Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանական փոխատեղումներ

Դեկտեմբեր 21,2006 00:00

\"\"ՀՀ ոստիկանությունում առաջիկայում մի շարք փոփոխություններ կլինեն՝ ինչպես կառուցվածքային, այնպես էլ կադրային

Իհարկե, առայժմ հստակ չէ, թե դրանք տեղի կունենան մինչեւ այս տարեվե՞րջ, թե՞ Ամանորից հետո: Այսպես, «Առավոտի» տեղեկություններով, հունվարի 1-ից լուծարվելու է ՀՀ ոստիկանության պետավտոտեսչության Երեւան քաղաքի ՊԱՏ բաժինը: Ասում են՝ դա արվում է կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում եւ ոստիկանության համակարգում ամենակոռումպացված օղակն ավելորդ «ռիսկերից» ապահովագրելու համար: Ըստ այդմ, սպասվում է, որ հաջորդ տարվանից գործելու է արդեն ՀՀ ոստիկանության ՊԱՏ գլխավոր վարչություն, որը կազմավորված է լինելու երկու գումարտակներից՝ հանրապետական նշանակության եւ մայրաքաղաքային: Թե ո՞վ է գլխավորելու նորաստեղծ այդ վարչությունը՝ ՀՀ ոստիկանապետի որոշելիք խնդիրն է լինելու: Սակայն ՀՀ ոստիկանության մեր աղբյուրների ասելով՝ ում «դաբրո» տա Գրիշա Սարկիսյանը (ՀՀ նախագահի թիկնազորի ղեկավարը), նա էլ կլինի ՊԱՏ գլխավոր վարչության պետ: Այսօր արդեն այդ պաշտոնում շրջանառվում է երկու անուն՝ ներկայիս ՀՀ ոստիկանության ՊԱՏ վարչության պետ, գնդապետ Իշխան Իշխանյանի ու Երեւանի ՊԱՏ բաժնի պետ, գնդապետ Մարգար Օհանյանի:

Նոր նշանակման են սպասում նաեւ ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում: Ս.թ. դեկտեմբերի 8-ից ի վեր, երբ Սյունիքի՝ արդեն նախկին ոստիկանապետ Աշոտ Ղահրամանյանը նշանակվեց Արմավիրի մարզպետ, Սյունիքի ոստիկանապետի պաշտոնը մնում է թափուր: Այն, ՀՀ ոստիկանապետի հրամանով, առայժմ ժամանակավորապես զբաղեցնում է գնդապետ Գեւորգ Խաչատրյանը: ՀՀ ոստիկանությանը մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ, վերոհիշյալ Գրիշա Սարկիսյանը այս պաշտոնում ցանկանում է տեսնել ՀՀ ոստիկանության Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների ոստիկանապետ, գնդապետ Նվեր Հովհաննիսյանին: 2004թ. ապրիլյան դեպքերի ժամանակ հատկապես իր գլխավորած ոստիկանության բաժին բերման ենթարկված կանանց ու աղջիկներին «մշակելու» հարցում աչքի ընկած այս ոստիկանապետին Սյունիքի մարզային վարչության պետ նշանակելու հարցում շահագրգիռ է նաեւ Գրիշա Սարկիսյանի մտերիմ ընկերներից մեկը համարվող՝ ՀՀ ոստիկանության ՊԱՏ վարչության պետ, գնդապետ ու ծնունդով սյունիքցի Իշխան Իշխանյանը:

Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքներում ոստիկանապետի պաշտոնի վերաբերյալ շրջանառության մեջ են դրվել տարբեր թեկնածուների անուններ, որոնցից մեկը ոստիկանության փոխգնդապետ, նույն ոստիկանության պետի՝ օպերատիվ աշխատանքների գծով տեղակալ Սարգիս Մարտիրոսյանն է: Ըստ մեր ունեցած տեղեկությունների, նրան այդ պաշտոնում նշանակելու համար լոբբինգ է անում ԱԺ պատգամավոր Լեւոն Սարգսյանը («Ալրաղացի Լյովիկը»): Այս պաշտոնում հավանական մյուս թեկնածուն համարվում է Աբովյան քաղաքի ոստիկանության բաժնի պետի՝ օպերատիվ աշխատանքների գծով տեղակալ, փոխգնդապետ Արմեն Պողոսյանը: Մեր աղբյուրների ասելով, հենց նա է ՀՀ ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ցանկալի թեկնածուն այդ պաշտոնում՝ թեկուզ միայն նրա համար, որ ծնունդով մարտունեցի Ա. Պողոսյանը Հ. Հարությունյանի մտերիմներից է։ Ա. Պողոսյանին Էրեբունու ոստիկանապետի հարմար թեկնածու է համարում նաեւ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հայկ Միլիտոնյանը:

Բայց ՀՀ ոստիկանապետ Հայկ Հարությունյանն առայժմ չի շտապում նշանակում անել: Պատճառաբանությունն այն է, թե ոստիկանները զբաղված են ընթացիկ տարվա գործունեության ամփոփմամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել