«Հանրապետության նախագահը երկրի ամենատեղեկացված պաշտոնյաներից մեկն է: Եվ ՀՀ նախագահը երկրի քաղաքական իրավիճակի եւ քաղաքական կառույցների ունեցած ազդեցության, հեղինակության ու իրական հնարավորությունների վերաբերյալ տեղեկատվությունը չի ստանում տարբեր տեսակի վարկանիշային աղյուսակներից:
Նա տեղեկատվությունը ստանում է իրական եւ իրատեսական աղբյուրներից, որոնք ասում են, որ Միավորված աշխատանքային կուսակցության քաղաքական ազդեցությունն ու ապագա հնարավոր էլեկտորալ ազդեցությունը ՀՀ բնակչության կողմից կբերի նրան, որ ՄԱԿ-ը ներկայացված կլինի 2007-ի խորհրդարանում»,- երեկ «Ուրբաթ» ակումբում ՄԱԿ-ի նախագահ Գուրգեն Արսենյանն այսպես մեկնաբանեց այն փաստը, որ Ռոբերտ Քոչարյանը ՄԱԿ-ին էլ էր հիշատակել ապագա ԱԺ-ում տեղ գտնելիք ուժերի ցանկում:
ՄԱԿ-ի՝ դեկտեմբերի 19-ի ընդլայնված ժողովում տարածքային 41 կազմակերպությունների ղեկավարներին հանձնարարական է տրվել «բնականոն աշխատանքային ռեժիմից անցնել նախընտրական աշխատանքային ռեժիմի»: «Առավոտի» խնդրանքով պարզաբանելով, թե հատկապես ինչպես է դրսեւորվելու ռեժիմների այդ փոփոխությունը՝ Գուրգեն Արսենյանն ասաց, որ կուսակցական ակտիվի միջոցով հաջորդ 8 շաբաթների ընթացքում տեղեկացնելու են ՄԱԿ-ի «ստանձնած ու իրականացրած պարտավորությունների» մասին: ԱԺ-ում ՄԱԿ-ի գործունեության վերաբերյալ այս հաշվետվությունները տարածվելու են թռուցիկների միջոցով: Ըստ պրն Արսենյանի, այդ թռուցիկներում մեկ էջի վրա հաջորդաբար ներկայացնելու են ՄԱԿ-ի 140 օրենսդրական փոփոխություններից առավել կարեւոր 8-ը:
«ՀԺ»-ի հարցին՝ այդ թռուցիկնե՞րը ժողովրդի համար ավելի ծանրակշիռ կլինեն, թե՞ բաժանվող կարտոֆիլը՝ Գուրգեն Արսենյանն այսպես արձագանքեց. «1 կգ թռուցիկը եւ 1 կգ կարտոֆիլը նույն քաշն ունեն»:
«Առավոտը» նաեւ հիշեցրեց, որ վերջին տարիներին Հայաստանում թռուցիկ բաժանելու համար մարդկանց ձերբակալում են: Սակայն վստահ ենք, որ այս հեռանկարը չի սպառնում ՄԱԿ-ի ներկայացուցիչներին: