Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿ-Ի ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԱՐԿԸ

Դեկտեմբեր 20,2006 00:00

Կոռուպցիան մի չարիք է, որ չի շրջանցում ոչ մի պետության ու որի թիրախ են դառնում արդյունավետ ժողովրդավարական կառավարման բուն արմատները:

Անցյալ շաբաթ Միացյալ ազգերի կազմակերպությունն անցկացրեց ՄԱԿ-ի նոր հակակոռուպցիոն կոնվենցիայի հարցերով առաջին համաշխարհային համաժողովը: ՄԱԿ-ի ունեցած տվյալներով՝ ամեն տարի աշխարհում մեկ տրիլիոն դոլար կաշառք է վճարվում: Սրանք հսկայական միջոցներ են, որ չեն ուղղվում տնտեսական զարգացմանը: Դեկտեմբերի 10-14-ը Հորդանանում կայացած ՄԱԿ-ի համաժողովին մասնակցում էին կոնվենցիան ստորագրած 140 երկրների ներկայացուցիչները, որոնք միասին քննության առան այն ռազմավարություններն ու ուղիները, որով իրագործվելու է այս նոր համաշխարհային նախաձեռնությունը: Միացյալ Նահանգներն ու Հայաստանը գործընկերներ են այս կարեւոր ձեռնարկում. երկու երկրներն էլ ստորագրել ու վավերացրել են նոր կոնվենցիան:

Կոռուպցիան մի թույն է, որը ներթափանցում է ցանկացած հասարակության արյունատար համակարգ: Ոստիկան, որ փնտրում է վարորդներ, որոնցից կարող է գումար շորթել. դասախոս, որը գումարի դիմաց բարձր գնահատական է նշանակում ծույլ ուսանողին. տեսուչ, որ ստուգում է սոսկ իրեն մեկնված թղթադրամի կապուկը. այս մարդիկ արժեզրկում ու դավաճանում են այն հպարտ հասարակությանը, որին իրենք կոչված են ծառայելու: «Կոռուպցիան վնաս է պատճառում հասարակության բոլոր օղակներին ու առավել շատ վնասում է աղքատներին»,- ասում է հակակոռուպցիոն հարցերով ամերիկյան փորձագետ Էնդրու Հավիլանդը: Եվ մենք բոլորս, երբ աչք ենք փակում այդ երեւույթի նկատմամբ, դառնում ենք մեզնից յուրաքանչյուրի իրավունքների ու բարեկեցության մշտական խաթարման լուռ մեղսակիցներ:

ՄԱԿ-ի հակակոռուպցիոն կոնվենցիան կոռուպցիայի դեմ քայլեր է նախատեսում բազմաթիվ ճակատներում: Կոնվենցիան ստորագրող պետությունները պարտավորվում են կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել ու կոռուպցիոն վարքագծի բազմազան դրսեւորումները որակել որպես քրեորեն պատժելի արարքներ: Դա հիմք կհանդիսանա Միացյալ Նահանգների, Հայաստանի եւ մյուս դոնոր պետությունների համար՝ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում այլ երկրների հետ սերտորեն համագործակցելու: Մենք ակնկալում ենք առավել ակտիվ համագործակցություն ՀՀ կառավարության հետ՝ կոռուպցիայի դեմ համընդհանուր պայքարում ու ողջունում ենք Հայաստանին՝ այս համաշխարհային ծրագրի առաջամարտիկների շարքում տեղ զբաղեցնելու համար:

ՄԱԿ-ի Հակակոռուպցիոն կոնվենցիայի ու կոռուպցիայի դեմ համընդհանուր պայքարի մանրամասներին ծանոթանալու համար այցելեք https://usinfo.state.gov կամ https://www.unodc.org կայքերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել