Լրահոս
Օրվա լրահոսը

«Պուտինը արվեստի սիրահար է»

Դեկտեմբեր 20,2006 00:00

\"\"ՌԴ նախագահի հասցեին ասաց ճանաչված ռուս դաշնակահար Դենիս Մացուեւը

Այսօր «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահում կկայանա Երեւանի պետկոնսերվատորիայի Երիտասարդական նվագախմբի համերգը (գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան), իսկ որպես մենակատար ելույթ կունենա միջազգային ճանաչման արժանացած Ռուսաստանի վաստակավոր արտիստ, դաշնակահար Դենիս Մացուեւը:

Շուրջ մեկ տարվա կենսագրություն ունեցող Երիտասարդական նվագախումբը, երեւանյան համերգներից բացի, ելույթներ է ունեցել Մոսկվայի Չայկովսկու անվան մեծ համերգասրահում, ՌԴ-ում Հայաստանի տարվա միջոցառումների շրջանակում եւ Փարիզի «Opera Garnier»-ում՝ Ֆրանսիայում Հայաստանի տարվա միջոցառումների բացման արարողությանը:

«Առավոտը» զրուցեց Դենիս Մացուեւի հետ:

– Ձեզ հաճախ հանդիպում ենք ռուսաստանյան տարբեր հեռուստաալիքներով եւ, բնականաբար, որոշակի տեղեկություն ունենք ձեր գործունեության մասին: Օրինակ՝ երիտասարդ տարիքին հասցրել եք ելույթ ունենալ Ռուսաստանի եւ արտերկրի լավագույն նվագախմբերի հետ՝ Սվետլանովի, Սպիվակովի, Ֆեդոսեեւի, Կլասսի, Վենզագոյի եւ այլ ճանաչված դիրիժորների ղեկավարությամբ: Հետաքրքիր է, ինչպե՞ս սկսվեց ձեր համագործակցությունը Երիտասարդական նվագախմբի հետ:

– Այս տարվա գարնանը Երիտասարդական նվագախմբի՝ Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայի դահլիճում ունեցած համերգին ինքս էլ ներկա էի: Հիացած էի նվագախմբի ուսանող-երաժիշտների կատարողական բարձր մակարդակով: Հայ ժողովրդի մշակույթի մասին շատ եմ լսել Վլադիմիր Սպիվակովից, ում պարտական եմ ու շնորհակալ երաժշտի իմ կարիերայի համար: Այնպես որ, ձեր նվագախմբի հետ հանդես գալու որոշումը ես ու Սպիվակովը համատեղ ենք ընդունել: Գիտեմ, որ Հայաստանում կան տաղանդավոր պատանի երաժիշտներ, որոնք հանդիսանում են Սպիվակովի հիմնադրամի կրթաթոշակառուներ:

– Գիտենք, որ դուք եք հիմնադրել եւ անցկացնում երիտասարդ տաղանդների «Crescendo» փառատոնը: Չե՞ք պատրաստվում այդ փառատոնում ներգրավել նաեւ հայ երիտասարդ կատարողներին:

– Այն, ինչ առնչվում է երաժշտարվեստի հետ, սիրով եմ կատարում: Օրինակ, դեռեւս 2004-ին Իրկուտսկում կազմակերպել եմ «Բայկալի աստղերը» փառատոնը: Ինչ վերաբերում է 2005թ. ստեղծված «Crescendo»-ին, առայժմ փառատոնն անց է կացվել Սանկտ Պետերբուրգում, բայց արդեն ընթանում են կազմակերպչական աշխատանքներ՝ այն անցկացնելու նաեւ Փարիզում եւ Նյու Յորքում: Սպիվակովի հետ խորհրդակցելով որոշել եմ հայ երիտասարդ երաժիշտներին եւս ընդգրկել փառատոնային ծրագրերում:

– Դուք մշակույթի գծով ՌԴ նախագահին կից խորհրդի անդամ եք: Հետաքրքիր է՝ Վ. Պուտինը իր բազմազբաղ ժամանակից ինչքա՞ն է հատկացնում մշակույթին:

– Այո, ես պատիվ ունեմ լինելու այդ խորհրդի ամենաերիտասարդ անդամը: Վերջերս եմ սկսել աշխատել այնտեղ: Առաջիկա խորհուրդը Վլադիմիր Վլադիմիրովիչը հրավիրելու է 2007թ. մարտին, հետեւաբար չեմ կարող ձեր հարցին լիարժեք պատասխանել, բայց մի բան հաստատ կարող եմ ասել՝ մեր նախագահը արվեստի սիրահար է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել