Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՐԱՔԱՑՆԵԼՈՒ ԷԻՆ՝ ՊԱՏԿԵՐԱՎՈՐ ԱՍԱԾ

Դեկտեմբեր 21,2006 00:00

\"\"Սա ԱԺ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանի մեկնաբանությունն է, որը քաղաքական գործիչներից միակն է, որը ներկա է եղել «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության խորհրդաժողովին:

– Դուք անընդհատ պնդում էիք, թե այդ հավաքում չեն եղել բռնության կոչեր: Մինչդեռ ելույթների սղագրությունը վկայում է, որ Վարդան Մալխասյանը կոչ է արել՝ «զենքով, զինված պայքարով, ապստամբությամբ, ամեն ինչով, ամեն միջոցներ պիտի գործի դնենք, որ ազատվենք այս քողարկված թուրքերից… Արյուն, կրակ թշնամու վրա, բոլոր ձեւերով, բոլոր միջոցներով»: Իսկ Ժիրայր Սեֆիլյանը հայտարարել է. «Ով որ համարձակվի հող զիջել՝ դրա գլուխը ջարդելու ենք, տրաքացնելու ենք», եւ նա էլ է համաձայնել, որ իշխանությունների դեմ պայքարում «միջոցների մեջ խտրականություն չդնենք»: Ինչո՞ւ էիք թյուրիմացության մեջ գցում հանրությանը, նշելով, թե չեն հնչել իշխանությունը բռնի ուժով տապալելու կոչեր:

– Ես ամենեւին էլ թյուրիմացության մեջ չեմ գցել հանրությանը: Ընդհակառակը՝ ես կողմնակից էի, որ ելույթները հրապարակվեն: Եվ ասել եմ, որ եղել են զգացմունքային ելույթներ: Ես այդ արտահայտությունները չեմ դիտում որպես բռնություն գործադրելու կոչեր: «Առավոտն» էլ էր նշել, որ Արա Սահակյանը, Վիկտոր Դալլաքյանը եւ շատ այլ գործիչներ իրենց հրապարակային խոսքում թույլ են տվել նման արտահայտություններ: «Հայ կամավորականների համախմբման» հավաքի բանավոր ելույթներում էլ հնչեցին կոշտ, պատկերավոր արտահայտություններ: Եվ երբ ասել էին՝ «գլուխը ջարդելու ենք, տրաքացնելու ենք», «ներքին թուրքեր»՝ չի նշանակում, որ բառացի է պետք հասկանալ: Ի տարբերություն կենդանական աշխարհի ներկայացուցիչների՝ մարդուն բնորոշ են պատկերավոր արտահայտություններ ընդունելը եւ հնչյունները փոխաբերական իմաստով ընկալելը: Միայն կենդանին է ամեն ինչ ուղղակի իմաստով ընկալում:

Ի վերջո, այդ միջոցառումը չի անցկացվել հրապարակային միջոցառման կարգավիճակով, որի շրջանակներում հնչած բոլոր տեսակետները խնդիր էր դրվում հրապարակայնացնել: Եվ նույնիսկ ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները չէին հրավիրվել, որ դա գնահատվեր որպես փորձ նրանց դրդելու կամ պարտադրելու անօրինական կամ ագրեսիվ գործողությունների:

– Միայն այս ոչ հրապարակային խորհրդաժողովից հետո պարզվեց, որ դեռ այս տարվա հուլիսին էին կամավորականները կոչ-հայտարարություն ստորագրել, դրանից հետո անցած ամիսներին համախոհ ազատամարտիկներ էին հավաքագրել, խմբեր ձեւավորել: Եթե Դուք իշխանությանը մաս կազմեիք եւ տեղեկանայիք, որ նման կառույց կա, որը կիսագաղտնի կազմավորում է ստեղծում, որին մաս են կազմում զենքի հետ կապ ունեցող մարդիկ՝ մի՞թե այս ամենը չէր հարուցի Ձեր՝ առնվազն մտահոգությունը:

– Այո, անշուշտ, մտահոգություն պետք է հարուցի, որ մարդիկ, ովքեր կրծքով Հայրենիք են պաշտպանել, այսօր այդպիսի խորը հակակրանք ունեն գործող իշխանությունների նկատմամբ: Եվ այդ հակակրանքն արտահայտում են ահա այդպիսի կոշտ ու ծայրահեղ արտահայտություններով: Միաժամանակ, չեմ գտնում, որ մարդկանց կարելի է ենթարկել քրեական հետապնդման ինչ-ինչ արտահայտությունների եւ տեսակետների համար: Դա խոսքի ազատության ոտնահարում է եւ անթույլատրելի է: Քրեական պատասխանատվության են կանչում գործողությունների համար: Իսկ բառերի, գնահատականների, հայտարարությունների համար չի կարելի հետապնդել մարդկանց: Ժողովրդավարական երկրում մարդկանց կարելի է եւ պետք է հետապնդել միայն անօրեն գործողությունների համար: Անօրեն գործողությունները որոշակի քայլեր են, իսկ այդ հավաքում առհասարակ խոսք չի եղել այն մասին, որ նրանք խմբեր են ստեղծել: (Ստեղծված խմբերի ու կառույցների մասին տեղեկատվությունը քաղել ենք «Իրավունքի» հրապարակումից, որի թղթակիցն է միայն հրավիրված եղել այդ խորհրդաժողովին.- Ա. Ի.): Թող ապացուցեն, որ նրանք խմբեր են ստեղծել: Այդ մարդկանցից որեւէ մեկի ձեռքում զենք չկար: Եվ եթե եղան զգացմունքային ելույթներ՝ դրանք նրանց հոգեվիճակի վկայությունն էին: Իհարկե, պե՛տք է մտահոգի իշխանությանը: Սակայն նրանց բանտ նետելն այդ մտահոգությունների դրսեւորման ընդունելի ձեւը չի:

– Մենք քննադատում էինք ազգային անվտանգության կառույցին, որ թեեւ 1999-ի հոկտեմբերի 27-ից դեռ շատ ամիսներ առաջ էր Նաիրի Հունանյանը աջուձախ ասում երկրի ղեկավարներին «մորթելու» իր մտադրության մասին եւ համախոհներ հավաքագրում՝ ԱԱՆ-ն չկանխեց այդ ոճրագործությունը: Հիմա, իբրեւ մի մարդ, որն ԱԺ նիստերի դահլիճում էր հոկտեմբերի 27-ին՝ կարո՞ղ եք պատասխանել, մեր քաղաքական իրականության մեջ ընդհանրապես չպիտի՞ մերժվի գլուխ ջարդելով ու զենքով հարցեր լուծելու մոտեցումը, թե՞ ստացվում է, թե այդ ձեւերն ընդունելի են, բայց նայած՝ ով է թիրախը:

– Ո՛չ: Գտնում եմ, որ ներս գցված, չարտահայտված, չդրսեւորված, ինչ-որ ձեւով ելք չստացած այդ կարգի դժգոհություններն իսկապես վտանգավոր են: Եվ դրա համար չափազանց կարեւոր է, որ մարդիկ հնարավորություն ունենան առանց վախի եւ մտահոգվելու պետության կողմից ինչ-ինչ պատիժների ենթարկվելու հեռանկարից՝ արտահայտել սեփական դժգոհությունները: Փակ համակարգն է միշտ ծնում ահաբեկչություն:

Մամուլը շատ ճիշտ արեց, որ հրապարակեց այդ ելույթները: Գիտակցել եք, որ սրանք ամենեւին էլ բռնության կոչեր չեն: Եթե հրապարակած լինեիք բռնության եւ իշխանությունը տապալելու ծրագրեր, ապա միանգամայն հիմնավորված կարող էին փակել թերթը: Կողմնորոշվել եք, որ սրանք կուտակված դժգոհությունների արտահայտում են: Եվ անպայման պետք է հնարավորություն ընձեռել, որ այդ դժգոհություններն արտահայտվեն ու քննարկվեն: Հավատացեք ինձ՝ դա կբացառի այդ դժգոհությունների կուտակումը եւ դրանց անցանկալի պոռթկումների այն ձեւերը, որոնց ծայրահեղ դրսեւորումներն ահաբեկչությունն են: Մենք պետք է այս խավի դժգոհությունները դարձնենք համազգային քննարկման առարկա:

Հ. Գ. Հմայակ Հովհաննիսյանը նաեւ հայտնեց. «Իմ անունից հարցազրույցներ են հրապարակվում «Ազգային միաբանության» մասին: Մինչդեռ ես որեւէ հարցազրույց չեմ տվել, ընդամենն ասել եմ, որ հումորով եմ վերաբերվում Աղասի Արշակյանի ասածներին, որ դրանք անհեթեթություն են, որոնք հրաժարվում եմ մեկնաբանել: Այն, ինչ գրվել է իմ անունից՝ չի համապատասխանում իրականությանը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել