություններից հետո հայտարարված հաղթանակով: Այդ պատճառով էլ վաղուց արդեն սկսվել են ընտրակաշառքների բաժանումը եւ գալիք ընտրությունների կեղծման գործընթացները:
Անթաքույց, բարեգործության անվան տակ, որի իրավունքը, չլինելով բարեգործական կազմակերպություններ, չունեն, երկու իշխանական կուսակցությունները, ընտրություններից դեռ շատ առաջ, իրար հետ մրցելուվ, ընտրակաշառքներ են բաժանում: Յուրաքանչյուրն ընտրում է ընտրակաշառքի իր ձեւն ու ոլորտը, օգտագորելով իշխանական բոլոր լծակներն ու պաշտոնական դիրքը:
Բարգավաճը տուկի թել ու սերմացու բաժանելն ավարտելով անցել է անվճար բժշկական ծառայությունների մատուցման գործին: Հանրապետականը արյուն հանձնելը պարարտանյութի բաժանմանը զուգակցելուց հետո գործի է դրել իր ամենածանր հրետանին` պաշտպանության նախարարին, հույս ունենալով խուճապի մատնել հակառակորդին մինչեւ ընտրություններ: Պնախարարն սկսել է հանդես գալ «ժողովրդական մարդու» կերպարով: Հաճախակի հանդիպումներ է կազմակերպում բնակչության եւ զինծառայողների հարազատների հետ: Ըստ այդ մտահղացման դրանով նրանք պետք է կարողանան մինչեւ ընտրություններ մարդկանց միջից հանել իրենց նկատմամբ եղած չարությունը: Միայն պարզ չէ, թե ինչքան հանդիպումներ պետք է կազմակերպվի եւ ինչքան հարցերի պետք է պատասխանվի, որպեսզի մարդիկ մոռացության տան մինչ այսօր գործող իշխանությունների կատարած այն ամենը, որի պատասխանատուները առաջին հերթին հենց ՀՀԿ-ն ու պնախարարն են:
Սակայն, վերջին շրջանում հանդիպումների եւ բարեգործության թափը կարծես սկսել է նվազել: Արդեն հեռուստաեթերները լցված չեն շնորհակալություն հայտնող գյուղացիներով եւ զինծառայողների ծնողներով: Երեւի նորահայտ բարեգործները հասկացել են, որ ինչքան էլ պարարտանյութ բաժանեն կամ հանդիպումներ ունենան, մեկ է, մարդիկ իրենց մասին ձեւավորել են հստակ ու կարծրացած գերբացասական կարծիք, որը գալիք ընտրություններում անպայման արտահայտվելու է: Հասկանալուց հետո կարծես որոշել են այս «ապերախտ» ժողովրդին այլեւս «լավություններ» չանել ու հանդիպումներով էլ երես չտալ, այլ` ընտրություններում, իրար հետ համաձայնեցված թվեր հրապարակել: Այդ մասին էր նաեւ ասում Ռ. Քոչարյանը իրեն հավատարիմ լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ եւ ամեն ինչ գնում է սրան, եթե, իհարկե, ժողովուրդը չորոշի ակտիվորեն մասնակցել ընտրական գործընթացներին եւ ոչ միայն ասել, այլեւ` տեր կանգնել իր որոշիչ խոսքին, որն անկասկած չի լինելու գործող իշխանության օգտին:
Արման եւորգյան
«Ազատագրված տարածքների պաշտպանության»
հասարակական նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանի եւ նրա համախոհ «Հայրենիք ու Պատիվ» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Վարդան Մալխասյանի ձեռբակալությունը Հայաստանի գործող իշխանությունների կողմից կատարված հերթական քայլն է, որը նպատակ ունի ցուցադրելու, իբր գործ են անում, կանգնած են պետական անվտանգության պաշտպանության առաջին գծում ու աչալուրջ հետեւում են, որ հանկարծ որեւէ ոտնձգություն չկատարվի այդ անվտանգության նկատմամբ: Իհարկե, կասկած չկա, որ այս փուչիկն էլ, նախկին նման փուչիկների պես պայթելու է: Պարզվելու է որ Սեֆիլյանը Հայաստանի անվտանգությանը որեւէ կերպ որեւէ ձեւով սպառնալ չէր էլ պատրաստվում: Ուղղակի, մեր իրավապահ մարմինները փորձելու են իրենց յուրահատուկ բանսարկությամբ թխել հերթական քրեական գործը եւ, ինչպես միշտ է պատահում նման դեպքերում, չեն հաջողելու: Որեւէ մեկին չեն կարողանալու համոզել, թե Սեֆիլյան Ժիրայրը իր գործունեությամբ սպառնում էր ՀՀ անվտանգությանը:
Սեֆելյանը Հայաստանում հայտնի հասարակական գործիչ է, որը երբեք չի թաքցրել իր քաղաքական տեսակետները եւ դրանք ազատորեն հայտնել է մամուլում ու իր ելույթներում: Այստեղ կարեւորը Սեֆելյանի ու նրա համախոհների քաղաքական հայացքները չեն, որոնք կարելի է կիսել կամ չկիսել, կարեւորն այն է, որ նա իրավունք ունի ունենալ քաղաքական համոզմունքներ եւ դրանք ազատորեն արտահայտել, եթե դրանք տեղավորվում են միջազգային նորմերի եւ ՀՀ օրենսդրության սահմաններում, այսինքն` բռնության կամ ատելության քարոզ կամ կոչ չեն: Հայաստանի Հանրապետության ցանկացած ընդդիմադիր գործիչ, այդ թվում եւ Սեֆելյանը, իր խոսքում ասել, եւ շարունակում է ասել, որ քանի դեռ գործող իշխանությունները չեն հեռացել, մեր երկիրը զարգանալ եւ իր առջեւ դրված խնդիրները լուծել չի կարող: Սա բոլորովին էլ պետական հեղաշրջման կոչ կամ փորձ չէ: Պայքարել գործող իշխանության առանձին ներկայացուցիչների, կամ ողջ իշխանության դեմ, քննադատըել նրանց, ամեն ինչ անել նրանց շուտափույթ հեռացման նպատակով, դեռ չի նշանակում քր. օրենսգրքի 301 հոդվածի հատկանիշներով նախատեսված սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու կոչեր անել:
Այ, խոչընդոտել ժողովրդի կամքի ազատ դրսեւորմանը, կեղծել ընտրությունները սեփական իշխանությունը պահպանելու նպատակով, առանց ժողովրդի կամքը հաշվի առնելու, ավելի ճիշտ այդ կամքը արհամարելով, նոր սահմանադրություն դնել շրջանառության մեջ, սահմանափակել ազատ խոսքը, փակել ազատ հեռուստաալիքը, երկրում քաղաքական հետապնդումներ իրականացնել, բռնություն կիրառել իշխանական բռնությունները լուսաբանող լրագրողների նկատմամբ եւ նման այլ բաներն են իրականում մոտենում սահմանադրական կարգի տապալմանն ուղղված քայլերի ցանկին, այլ ոչ հասարակական գործիչի իշխանությունների դեմ հրապարակավ արված հայտարարությունները:
Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուիր քաղաքական կամ հասարակական գործիչ այսօր պետք է հասկանա, որ հասարակական գործունեության համար Ժիրայր Սեֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի ձոռբակալումը իրենցից յուրաքանչյուրին է վերաբերում: Ճիշտ այդպես մի օր կարող են, այսպես կոչված իրավապահ մարմինները, թակել նրանցից յուրաքանչյուրի դուռը, եթե, անկախ այն բանից կիսում են, թե ոչ Սեֆիլյանի քաղաքական տեսակետները, այսօր չկանգնեն նրա /նրանց/ պաշտպանների շարքերում:
եւորգ Նահապետյան
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԸ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՊԱԼԵԼՈՒ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԿՈՉ
Եթե այսօրվա գիտության մակարդակը հնարավորություն չի տալիս սեփական աչքով տեսնել, թե ինչպես է կապիկից առաջանում դարվինյան մարդը, ապա հակառակի հստակ ներկայացման հանդիստեսը դառնալու հնարավորությունը լիովին ընձեռված է Հայաստանում: Ու քանի դեռ մեր ամենատես եւ զօրուգիշեր քաղաքացիների անվտանգությամբ զբաղված իշխանություններն այս վերնագիրը տեսնելուն պես չեն հասցրել հերթական ձերբակալությունն իրականացնել, փորձենք ճանաչել ինքներս մեզ:
Սիրելի՛ ընթերցող, ո՞ր մեկիդ մտքով կանցնի` ծանոթներով ու անծանոթներով շրջապատված միջավայրում հայհոյել` օգտագործելով, ասենք, «կլիզմա, մեջքից մի քիչ ներքեւ, յուղ վառել» եւ հարակից արտահայտություններ: Կասեք` ոչ մեկիս, երբե՛ք: Իսկ ինչու՞ է թվում, թե դուք ավելի բարեկիրթ եք, քան դրանց հեղինակը` մեր երկրի նախագահը (լեգիտիմության աստիճանն ըստ ձեր ճաշակի): Կնշանակի` հենց հիմա կեղծեցիք, երբ մտածեցիք` իբր թե երբե՛ք ձեզ այդպիսի բան թույլ չեք տա: Ո՞ր մեկիդ մտքով կանցնի` ծանոթներով ու անծանոթներով շրջապատված միջավայրում ասել, թե լրագրողին ծեծելը ձեզ համար ցածր բան է, դուք մանր մարդկանց չեք ծեծում: Դարձյալ կասեք` ոչ մեկի, երբե՛ք: Իսկ ինչու՞ եք կարծում, թե դուք ավելի բարեկիրթ եք, քան այդ բառերի հեղինակը` մեր երկրի Անվտանգության խորհրդի քարտուղարը (անվտանգության մասին պատկերացման աստիճանն ըստ ճաշակի): Կնշանակի` ցավոք, դարձյալ կեղծեցիք, երբ մտածեցիք, թե դուք իբր չեք կարող մարդկանց բաժանել մանրերի ու խոշորների, ծեծի արժանիների եւ մարդու տարրական իրավունքներից օգտվելու իրավունք ունեցողների: Իսկ ես կարծում եմ, որ նախագահն ու քարտուղարը պարզ-մարդկային շրջապատում իրենց նման բան թույլ չեն տա: Կնշանակի` կա՛մ Հայաստանի բնակիչներն իրենց արհամարհական պատկերացմամբ մարդկային միջավայր չեն, կա՛մ ավելի «կարեւոր» խնդիր լուծելու համար իրենց անհրաժեշտ է վախի եւ ստրկացման զգացողություն ներարկել քաղաքացիներին: Ավելին` ես վստահ եմ, որ վարչապետն էլ մարդկայնորեն չէր կարող իրեն թույլ տալ ասելու, թե ռուսաստաններից հայրենիք փախչելիք միլիոնավոր քաղաքացիները կարող են հերթագրվել աշխատանք ու տանիք գտնելու հույսով, այն դեպքում` երբ ըստ թերթերից մեկի հաղորդագրության` ինքը, հավանաբար իր ազնիվ աշխատանքով, գրեթե կես միլիոն դոլար արժողությամբ տարածք է գնում ու նվիրում իր մերձավորին: Կնշանակի` դարձյալ ուղերձ է հղվել քաղաքացիներին:
Իսկ ու՞մ կարող են ուղղվել նման ուղերձները: Պարզ է` միայն նրանց, ում ներսում ծաղկելու պատրաստ հազարամյա ստրկամտությունը, քծնանքը, վախը, հարմարվողականությունն ու անողնաշարությունը բնավորված են հիմնավորապես` չնայած պետականության տասնհինգամյա առկայությանը: Ու մենք իրավունք ունե՞նք բողոքելու նախագահից, քարտուղարից, վարչապետից: Վստահաբար` ո՛չ: Նրանք կարող էին գտնվել պարզ-մարդկային միջավայրում, իրենց արժանիքներին համապատասխան աստիճանասանդղակին եւ կքած չլինել այսօրվա հասարակական համատարած անեծքի տակ ու միաժամանակ հասարակական կեղծության ճիրաններում, եթե մեզ հաջողվեր մեր ներսում փոխել օտարի կողմից հաստատված հազարամյա սահմանադրական կարգը` հիմնված ստրկամտության, քծնանքի, վախի, հարմարվողականության ու անողնաշարության վրա: Մեր այսօրվա նախագահը, քարտուղարը, վարչապետը, շարան-շարան նախարարներն ու պատգամավորներն այսօր զբաղված կլինեին հասարակայնորեն պիտանի եւ հարգելի գործերով, եթե մեզ հաջողվեր տապալել մեր միջի սատանայի` նյութապաշտի իշխանությունը: Թե չէ շատ բարձր կարծիքի եք նրանց մասին, երբ ասում եք, որ նրանց փոխելով հնարավոր է ունենալ այնպիսի երկիր, որպիսի երկրներ մենք արտագաղթում ենք նույնիսկ այս փխրուն խաղաղության պայմաններում: Փոխել է պետք մեր ներսի սահմանադրական կարգը, տապալել է պետք մեր ներսի իշխանությունը. եւ այդժամ առանց որեւէ գույնզգույն հեղափոխության, առանց որեւէ լրացուցիչ ջանքի, ինքնաբերաբար այսօրվա իշխանավորները կհայտնվեին իրենց մտավոր եւ ֆիզիկական ունակություններին համապատասխան աշխատանքների վրա. մեկը կլիներ ինչ-որ գործարանի մատակարարման բաժնի վարիչ, մյուսը` հրաշալի համայնքապետ, երրորդն իր երիտասարդության անձնվեր կյանքի պատմությունները կաներ բակում խաղացող մանուկներին` նրանց մեջ իրականում հրդեհելով հայրենասիրության մղումներ: Այդ ո՛չ թե նրանք` օրվա իշխանավորներն են մեր երկրի ներկայի մեղավորները, այլ մենք, որ Աստծո ու Հայրենիքի առջեւ մեղավոր ենք սարքել նրանց` հրաժարվելով փոփոխել մեր ներսի սահմանադրական կարգը, հրաժարվելով տապալել մեր ներսի իշխանությունը, հրաժարվելով հազարամյա հպատակից վերջապես դառնալ քաղաքացի, հրաժարվելով մեր ներսում խարույկի բարձրացնել այն հատկանիշները, ինչի համար մեղադրում ենք նախագահին, քարտուղարին, վարչապետին ու մնացյալ անհամապատասխաններին:
Միքայէլ Հայրապետեան
Բռնապետական «ժողովրդավարություն»
Տարածված է այն տեսակետը, որ, եթե եւրոպական կառույցների ճնշումները չլինեին, Հայաստանի իշխանությունները շատ ավելի լկտի ու սանձարձակ կլինեին, եւ շարքային քաղաքացիների իրավունքներն էլ ավելի շատ կոտնահարվեին: Համաձայնելով այս տեսակետին, փորձենք որոշակի փաստերի օրինակով հպանցիկ անդրադարձ կատարել եւ ցույց տալ, թե ինչպես այլասերվեցին 1988-ից արմատավորվող ժողովրդավարության սաղմերը Հայաստանում:
2001թ. հունվարի 25-ին Հայաստանը անդամակցեց Եւրախորհրդին, եւ սա դիտվում էր որպես եւրոպական կառույցներին մերձենալու առաջին քայլ: Անդամակցությունից գրեթե վեց տարի անց կարող ենք փաստել, որ Հայաստանում դրանից հետո սկսվեց ժողովրդավարական արժեքների եւ ինստիտոտների այլասերումը: Հայաստանն,իհարկե, ԵԽ-ին անդամակցելուց հետո ստանձնել է մի շարք պարտավորություններ, որոնք ՀՀ իշխանությունները կամա թե ակամա ստիպված են եղել կատարել: Ասենք, ՀՀ-ն միացել է մի շարք միջազգային կոնվենցիաների, ստեղծվել է Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը, դատաիրավական ոլորտում տեղի են ունեցել բարեփոխումներ, որոնց արդյունքում քրեակատարողական հիմնարկներն անցել են արդարադատության նախարարության ենթակայության ներքո, քրեակատարողական հիմնարկներում եւ ոստիկանությունում հասարակական վերահսկողություն են իրականցնում դիտորդների խմբերը, դրանք ավելի թափանցիկ են դարձել լրագրողների եւ իրավապաշտպանների համար եւ այլն: Սրանից զատ, ընդունվել են «Այլընտրանքային ծառայության մասին», «Տեղեկատվության ազատոթյան մասին», «Կուսակցությւնների մասին» եւ այլ օրենքներ (շարքը կարելի է շարունակել): Սակայն կույրի համար էլ է տեսանելի, որ ժողովրդավարական ինստիտուտների ներդրումն ու օրենքների ընդունումն ամենեւին էլ չնպաստեցին մեր երկրի` ժողովրդավարացմանը, այլ` ճիշտ հակառակը: Փակվեց միակ անկախ հեռուստաընկերությունը` «Ա1+»-ը, հեռուստաեթերից իսպառ չքացան քաղաքական բանավեճերը, եւ,եթեր էլ տրամադրվում է միայն վերահսկելի «ընդդիմության» նրկայացուցիչներին` եվրոպական տարատեսակ մոնիտորինգի խմբերի աչքին թոզ փչելու նպատակով: Ո՞վ կարող է,սակայն,պնդել, որ բռնապետական մեթոդներով պարտադրված սահմանադրական փոփոխություններից հետո մարդն ավելի պաշտպանված է մեր երկրում, երբ աչքի առաջ ունենք իրենց տներից վտարված լխավոր եւ Հյուսիսային պողոտաների բնակիչների օրինակը: Ո՞վ կարող է պնդել, որ «Կուսակցությունների մասին» օրենքը նպաստեց կուսակցությունների կայացմանը, երբ ցանկացած պահի կարող են մտնել կուսակցության գրասենյակ, հաշվեհարդար տեսնել ընդդիմադիր գործիչների հետ, ջարդուխուրդ անել կամ առգրավել նրան պատկանող գույքը եւ մնալ անպատիժ: Ո՞վ կարող է պնդել, որ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի ընդունումը ավելի թափանցիկ դարձրեց հարկատուներիս հաշվին բարգավաճող պաշտոնյաների գործունեությունը, երբ մայրաքաղաքում վեր խոյացող կառույցների օրինականության եւ նրանց փաստացի տերերի մասին ոչ մի ձեւով հնարավոր չէ իմանալ ստույգ տեղեկատվություն: Նույնիսկ այն դեպքերում, երբ այդ անճոռնի կառույցները զավթում են պատմամշակութային արժեք ներկայացնող թանգարանին հարակից տարածքը: Սեւանի ափամերձ տարածքը զավթել եւ բնապահպանական օրենքների խախտմամբ այնտեղ դղյակներ են կառուցել բոլորին հայտնի օլիգարխները, այդ մասին եղել են հրապարակումներ,իսկ Ռոբերտ Քոչարյանի տնտեսական հարցերով խորհրդականը հայտարարում է, որ կոռուպցիայի փաստեր չունի: Ճիշտ նույն կերպ վարվում է Մարդու իրավունքների պաշտպանը, որը մի առիթով հայտարարեց, որ ինքը մարդու իրավունքների ոտնահարման փաստերին արձագանքում է այն դեպքերում, երբ դիմում են իրեն: Իսկ եթե չեն դիմու՞մ: Նշանակում է` Օմբուդսմենը Հայաստանում այլ անելիք չունի, բացառությամբ այն դեպքի, երբ ծառայում է որպես «կամուֆլյաժ»: Օմբուդսմենի խնդիրը չէ, երբ ընդդիմադիր ԶԼՄ-ների լրագրողների են ծեծում, երբ ընդդիմադիր թերթի գլխավոր խմբագրին են չորս տարով ազատազրկում զինծառայությունից խուսափելու համար այն դեպքում, երբ համանման արարքի համար այլոց համար այլ պատժաչափ են նախատեսում: Օմբուդսմենի խնդիրը չեն բանակում տեղի ունեցող ապօրինությունները, խաղաղ պայմաններում զինծառայողների խոշտանգումները, իրավապահ մամլիչ համակարգի զոհը դարձած քաղաքացիների ոտնահարված իրավունքները: Վերջերս էլ տեղեկացա, որ, եթե մինչեւ ԵԽ-ին անդամակցելը պաշտոնական տվյալներով Հայաստանում գործել է 17 իրավապաշտպան կազմակերպություն, ապա ԵԽ-ին անդամակցելուց հետո այդ թիվը հասել է 54-ի: Մնում է միայն հարցնել` ինչու՞ «ի հեճուկս» աճող այս թվերի` ավելացել ու ավելի բիրտ դրսեւորումներ են ստացել մարդու իրավունքների ոտնահարման դեպքերը:
Կարինե Սարգսյան
Սխալ վերնագրված փաստաթուղթ
Հայաստանի խեղճ ու կրակ իշխանությունները ստիպված են հանդես գալ մի քանի դեմքով:Նրանք իհարկե պարտադրված են հայտնվել նման վիճակում, քանի որ կուզեին լինել սկուզբուքային, որպեսզի իրենց խոսքն ու գործը համապատասխանեին իրար:Եթե այդպես լիներ, ապա նրանք պարզ եւ շիտակ կհայտարարեին, որ թքած ունեն ժողովրդավարական արժեքների, մարդու իրավունքների, միջազգային հանրության կարծիքի եւ շատ այլ նման անմիտ բաների վրա, եւ կանեին այն ինչ անում են նաեւ այժմ,բայց առանց ավելորդ դերասանության ինչը պետք է արտաքին ֆոնը պահելու համար:Իհարկե այսպես շարունակվելու դեպքում կգա մի այնպիսի երանելի ժամանակ,որ հենց այդպես էլ կլինի, բայց քանի դեռ մեր իշխանությունները չեն ավարտել Հայաստանի լիակատար մեկուսացման, միջազգային հանրության համար որեւէ հետաքրքրության բացառման գործընթացը նրանք ստիպված են որոշակի ծամածռություններ անել այդ միջազգային հանրության համար:Ահա այդպիսի մի դերասանության դրսեւորում է նաեւ արդեն մի քանի ամիս շրջանառության մեջ գտնվող«ՀՀ ազգային անվտանգության անվտանգության ռազմավարության» հայեցակարգը, փաստաթուղթ, որը արտաքին աշխարհին ուղղված հերթական երգիծական ստեղծագործության հերթական սցենարն է:Այդ փաստաթղթով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության համար հիմնական սպառնալիքներ են հռչակվում անկախ հայկական պետականության ամրապնդման ու կայուն զարգազման համար անհրաժեշտ ազատ շուկայական տնտեսությանը, ժողովրդավարական համակարգի կայացման եւ զարգացման խաթարումը: Բայց չէ որ այս ամենը ավելի մանրամասն եւ ավելի հանգամանալից, գրված է ՀՀ Սահմանադրության մեջ, որը համարվում է երկրի հիմնական օրենքը, եւ որի դրույթները ենթակա են անվերապահ կատարման: Միթ՞ե այս փաստաթղթի հեղինակները չեն կարդացել մեր Սահմանադրությունը, որի հենց առացին հոդվածը ասում է.«Հայաստանի հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է»:Սահմանադրությունը երաշխավորում է մարդու հիմնական իրվուքներն ու ազատությունները, ճանաչում է գաղափարախոսական բազմակարծությունը եւ բազմակուսակցությունը, տնտեսական գործունեության ազատությունը ու ազատ տնտեսական մրցակցությունը: Թե Հայաստանում որքանով են հարգվում սահմանադրական այս նորմերը հայտնի է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու:ՀՀ նախագահի պաշտոնում Ռոբերտ Քոչարյանի հակասահմանադրական առաջադրումից մինչեւ խաղաղ հանրահավաքների մասնակիցների մասսայական ծեծն ու ձերբակալությունները , քաղաքացիների ապօրինի սեփականազրկումը եւ տնտեսության մենաշնորհային, կլանային համակարգի ստեղծումը Սահմանադրության եւ նրա առանձին հոդվածների ոտնահարման դասական օրինակներ են:Սակայն«ՀՀ ազգային անվտանգության անվտանգության ռազմավարության» հայեցակարգի հեղինակները այդ ամենի մասին ոչինչ չեն գրում:Հայաստանի ժողովրդավարացման անհրաժեշտության մասին նրանց պատկերացումները խիստ ընդհանուր են առանց կոնկրետ դեպքերի հիշատակման եւ դրանց հետագա բացառման անհրաժեշտության ճանաչման:Օրինակ խոսելով ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին փաստաթղթի հեղինակները գրում են. «Հատուկ ուշադրության է արժանի Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի շուրջ ստեղծված իրավիճակը: Հայաստանի Հանրապետությունը, համաձայն լինելով սփյուռքահայության օրինական պահանջին` վերականգնել Օսմանյան կայսրության բնիկ հայ ժողովրդի եւ նրա սերունդների նկատմամբ պատմական արդարությունը, միեւնույն ժամանակ Եղեռնի ճանաչումը դիտում է Հայաստանի բնակչության նկատմամբ նոր ցեղասպանության հնարավորության բացառման համատեքստում, այսինքն` որպես Հայաստանի Հանրապետության բնակչության գոյության անվտանգության երաշխիքներից մեկը»:Այսինքն փաստաթղթի հեղինակները Հայոց ցեղասպանության ճանաչումը դիտարկում են նոր ցեղասպանության բացառման համատեքստում, դրա չճանաչումը դիտարկելով որպես ազգային անվտանգության սպառնալիք:Եթե փաստաթղթի հեղինակները, նույնքան հետեւողական լինեին նաեւ Հայաստանի ժողովրդավարացման հարցում ապա այս փաստաթղթում առնվազն պետք է գրված լիներ.«Իշխանությունների կողմից ընտրությունների հետեւողական կեղծումը, ընտրողների ազատ կամարտահայտման իրավունքի շարունակական ոտնահարումը, դատարանների միջոցով քաղաքացիների իրավունքների պաշտպանության անհնարինությունը, խաղաղ ցուցարարների մասսայական ձերբակալությունները, ծեծն ու խոշտանգումները, անկախ հեռուստաընկերությունների եթերազրկումը, լրագրողների նկատմամբ շարունակվող բռնությունները, տնտեսության առավել եկամտաբեր ճյուղերի մոնոպոլացումը, համատարած կոռուպցիան եւ կաշառակերությունը,եւ իշխանությունների շահագրգռվածությունը այս համակարգի պահպանման մեջ երկրի ազգային անվտանգության սպառնալիքների միայն մի մասն են»:Բայց քանի որ, մենք չենք կասկածում մեր իշխանություններին մազոխիզմի մեջ եւ չենք կարող նրանցից պահանջել, որ զբաղվեն ինքնախարազանմամբ, ապա գոնե պետք է փորձենք հասկանալ թե ինու համար է գրվել մնան ծավալուն փաստաթուղթը, եւ ինչու է այդքան ջանք գործադրվում նրա գովազդի համար: Ամեն ինչ իր տեղը կընկնի եթե մենք մեր նախաձեռնությամբ փոխենք փաստաթղթի վերնագիրը եւ այն վերնագրենք այսպես.«ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագիր»:
Ավետիս Բաբաջանյան
Վճռաբեկը մեռավ, կեցցե վճռաբե՞կը
Եթե մի նախադասությամբ ամփոփելու լինենք 2006-ին կատարված օրենսդրական փոփոխությունների արդյունքները, ապա պետք է արձանագրենք, որ ՀՀ դատական համակարգն այլեւս ոչ թե եռաստիճան է, այլ երկաստիճան՝ առաջին ատյանի որոշումից դժգոհ անձն այն կարող է բողոքարկել միայն վերաքննիչ ատյան: Եթե անցյալում կար նաեւ երրորդ ատյան եւ վերաքննիչի որոշումից դժգոհ մարդը կարող էր դիմել վճռաբեկ եւ հույս փայփայել, որ գոնե դատական բարձր ատյանում արդարությունը կհաղթանակի, ապա այժմ վերաքննիչ դատարանի որոշումներն ուժի մեջ են մտնում հրապարակման պահից, իսկ Վճռաբեկ դատարանում գործը քննելու հավանականությունը խիստ փոքր է՝ օրենքն այնպիսի պահանջներ է սահմանել, որ ցանկացած բողոք եւ կարող է ընդունվել եւ չընդունվել վարույթ: Այս փոփոխությունը հասարակական տարբեր շերտերի կողմից միանշանակ չի ընկալվել՝ ոմանք հիացած են փոփոխություններով, մյուսները դրանք կործանարար են համարում արդարադատության կայացման տեսանկյունից: Անկեղծ ասած՝ դժվար է հասկանալ ինչպես փոփոխություններով հրճվողներին, այնպես էլ այդ փոփոխություններից ողբերգություն սարքողներին: Չէ՞ որ ատյանների քանակը արդարադատության կայացման երաշխիք չէ՝ անարդար վճիռ կարող է արձակվել ինչպես երկաստիճան, այնպես էլ՝ եռաստիճան համակարգի պայմաններում: Եւ ինչպես տնտեսական դատարանի նախագահ, օրենսդրական փոփոխությունների հանձնաժողովի անդամ Էդուարդ Մուրադյանն է ասում՝ «Վճռաբեկ բողոքի չընդունվելն ընդամենը նշանակում է, որ Հայաստանում սպառվեցին ներպետական պաշտպանության միջոցները» եւ ավելացնում է՝ «բայց կա Եւրոպական դատարանը»: ԵԴ դիմելու խորհուրդը շատ փաստաբաններ որպես ծաղր են ընկալում՝ Հայաստանն արդեն չորս տարի է ԵԽ անդամ է, այս ընթացքում հարյուրավոր դիմումներ են ուղարկվել Եւրոպա, սակայն ԵԴ-ն Հայաստանից ստացված գործերով վճիռ դեռեւս չի կայացրել: Այնպես որ հայ իրավաբանները հասկացել են՝ Իսրայել Օրիի ժամանակները վաղուց են անցել՝ հարկավոր է արդարադատության հասնել տեղում՝ Հայաստանում, հույսը չդնելով եւրոպացի քեռիների վրա: Դա է պատճառը, որ վճռաբեկ դատարանը «խաղից դուրս բերելու» փորձերը մեր փաստաբանները շատ ծանր են ընկալել՝ համարելով, որ հասարակությանը զրկել են դատական պաշտպանության իրավունքից եւ կամայականությունների լայն դաշտ են ստեղծել բարձրագույն ատյանում աշխատող դատավորների համար՝ կուզենան կընդունեն վճռաբեկ բողոքները, չեն ուզենա՝ չեն ընդունի: Օրենսդրական փոփոխություններին հաջորդած 4-5 ամիսների ընթացքում վճռաբեկ բողոքների մեծ մասը ետ է վերադարձվել՝ վճռաբեկ դատարանի քրեական եւ քաղաքացիական պալատներն այլեւս կարող են վերադարձնել բողոքներն՝ առանց որեւէ բացատրություն տալու: Այնպես որ օրենսդրական փոփոխությունները փաստաբանական ինստիտուտի մոտ հիմնականում դժգոհություններ ու բողոք են առաջացրել: Մենք փորձեցինք պարզել, թե ինչպես են վերաբերվում օրենսդրական փոփոխություններին դատական համակարգի ներսում եւ այդ հարցով դիմեցինք վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ տնտեսական գործերով պալատի նախագահ Արման Մկրտումյանին:
-Ոմանք այն կարծիքին են, որ վերջին օրենսդրական փոփոխություններից հետո վճռաբեկ դատարանը դադարել է գոյություն ունենալուց, Դուք այդ մարդկանց ի՞նչ կպատասխանեիք:
-Շատ սխալ կարծիք է՝ վճռաբեկ դատարանը Սահմանադրությամբ ամրագրված է որպես բարձրագույն դատական ատյան, ոչ ոք դա չի փոխել՝ Սահմանադրությունը բարձրագույն իրավաբանական ուժ ունեցվող փաստաթուղթ է, գործում է անմիջականորեն: Եթե նախկինում քրեական եւ քաղաքացիական օրենսդրությամբ ամրագրված էր, որ վճռաբեկ դատարանի որոշումները բողոքարկման ենթակա չեն, ուժի մեջ են մտնում հրապարակման պահից, ապա այժմ դրան ավելացել է ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող փաստաթուղթն՝ ի դեմս Սահմանադրության
-Ուզում եք ասել, որ օրենսդրական փոփոխությունները բարձրացրե՞լ են վճռաբեկ դատարանի հեղինակությունը:
-Եւ հեղինակությունն են բարձրացրել, եւ կշիռը, եւ դերը, եւ լիազորություններն են ընդլայնել՝ վերջապես դարձել են բարձրագույն դատական ատյանի լիազորություններ: Եթե նախկինում վճռաբեկը միայն բեկանելու, նոր քննության ուղարկելու իրավունք ուներ, ապա հիմա տեղում կարող ենք փոփոխել վճիռը, այսինքն՝ լայն լիազորություններ է տրվել:
-Բայց չէ՞ որ բողոքների մեծ մասը չեն ընդունվում վարույթ եւ մարդիկ զրկվել են դատական պաշտպանության իրավունքից:
-Դուք հիշում եք՝ մենք նախկինում ինչ ծավալի գործեր էինք քննում՝ տարեկան 2 հազար 5 հարյուր գործ միայն մեր պալատն էր քննում: Այսինքն՝ եթե նախկինում ամսեկան 150 գործ էինք քննում, հիմա՝ մոտ 50 գործ, մեկ երրորդը: Բողոքների քանակը գնալով ավելանում է՝ դա կապ չունի լիազորությունների հետ, ընդհանրապես՝ քաղգործերի քանակն է տարեցտարի ավելանում: Ուղղակի ընդունելության խնդրի հարցն է՝ մենք այսօր իրավունք ունենք ընդունելու այն գործերը, որոնք հակասում են նախկինում Պալատի կայացրած որոշումներին, նյութական, դատավարական իրավունքի խախտումներով են կայացվել եւ նոր երեւան եկած հանգամանք կա: Այսինքն՝ օրենսդիրը սահմանել է այս չորս չափանիշները, որոնցով ընդունվում կամ չեն ընդունվում վճռաբեկ բողոքները:
-Ոմանք կարծում են, որ չափանիշները լղոզված են, ըստ այդմ՝ վճռաբեկի կողմից կամայականությունների դաշտը մեծացել է՝ որ բողոքն ուզեն կընդունեն, որը չուզեն՝ չեն ընդունի:
-Դա արդեն մենկաբանության խնդիր է՝ կարելի է մեկնաբանել որպես կամայականություն, կարելի է մեկնաբանել որպես օրենքի պահանջ: Այնտեղ մի կետում, իհարկե, որոշակի անճշտության, թե՝ մեկնաբանության խնդիր կա՝ 3-րդ կետում ասվում է՝ նյութական եւ դատավարական այն խախտումները, որոնք առաջացրել են ծանր հետեւանքներ: Այս բառակապակցությունն է որոշակի մարդկանց մոտ տարատեսակ մեկնաբանությունների խնդիր առաջացնում, բայց կարծում եմ բոլոր իրավաբաններն այն կարծիքի են, որ յուրաքանչյուր մարդու իրավունքի խախտում, որն ամրագրված է Սահմանադրությամբ եւ օրենքով, արդեն իսկ ծանր հետեւանք է:
Արմինե Օհանյան
ՉԿԱՇԱՌՎՈՂՆԵՐ ՁԵՐ ՄԵՋ ՓՆՏՐԵՔ
Ռոբերտ Քոչարյանը դեռ վախենում է ազատ մամուլից: «Ա1+» հեռուստաընկերության փակումն էլ չօգնեց նրան այդ բարդույթից ազատվել: Այսօր, երբ առանց բացառության ողջ հեռուստատեսային դաշտը վերահսկվում է իր ապարատից, նա միեւնույնն է իրեն անվտանգ ու ապահով զգում է առավելապես իրեն նվիրված երեք հեռուստաընկերությունների «լրագրողների» շրջապատում. ի դեպ, հավատարիմների թիվը այս տարի նվազել էր, նախորդ տարիներին այլ «հեռուստալրագրողների» էլ էր պատիվ ընձեռվում մոտիկից ըմբոշխնել Ռոբերտ Քոչարյանին` դարակազմիկ մտքերն արտահայտելիս:
Լրագրող բառը չակերտում եմ գրում, որովհետեւ հարգում եմ այդ մասնագիտության իրական կրողներին, իսկ լրագրողի վկայականով իրենց լրագրող հռչակած հեռուստատեսային եռյակը առնվազն մի քանի անգամ բաց թողեց տրամաբանական ընթացքով առաջացող հարցեր. օրինակ, երբ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ ԼՂ հարցը նախընտրական պայքարում օգտագործելը համարում է անբարոյական, որեւէ մեկի մտքով չանցավ հարցնել, թե արդյոք Ռոբերտ Քոչարյանը այդպես մտածո՞ւմ էր 1998 թվականին, երբ Ղարաբաղի հարցը ոչ միայն «օգտագործվեց» ու շահարկվեց, այլեւ իշխանափոխության առիթ, պատճառ ու պատրվակ դարձվեց:
Որեւէ «լրագրողի» մտքով չանցավ հարցնել, թե օրինակ… այսինքն, շատ բան չհարցրին եւ շատ հարցեր մնացին անպտասխան:
Ինչեւէ: Այսպիսին է լրատվական դաշտը` ամորձատված:
Ռոբերտ Քոչարյանի միայն երեք հեռուստաընկերություններին տված հարցազրույցը նպատակ ուներ ընդգծել, որ ինքը չի պատրաստվւմ թոշակառու դառնալ, որ հեղափոխականները հույսները կտրեն, Ղարաբաղի հարցի լուծմանը սպասող ուժերը եւս, քանի որ ինքը նման նվեր` շահարկելու թեմա, չի մատուցի նախընտրական շրջանում, որ ընտրությունների կեղծիքների մեղավորը ոչ ավել, ոչ պակաս ընդդիմությունն է, իսկ երիկրի պայծառ ապագան կարող են կերտել չորս կուսակցություններ` ԲՀԿ-ն, ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, եւ ՄԱԿ-ը: Եվ քանի որ ընտրական կեղծիքների կառավարման մեքենան իր ձեռքում է, այս հայտարարությունը պետք է դիտարկվի որպես «դոբրո» եւ ուղղակի հրահանգ ընտրությունների արդյունքն ապահովողների համար:
Այժմ ավելի հանգամանալից.
Ռոբերտ Քոչարյանի խոսքից պարզ դաձավ, որ ինքը բացարձակապես չի պատրաստվում պատասխանատվություն կրել 2007 թվականի ընտրական գործընթացի օրինականության համար: Ռոբերտ Քոչարյանն ուղղակի այդ պատասխանատվությունը դրեց քաղաքական ուժերի, եւ մասնավորապես ընդդիմության վրա: Ըստ էության, Քոչարյանը խոստովանեց, որ իրենք կեղծելու են, իսկ ընդդիմությունը, եթե կարող է թող խոչընդոտի, թող անկաշառ հանձնաժողովականներ գտնի: «Եթե դու քաղաքական կուսակցություն ես եւ չունես բավարար քանակի ազնիվ նվիրյալներ, որ հանձնաժողովներում չկաշառվեն, ի՞նչ իրավունքով ես ձգտում երկիր կառավարել»,- հրեշտակային անմեղությամբ հարցնում է Հայաստանի պատմության մեջ թերեւս ամենակոռումպացված իշխանության պարագլուխը: Իսկ «լրագրողները» չհարցրին, թե ո՞վ է մեղավոր այդ կաշառակերների խավի ձեւավորման համար, թե ո՞վ է այդ նույն հանձնաժողովականներին ահաբեկողը, աշխատանքից ու հացի փողից զրկելու թեմայով շանտաժներ անողն ու, ի վերջո, այդ հանձնաժողովականներին կաշառողը: Իսկ այդ, այսպես ասած, կաշառվող հանձնաժողովականները շատ լավ պատկերացնում են, որ եթե անգամ իրենք «չկաշառվեն» եւ ամենայն պատասխանատվությամբ կատարեն իրենց քաղաքացիական եւ կուսակցական պարտքը, դրանով միայն կվտանգեն իրենց կյանքն ու արեւի տակ գոյատեւելու, հաց վաստակելու սահմանադրական իրավունքը, բայց իրենց ազնվության վրա ամենաբարձր վայրից, միեւնույնն է, թքած կունենա ԿԸՀ-ն եւ կհրապարակի այն թվերը, որ հրահանգել են նախագահական նստավայրից/Տես 2005 թվականի նոյեմբերի 27-ի հանրաքվեն/: Չարդարացնելով երբեք ծախվող հանձնաժողովականներին եւ այդ երեւույթը, պետք է ասել, որ դրա համար նույնպես պարտական ենք Ռոբերտ Քոչարյանին եւ իր վարչախմբին: Այդ նրանց «շնորհիվ» են այդ հանձնաժողովականները եւ հասարակության զգալի մասը սկսել առաջնորդվել «շնից մազ պոկելն էլ օգուտ է» գաղափարախոսությամբ: Պնակալեզության, ստորաքարշության եւ ստրկամտության ճահճում Ռոբերտ Քոչարյանը հանկարծ զարմանում է, թե ինչպե՞ս է հնարավոր ընտրություն կեղծել այն դեպքում, երբ ինքն էլ, ընդդիմադիր կուսակցություններն էլ/ խորհրդարանական/ ընտրական հանձնաժողովներում ունեն հավասար թվով՝ մեկական անդամներ։ Հետո էլ պարզվում է, որ արդար ընտրությունների համար պատասխանատու է ոչ այնքան ինքը, որքան ընդդիմությունը. «Ես ավելի շատ պահանջատեր լինելու իրավունք ունեմ եւ իրավունք ունեմ պահանջելու, որ ընտրությունները լինեն ազատ, արդար, եւ կեղծիքներ չկատարվեն»,- ամենայն ցինիզմով հայտարարում է մի մարդ, որի իշխանության տարիներին ընտրակեղծիքների մեխանիզմը հասավ կատարելության հենց իր հովանավորչությամբ, եթե չասենք ուղղակի ղեկավարությամբ, եւ որի օրոք ընտրական գործընթացը սկսեց զուգորդվել ոչ միայն ժողովրդի կամարտահայտման ամենազազրելի ոտնահարման դրսեւորումներով, այլեւ բացահայտ բռնություններով։
Եվ հետո, ընտրական հանձնաժողովների 2000 չծախվելու ենթակա մարդկանց մասին խոսելու փոխարեն լավ կլիներ` Ռոբերտ Քոչարյանը շուրջը նայեր, եւ իր ղեկավարած կառավարության մեջ փորձեր մի 10 հոգի չծախվող, չծախող, չթալանող, ազնիվ մարդ գտներ: Չի գտնի, որովհետեւ ազնիվներ, եթե այդպիսիք եղել են, չեն կարողացել, չեն կարող, եւ չեն կարողանա գոյատեւել Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք` մաֆիայի օրենքներին համապատասխան:
Իսկ ընտրությունների թեման եզրափակենք նրանով, որ այս հայտարարությունն անելով Քոչարյանը ցույց տվեց, որ չի կարդացել Սահմանադրությունը
/ լավագույն դեպքում/, կամ կարդացել է եւ չարամտորեն խուսափում է իր պարտականությունները կատարելուց: Այդ նա է, ըստ Սահմանադրության, արդար եւ ազատ ընտրությունների երաշխավորը: Այլ հարց, որ Ռոբերտ Քոչարյանը թեեւ զբաղեցնում է նախագահի աթոռը, բայց հոգու խորքում իրեն չի զգում նախագահ, հետեւաբար արդար ընտրությունների եւ ընդհանրապես երկրում ընթացող գործընթացների պատասպանատու:
Սույն բացառիկ հարցազրույցում Քոչարյանը իր քաղաքական նախընտրությունների միջոցով կանխորոշեց հաջորդ խորհրդրանում քաղաքական ուժերի հարաբերակցությունը: Խոսելով խորհրդարանական դաշինքների մասին, պարոն Քոչարյանը խիստ զարմանում է, թե ինչպես կարող են մի դաշինքում միասին գործել աջերն ու ձախերը, ՆԱՏՕ-ամետները եւ ռուսամետները: Բայց կրկին, «Արդարություն» դաշինքի մասին դատողություններ անող Ռոբերտ Քոչարյանը իր շուրջը նայելու փոխարեն հեռուն է գնում. իր նկարագրած պատկերը իսկ եւ իսկը երկիրը ղեկավարող կոալիցիոն պատկերն է` աջերով ու ձախերով, ընկերվարներով ու ՆԱՏՕ-ամետներով: Եվ եթե սրանց միավորել է կերակրատաշտակը, ապա ընդդիմության դեպքում` տարբեր գաղափարներ ունեցող կուսակցություններին միավորողը, երկիրը կործանումից փրկելու անհրաժեշտությունն է:
Անահիտ Քոչարյան
Հարցազրույց «Անհնազանդության շարժման» նախաձեռնող խմբի անդամ Մարատ Գրիգորյանի հետ
Ինչ նպատակներ եվ խնդիրներ եք դրել ձեր առջեվ,մասնակցելով «քաղաքական անհնաձանդություն» շարժմանը:
-Այն արժեհամակարգը,որի կրողն եմ ինձ համարում,կցանկանայի տեսնել մեր ազգի սեփականությունը:Արդարության զգացումը,որը մարդուն տալիս է երջանկության զգացողություն,կայանում է ազատության, եղբայրության, հավասարության սկզբունքների գործադրմամբ,որոնք մարդկային ողջ պատմության ընթացքում ապացուցել են իրենց կենսականությունը:Ահա սրանք կցանկանայի չափանիշ դառնան հայ ժողովրդի համար:Այս արժեքների համար ես ամեն դեպքում պետք է պայքարեմ եվ կարող եմ պայքարել ցանկացած շարժման շրջանակներում,որտեղ այս գաղափարները ընդունելի են,տվյալ դեպքում ես մասնակցելով «քաղաքացիական անհնաձանդություն» շարժմանը ունեցել եմ այս ակնկալիքը:
– ինչպես եք տեսնում հայ ժողովրդի առջեվ ծառացած ղարաբաղյան հակամարտության լուծումը:
-Հայ ժողովուրդը դատապարտված է առավել ակտիվ մասանկցություն ունենալ, ոչ միայն ղարաբաղյան հակամարտության,այլեվ տարածաշրջանում առկա բոլոր խնդիրների արդարացի լուծմանը,հաշվի առնելով նաեվ տարածաշրջանում ապրող հարեվան ժողովրդների շահերը:Որքան էլ ցավալի է, որ հայ ժողովուրդն ստիպված եղավ իր զավակների արյան գնով ապացուցել տարածաշրջանում ապրելու իր իրավունքը,հաղթելով հայ-ադրբեջանական հակամարտության ներկա փուլում,միեվնույն է հայությունը ոչ միայն ճանաչում է իր հարեվանների ապրելու իրավունքը, այլեվ պատրաստ է հաշտության եվ արժանապատիվ համակեցության մոդել առաջարկել եվ Ադրբեջանին, եվ հարեվան բոլոր ժողովուրդներին:
-Ձեր պատասխանից այնպիսի տպավորություն է ստեղծվում կարծես Հարավային Կովկասում առկա հակամարտությունների լուծումը կախված է հակամարտող կողմերի բարի կամքից: Դուք բացառու՞մ եք գերտերությունների շահերը եվ ազդեցությունները հակամարտությունների լուծման խնդրում
– Տարածաշրջանում նկատի ունենալով գերտերությունների շահերը եվ ճիշտ գնահատելով դրանց հակադրման կամ համադրման արդյունքում առաջացած հնարավորությունները (լուֆտ) պետք է խնդրի լուծումը բխեցնել հայ ժողովրդի եվ իր հարեվան ժողովրդների շահերից: Ցավոք վերջին 2000 տարում իրականությունը հայ ժողովրդի համար այնպես է դասավորվել, որ Արտաշեսյան դինաստիայի անկումից հետո, հայոց բոլոր թագավորներին նշանակում էր Տիզբոնը եվ հաստատում` Հռոմը:
Հայաստանում իշխանությունների ձեվավորման շուրջ այս երկուսի անհամաձայնությունը աղետալի եվ ծանր հետեվանքներ էր ունենում Հայաստանի եվ հայության համար: իտակցելով որ առայժմս անիմաստ է այս դառը իրականությանը դեմ գնալ չունենալով բավականաչափ ռեսուրսներ, անհրաժեշտ է այս փուլում ունենալ ոչ թե Պերոզների եվ Արտաշիրների նման, այլ Վռամշապուհների, Պապ թագավորների եվ Մլեհների նման ղեկավարներ: Կարծում եմ կարիք չկա սրանից ավել բացել չակերտները` վստահ եմ, որ ընթերցողը կհասկանա թե ինչի մասին է խոսքը